Հրապարակվեց: Чт, Май 16, 2019
...

Tert.am։ Ինչպես Ելցինն ու Նազարբաևը սկիզբ դրեցին ԼՂ կոնֆլիկտի բանակցություններին, և ինչ տեսք ունեն դրանք այսօր. բանակցային խրոնիկան 1991 թ.-ից մինչ օրս

Տարածել
Tags

Այն բանից հետո, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Արցախը բանակցային սեղան վերադարձնելու Հայաստանի օրակարգի մասին, փորձագիտական ու քաղաքական շրջանակները սկսեցին քննարկել դրա հնարավորությունը բանակցային պատմության տրամաբանության շրջանակներում:

 Tert.am-ը որոշել է անդրադառնալ բանակցային պատմությանն ու ներկայացնել այն ուշագրավ իրադարձություններն ու հայտարարությունները, որոնք տեղի են ունեցել ու հնչել են ավելի քան 25 տարիների ընթացքում:

Արցախյան հիմնախնդրի ներկա փուլի մեկնարկն ընդունված է համարել 1988թ.-ը, երբ ի պատասխան ԼՂԻՄ բնակչության ինքնորոշման պահանջի և խաղաղ ցույցերի՝ Ադրբեջանի տարածքում, մասնավորապես` Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում սկսվեցին կոտորածներ հայերի նկատմամբ:

 1991թ. դեկտեմբերի 10-ին ԼՂԻՄ-ի բնակչությունն անցկացրեց հանրաքվե, որի արդյունքներով ամրագրեց՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն անկախ պետություն է:

Մինչ օրս տարվում են բանակցություններ հակամարտության կարգավորման շուրջ, որոնք ունեցել են տարբեր փուլեր, տարբեր ակտիվություններ:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության բանակցային գործընթացի պատմությունը (1991-2019թթ.)

     Ելցինի ու Նազարբաևի Ժելեզնովոդսկի կոմյունիկեն ու մարած նախաձեռնությունը

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ռազմական գործողությունները դադարեցնելու և խաղաղ բնակչության շրջանում զոհերը կասեցնելու պայմաններ ստեղծելու համար փորձ էր արվում երկխոսություն ստեղծել կողմերի միջև: Այդ գործընթացին մասնակցում էին ու մինչև հիմա էլ մասնակցում են միջնորդ երկրներ:

Առաջին փորձերից մեկը 1991թ.-ին ձեռնարկեցին Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինը և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը դեռևս դեյուրե գոյություն ունեցող ԽՍՀՄ-ի շրջանակներում։

1991թ.-ի սեպտեմբերին Ռուսաստանի և Ղազախստանի նախագահների գլխավորած միջնորդական առաքելությունն այցելեց Ստեփանակերտ, Երևան և Բաքու։ Այցի արդյունքներով սեպտեմբերի 23-ին Ժելեզնովոդսկում ստորագրվեց կոմյունիկե, որով պետք է պայմաններ ստեղծվեին բանակցային գործընթաց սկսելու համար։ Կոմյունիկեն նախևառաջ բարի մտադրությունների հռչակագիր էր՝ առանց դրանց իրագործման որևէ մեխանիզմի, ուստի նախագահների այցից հետո տարվող բանակցություններն ընդհատվում էին ռազմական գործողություններով և շուտով մտան փակուղի:

Հենց այս ժամանակներից էլ առանցքային էր բանակցություններում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցության ու կարգավիճակի հարցը, որի շուրջ կողմերը հակասական դիրքորոշում ունեին: Ադրբեջանական կողմը դեմ էր Ղարաբաղի մասնակցությանը՝ թե՛ որպես առանձին պատվիրակություն, թե՛ որպես Հայաստանի պատվիրակության մաս և թե՛ որպես աշխատանքային խմբի անդամ: Ի դեպ, վերջին տարբերակն առաջարկել էր պաշտոնական Մոսկվան:

Շատ շուտով՝ ԽՍՀՄ գոյության իրավաբանական դադարեցումից հետո Ելցին-Նազարբաև նախաձեռնությունը մարեց։ Կողմերն այդպես էլ համաձայնության չեկան Ժելեզնովոդսկի կոմյունիկեի դրույթների իրականացման կարգի շուրջ:

           Իրանի դերը՝ բանակցային գործընթացում. կյանքի չկոչված հռչակագիր

Առաջին փուլում Ռուսաստանի խաղաղարար նախաձեռնություններն իրականացվում էին «Ժելեզնովոդսկի գործընթացի» շրջանակներում՝ Ղազախստանի հետ համատեղ: Նրանից հետո, երբ «Ժելեզնովոդսկի գործընթացն» աստիճանաբար սպառեց իրեն, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ աշխատանքների ակտիվացման նպատակով 1992 թ. մայիսի 5-ին Ռուսաստանում ստեղծվեց միջնորդական առաքելություն, որը գլխավորեց ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Վլադիմիր Կազիմիրովը:

ԽՍՀՄ փլուզումից հետո հարևան Իրանը ևս առաջին երկրներից էր, որը պատրաստ էր միջնորդական ջանքեր գործադրել՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման տարբերակներ որոնելու համար:

1992 թ. փետրվարին Իրանի արտաքին գործերի նախարար Ալի Աքբար Վելայաթին հակամարտության կարգավորման հարցով բանակցություններ նախաձեռնեց Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև: Նա հայկական ու ադրբեջանական պատվիրակություններին հրավիրեց Թեհրան՝ հետագա խորհրդակցություններն անցկացնելու համար: Հայաստանի նախագահի խորհրդական Վահան Փափազյանի մասնակցությամբ անցկացվեցին մի շարք հանդիպումներ, որոնց արդյունքում մշակվեց 14 կետից բաղկացած հայտարարության նախագիծ: Նախագիծն այդպես էլ վերջնականապես չընդունվեց, որովհետև կողմերը համաձայնության չեկան Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին առնչվող կետի շուրջ:

Պաշտոնական Թեհրանը ձեռնարկեց ևս մի քանի միջնորդական փորձ, բայց ապարդյուն: Իրանի ջանքերով 1992 թ. մայիսի 7-ին Թեհրանում տեղի ունեցավ Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և Ադրբեջանի նախագահի պաշտոնակատար Յակուբ Մամեդովի հանդիպումը, որի արդյունքում ստորագրվեց համատեղ հռչակագիր, որը սակայն կյանքի չկոցվեց, ինչից հետո Իրանը դադարեցրեց միջնորդական գործունեությունը:

          ՄԱԿ-ը չգտավ քիմիական զենքի կիրառման փաստը հաստատող ապացույցներ

1992թ.-ին ակտիվություն էր ցուցաբերում նաև Միացյալ ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ), որի աշխատանքները տեսանելի դարձան ԽՍՀՄ փլուզումից հետո: Մտահոգված լինելով տարածաշրջանում իրավիճակի վատթարացմամբ՝ ՄԱԿ-ը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտի ուղարկեց փաստահավաք առաքելություններ, որոնցից մեկի նպատակն էր ստուգել՝ արդյոք ադրբեջանական կողմի պնդումները, թե իր դեմ քիմիական զենք են կիրառում, համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե՞ ոչ: ՄԱԿ-ի փորձագետների եզրակացության համաձայն՝ «քիմիական զենքի կիրառման փաստը հաստատող որևէ ապացույց խմբին չի ներկայացվել»:

Մեկ տարի անց՝ 1993 թ.-ին ռազմական ակտիվ գործողությունների ժամանակ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մի քանի ամիսների կտրվածքով Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ընդունեց հայտնի չորս բանաձևերը՝ 822, 853, 874, 884, որտեղ խոսվում էր կրակի, ռազմական և թշնամական գործողությունների անհապաղ դադարեցման մասին: Դրանց նպատակն այդ փուլում ռազմական գործողությունները դադարեցնելն էր:

                  Ուղիղ և հեռակա բանակցություններ Ղարաբաղի ու Ադրբեջանի միջև

1992թ.-ը առանձնացել է նաև Ղարաբաղի և Ադրբեջանի միջև ուղիղ բանակցություններով: Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի առաջին ուղիղ կոնֆիդենցիալ շփումները տեղի են ունեցել 1992թ.-ի սեպտեմբերի 5-ին Մոսկվայում այդ տարիներին ԼՂՀ Պետական պաշտպանության կոմիտեի նախագահի խորհրդականի պաշտոնը զբաղեցնող Արկադի Ղուկասյանի և Ռուսաստանի Դաշնությունում Ադրբեջանի դեսպան Հիքմեթ Հաջիզադեի միջև: Սրա նպատակը ռազմական գործողությունները կասեցնելուն միտված, այսպես կոչված, «օպերատիվ կապի» հաստատումն էր:

Մեկ տարի անց՝ 1993 թ.-ին, Ռուսաստանի միջնորդությամբ Մոսկվայում անցկացվեցին եռակողմ խորհրդապահական բանակցություններ Արկադի Ղուկասյանի, Հիքմեթ Հաջիզադեի և Հայաստանի նախագահի անձնական ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանի միջև:

Ադրբեջանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքում իշխանության եկավ Հեյդար Ալիևը, և ուղիղ շփումները շարունակվեցին հեռախոսակապի և ֆաքսի միջոցով:

Առաջին հեռախոսազրույցը տեղի ունեցավ 1993 թ. հունիսի 27-ին՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սաֆար Աբիևի և ԼՂՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի միջև:

1993թ.-ին տեղի ունեցան ևս մի քանի հանդիպումներ և այդ շփումների շնորհիվ Ադրբեջանի և Ղարաբաղի միջև ձեռքբերվեց մոտ տասը պայմանավորվածություն ռազմական գործողությունների սահմանափակման, ժամանակավոր զինադադարի կամ դրա երկարաձգման մասին, որոնք ճանապարհ հարթեցին 1994 թ. մայիսին Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ անժամկետ հրադադարի հաստատման համար։

Չնայած նրան, որ ուղիղ հանդիպումները տեղի էին ունենում բարձր մակարդակով, ձեռք էին բերվել պայմանավորվածություններ, ուղիղ շփումներն ու եռակողմ բանակցությունները տեղի ունեցան մինչև 1997 թ.-ը:

                                    Կնքվեց զինադադարի մասին պայմանագիրը

1994թ. մայիսին Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը կնքեցին զինադադարի մասին պայմանագիր, որը ուժի մեջ է մինչ օրս, թեև պարբերաբար խախտվում է ադրբեջանական կողմից:

Մայիսի 9-ին Լեռնային Ղարաբաղում ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ Վլադիմիր Կազիմիրովը նախապատրաստեց Անժամկետ հրադադարի մասին համաձայնագիրը, որը նույն օրը ստորագրեց Ադրբեջանի պաշտպանության նախարար Մամեդրաֆի Մամեդովը: 1994թ. մայիսի 10-ին Երեւանում համաձայնագիրը ստորագրեց պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, իսկ մայիսի 11-ին` ԼՂ բանակի հրամանատար Սամվել Բաբայանը:

Սա այն կարևոր փաստաթղթերից է, որի տակ Լեռնային Ղարաբաղի ստորագրությունն է:

 

                                        Ինչպե՞ս ձևավորվեց ԵԱՀԿ Մինսկի խումբը

1992թ. մարտի 24-ին Հելսինկիում կայացավ ԵԱՀԽ (Եվրոպայի անվտանգության ու համագործակցության խորհրդակցություն) նախարարների խորհրդի արտահերթ նիստը, որի ժամանակ որոշվեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ հնարավորինս արագ խորհրդաժողով հրավիրել Մինսկում, որը կոնֆլիկտի խաղաղ կարգավորման նպատակով հարթակ կտրամադրեր բանակցելու՝ հիմնվելով ԵԱՀԽ սկզբունքների վրա։

1992թ.-ից ի վեր ղարաբաղյան կարգավորման բանակցություններն ընթանում են Մինսկի խորհրդաժողովի նախապատրաստման և կազմակերպման նպատակով ձևավորված Մինսկի խմբի ձևաչափով: Առաջին համանախագահներն են եղել`

Իտալիան (1992-1993թթ.),

Շվեդիան (1994թ.)

Երկու տարի անց՝ 1994թ.-ի դեկտեմբերին Ռուսաստանի և ԵԱՀԽ/ԵԱՀԿ ջանքերը համախմբելու նպատակով ԵԱՀԽ Բուդապեշտի գագաթնաժողովում որոշում ընդունվեց Մինսկի գործընթացի և Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի հիմնադրման մասին: Այդ տարիներին համանախագահները փոխվեցին՝

Ռուսաստանը և Ֆինլանդիան (1995-1996թթ.),

Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան (1997թ.-ից մինչև այժմ):

1995 թ. փետրվարի սկզբին Ղարաբաղի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին համաձայնագիր կնքվեց: Համաձայնագիրն ուժի մեջ մտավ 1995 թ. փետրվարի 6-ին:

1995 թվականի մարտի 31-ի ԵԱՀԿ ավագների խորհրդի փաստաթղթում առաջին անգամ ԼՂ-ն նշվել է որպես հակամարտության կողմ։

Թեև Ռուսաստանը ՄԽ անդամ էր, դրան զուգահեռ պաշտոնական Մոսկվան շարունակում էր ինքնուրույն էլ միջնորդական ջանքեր գործադրել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ: Այս համատեքստում 1996 թ.-ին ՌԴ արտգործնախարար Եվգենի Պրիմակովն այցելեց Ստեփանակերտ, Երևան և Բաքու՝ ղեկավարների հետ բանակցություններ անցկացնելու նպատակով: Այցի շրջանակներում նախատեսվում էր համատեղ եռակողմ հայտարարության ընդունում, բայց հայտարարությունն այդպես էլ չընդունվեց, որովհետև Բաքուն հրաժարվեց դրանից:

Ավելի ուշ՝ 1997 թ.-ին ստեղծվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունը, որի կազմում մինչ օրս Ռուսաստանն է, Ֆրանսիան ու ԱՄՆ-ն։

                Փուլային ու փաթեթային տարբերակներ՝ բանակցային սեղանին

1997-1998 թթ. բանակցությունները վերսկսելու համար ՄԽ-ն կողմերին առաջարկեց հակամարտության կարգավորման երեք նախագիծ՝ «Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման համապարփակ համաձայնագիր» (1997 թ. հունիս), «Ադրբեջանա-ղարաբաղյան զինված հակամարտության դադարեցման վերաբերյալ համաձայնագիր» (1997 թ. սեպտեմբեր), «Ադրբեջանա-ղարաբաղյան զինված հակամարտության համապարփակ կարգավորման սկզբունքների վերաբերյալ համաձայնագիր» (1998 թ. նոյեմբեր):

Ի սկզբանե ձևավորվել է հակամարտության կարգավորման 2 մոտեցում՝ փուլային և փաթեթային լուծում։ Փուլային լուծման տրամաբանությունը ենթադրում է համաձայնության ձեռքբերում ԼՂ կարգավիճակին չառնչվող հարցերում։ Մինչև 1995 թ.-ի վերջը գործընթացում գերիշխել է այդ մոտեցումը, և հակամարտության կողմերը բանակցել են զինված հակամարտության դադարեցման մասին քաղաքական Մեծ համաձայնագրի կնքման շուրջ, բայց 1995 թ.-ի վերջին բանակցային գործընթացը փակուղի է մտել, ԵԱՀԿ նախարարների խորհրդի որոշմամբ սկսվել են զուգահեռ, ուղիղ բանակցություններ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հատուկ բանագնացների միջև։

1996 թ.-ի դեկտեմբերին ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովում փորձ է արվել բանակցությունները դուրս բերել ստեղծված փակուղուց, բայց այն ավելի է խորացրել փակուղային իրավիճակը, որովհետև ներկայացված հայտարարությունը չի բխել Հայաստանի շահերից: Հայաստանի դեմ է քվեարկել այդ հայտարարությանը, ինչից հետո տեղի է ունեցել դիրքորոշումների կարծրացում:

1998 թ.-ի փետրվարի 4-ին Հայաստանում տեղի ունեցավ իշխանափոխություն։ Հայաստանի նոր ղեկավարությունը որդեգրեց հակամարտության կարգավորման փաթեթային կամ համապարփակ մոտեցում և առանց նախապայմանի բանակցությունները վերսկսելու դիրքորոշում։ Մինսկի խմբի համանախագահները 1998 թ.-ի սեպտեմբերյան այցի ժամանակ ներկայացրել են «ընդհանուր պետության» գաղափարը, որը վերջնականորեն ձևակերպվել է նոյեմբերին ներկայացված առաջարկում։

1999 թ. ապրիլին Մոսկվայում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակներում, այնուհետ Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի 50-ամյա հոբելյանին նվիրված գագաթնաժողովի շրջանակներում տեղի են ունեցել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի առաջին ուղղակի հանդիպումները, որոնք էլ սկիզբ են դրել ամենաբարձր մակարդակով հանդիպումների մի ամբողջ շարքի:

Ռոբերտ Քոչարյանի և Հեյդար Ալիևի հաջորդ հանդիպումները տեղի ունեցան 2001 թ. հունվարի 26-ին և մարտի 4-5-ին Փարիզում Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի մասնակցությամբ:

                 Քի-Վեսթում կողմերը մոտ էին հակամարտության կարգավորմանը

Փարիզյան հանդիպումներին հետևեցին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների բանակցությունները Քի-Վեսթում: Քի-Վեսթի հանդիպումը բացեց ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելը: Դրա նախապատրաստմանն ու անցկացմանը մասնակցեցին նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս երկու համանախագահ երկրների դիվանագետները: Բանակցությունների ավարտին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ Վաշինգտոնում հանդիպեց ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը: Այնուհանդերձ, Քի-Վեսթի բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածությունները չիրագործվեցին:

Այդ փաստաթուղթը կարող էր վերջնական լուծման հանգեցնել, քանի որ բոլոր հարցերին համապարփակ կերպով էր անդրադառնում: Քի-Վեսթում իր համաձայնությունը տալուց հետո վերադառնալով Բաքու՝ նախագահ Ալիևը հետ կանգնեց դրանից: Այսպիսով, Քի-Վեսթի համաձայնագիրը ևս մերժվեց Ադրբեջանի կողմից:

Մադրիդյան սկզբունքներ

2007 թ. նոյեմբերի 29-ին Մադրիդում ԵԱՀԿ Արտգործնախարարների խորհրդի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին պաշտոնապես հանձնվեց կարգավորման հիմնարար սկզբունքների տեքստը, որը հետագայում անվանվեց «մադրիդյան»:

2009 թ. հուլիսի 10-ին Իտալիայի Լ՛Աքվիլա քաղաքում «Մեծ ութնյակի» գագաթաժողովի ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նախագահները համատեղ հայտարարություն ընդունեցին, որտեղ բացահայտվում էին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման՝ միջնորդների առաջարկած հիմնարար սկզբունքների հիմնական դրույթները:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների նախագահների առաջին համատեղ հայտարարությունից հետո Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԱԳՆ-ն հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ ընդգծվում էր աղավաղված բանակցային գործընթացի վերագործարկման, բանակցությունների սեղանին ԼՂՀ՝ որպես բանակցային գործընթացի լիիրավ կողմի վերադարձի և կարգավորման հիմնարար սկզբունքների փոխակերպման անհրաժեշտությունը:

Հետագայում ներկայացվեց Մադրիդյան փաստաթղթի թարմացված տարբերակը, որը պարունակում է համանախագահների վերջին առաջարկությունները ղարաբաղյան հակամարտության հիմնական սկզբունքների ձևակերպման վերաբերյալ։

Հիմնարար սկզբունքները, մասնավորապես, կոչ են անում՝

— նախկին ԼՂԻՄ շրջապատող տարածքների հանձնում Ադրբեջանին,

— Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ, նրա անվտանգության և ինքնակառավարման երաշխիքների տրամադրումով,

— Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցք,

— Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հետագա սահմանում իրավականորեն պարտադիր կամարտահայտման միջոցով,

— Ներքին տեղահանված և փախստականների՝ իրենց բնակության նախկին վայրերը վերադառնալու իրավունք,

— Անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն նաև խաղաղապահ գործունեություն։

Անցնող տարիները հիմնականում ուղված էին սահմանային լարվածությունը մեղմելու աշխատանքներին:

2011թ.-ին Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը հունիսի 16-ին այցելեցին Սանկտ Պետերբուրգ: «Ադրբեջանի և Հայաստանի նախագահներն իրենց պատրաստակամությունն են հայտնել շարունակելու երկխոսությունը` Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջնորդությամբ` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ»,- հայտարարել էր ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը, ինչից հետո Ալիևը հանդես էր եկել ռազմատենչ հայտարարություններով:

Հաջորդ օրն իսկ Ղարաբաղի Չայլու գյուղի մոտ Ադրբեջանի հրամանատարությունն անհաջող փորձ էր կատարել՝ ճեղքելու Ղարաբաղի հետ շփման գիծը: 2011թ.-ին ՀՀ խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկեց «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, որը պետք է ճանապարհ բացեր Լեռնային Ղարաբաղի հետ ռազմաքաղաքական դաշնագիր կնքելու համար: Սակայն նիստը բոյկոտվեց:

2011 թ. մայիսին ազդարարվել էր Ստեփանակերտի նորակառույց օդակայանից առաջին թռիչքի մասին: Սակայն Ադրբեջանը նախազգուշացրեց, որ կկրակի նույնիսկ քաղաքացիական ինքնաթիռների վրա: Նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ կլինի Երևան-Ստեփանակերտ չվերթի առաջին ուղևորը, բայց այդ թռիչքն այդպես էլ չկայացավ:

                                                           Ի՞նչ եղավ Կազանում

Մեկ ամիս անց՝ 2011թ.-ի հունիսի 24-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի նախագահները հանդիպեցին Կազանում: Եռակողմ հանդիպման արդյունքում հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որի մեջ ասված էր, թե «փոխըմբռնում է ձեռք բերվել մի շարք հարցերի շուրջ, որոնց լուծումը նպաստում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքներին հավանություն տալու համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը»։

Մինչ Կազանի հանդիպումը բանակցային գործընթացի միջնորդները՝ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները, հանդես էին եկել լավատեսական հայտարարություններով՝ չբացառելով, որ հանդիպման արդյունքում կարող է Մադրիդյան հիմնարար սկզբունքների համաձայնեցման վերաբերյալ փաստաթուղթ ստորագրվել:

Հանդիպման նախօրեին Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն, մասնավորապես, ասել էր, թե 2001 թվականից ի վեր, սա կարգավորման գործընթացի «հավանաբար, կարևորագույն կետն է», որից սակայն Ադրբեջանը հրաժարվեց:

      Քառօրյա պատերազմի ու ձեռքբերված պայմանավորվածությունների հետքերով

Մինչև 2016թ.-ի ապրիլյան քառօրյա պատերազմը բանակցային շրջադարձեր չեն գրանցվել: Շփման գծում լարվածությունը պահպանվել է, գրանցվել են զոհեր, երկրի ղեկավարները հայտարարություններ են հնչեցրել, տեղի են ունեցել բարձր մակարդակի հանդիպումներ:

2016թ.-ի ապրիլին տեղի ունեցավ քառօրյա պատերազմ: Ապրիլի 6-ին ՀՀ կառավարության նիստում ՀՀ պաշտպանության նախարարը հայտնեց, որ կրակը դադարեցնելու մասին ապրիլի 5-ին Մոսկվայում պայմանավորվել են Հայաստանի և Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետերը:

Քառօրյա թեժ մարտերից մեկ ամիս անց՝ 2016 թ․ մայիսի 16-ին Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները կես տարվա դադարից հետո կրկին նստեցին բանակցային սեղանի շուրջ։ Ամերիկյան նախաձեռնությամբ Վիեննայում կայացած այդ հանդիպման նպատակը ոչ թե կարգավորման բուն բանակցություններն էին, այլ շփումները վերսկսելու, հրադադարն ամրապնդելու ու կողմերի միջև վստահություն ձևավորելու փորձ։ Հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախարարները վերահաստատեցին ՝ «հակամարտությունը չունի ռազմական լուծում»։

Հայտարարության մեջ շեշտվում է հրադադարի մասին 1994 և 1995 թթ․ համաձայնագրերի պահպանման կարևորությունը։ Նշվում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները պայմանավորվել են ամենասեղմ ժամկետներում ավարտին հասցնել ԵԱՀԿ հետաքննությունների անցկացման մեխանիզմի ձևավորումը, ընդլայնել ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի առկա գրասենյակը, ինչպես նաև շարունակել անհայտ կորած անձանց մասին տվյալների փոխանակումը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո։

2016 թ․ հուլիսի 20-ին ռուսական կողմը նախաձեռնում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ևս մեկ հանդիպում՝ այս անգամ Սանկտ-Պետերբուրգում, որի ընթացքում կողմերը վերահաստատում են 2016 թ․ մայիսի 16-ի Վիեննայի գագաթաժողովի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք մինչ օրս կյանքի չեն կոչվում:

Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև երկրորդ հանդիպումն ապրիլյան քառօրյա պատերազմից հետո հոկտեմբերի 16-ին էր՝ Ժնևում:

Հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածել են համատեղ հայտարարություն՝ նշելով, որ Սարգսյան-Ալիև բանակցությունները անցել են կառուցողական մթնոլորտում։

«Նախագահները պայմանավորվել են միջոցներ ձեռնարկել աշխուժացնելու բանակցային գործընթացը և հավելյալ քայլեր նախաձեռնել թուլացնելու լարվածությունը շփման գծում։ Համանախագահները գոհունակություն են հայտնել ուղիղ շփումների համար, ինչը տեղի ունեցավ երկար դադարից հետո։ Համանախագահները մնում են պատրաստ աշխատելու կողմերի հետ՝ հասնելու Ղարաբաղյան հակամարտության խաղաղ, բանակցված լուծմանը։ Որպես հաջորդ քայլ՝ համանախագահներն առաջիկայում կկազմակերպեն աշխատանքային խորհրդակցություններ նախարարների հետ»,- ասում է համատեղ հայտարարության մեջ։

    Բանակցային գործընթացը՝ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո

2018թ.-ին Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունից» հետո իշխանության եկավ Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև տեղի ունեցան ինչպես պաշտոնական, այնպես էլ՝ ոչ պաշտոնական հանդիպումներ:

Առաջին հանդիպումը տեղի էր ունեցել ոչ պաշտոնական միջավայրում. Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Դուշանբե՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին, որտեղ էլ հանդիպել էր Իլհամ Ալիևի հետ:

Ռուսական Россия 1 հեռուստաալիքով հեռարձակվող` Վլադիմիր Սոլովյովի «Москва. Кремль.Путин» հեղինակային հաղորդման ժամանակ հրապարակվել են կադրեր, որոնցում երևում է, թե ինչպես են երկու երկրների ղեկավարները դուրս գալիս նույն վերելակից:

Ինչպես հաջորդ օրերին նշել էր Փաշինյանը, այդ հանդիպման ընթացքում մի քանի կարևոր կետեր արձանագրվեցին․ «Մենք պայմանավորվեցինք պաշտպանության նախարարներին հանձնարարել, որպեսզի նրանք կոնկրետ քայլեր ձեռնարկեն սահմանագծում լարումը նվազեցնելու համար, այսինքն՝ սահմանային միջադեպերը կանխելուն ուղված քայլեր»:

Հոկտեմբերի 19-ին լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Ադրբեջանական կողմի հետ հաստատվել է հուսալի օպերատիվ կապ: Նա ասել է, որ հայ-ադրբեջանական սահմանին և արցախա-ադրբեջանական շփման գծում իրավիճակն աննախադեպ հանգիստ է և դա «նաև Դուշանբեի համաձայնությունների արդյունքն է»։

Երկրորդ ոչ պաշտոնական հանդիպումը տեղի էր ունեցել 2018թ. դեկտեմբերի 6-ին. Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում զրուցել էր Իլհամ Ալիեւի հետ:

«Խոսել ենք գերիների փոխանակման մասին, ցավոք, համաձայնության չենք եկել, բայց քննարկումները կշարունակենք։ Գիտեք, որ իրենք առաջարկել են «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը, բայց մենք այդտեղ խնդիր ունենք: Արցախի իշխանությունների հետ էլ պետք է քննարկենք»,- ասել էր ՀՀ վարչապետը:

Հունվարի 22-ին Դավոսում տեղի ունեցավ Փաշինյան-Ալիև ոչ պաշտոնական երրորդ հանդիպումը:

Հաջորդ օրը՝ «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում Նիկոլ Փաշինյանը նշել է, որ իրենց երեք հանդիպումների քննարկման բովանդակությունը կապված է բանակցային գործընթացի պատմության հետ:

«Քննարկել ենք նաև հնարավորությունները, թե ինչ պայմաններ կան կարգավորման համատեքստում: Ոչ մի կոնկրետ դետալ չենք քննարկել, ընդամենը մտքեր ենք փոխանակել: Սա նաև ինչ-որ առումով մտքեր փոխանակելու, բանակցային գործընթացի ընկալումներին փոխադարձաբար ծանոթանալու հնարավորություն է: Ես ուզում եմ ընդգծել, որ քննարկումների հիմնական առանցքը այն ամենն է, ինչի մասին մենք խոսում ենք նաև հրապարակային»,- ասել է ՀՀ վարչապետը:

Առաջին պաշտոնական հանդիպումը, որ նախաձեռնել էր ԵԱՀԿ Մինսկի խումբը, տեղի ունեցավ Վիեննայում 2019-ին մարտի 29-ին: Այս հանդիպմանը հայկական կողմը ներկայացել էր հետևյալ թեզով՝ Հայաստանը չի բանակցում Արցախի փոխարեն և Արցախը պետք է վերադառնա բանակցային գործընթաց: Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր, որ Ադրբեջանն այս փուլում դրան չի համաձայնել:

Դրանից հետո ղեկավարների միջև հանդիպում տեղի չի ունեցել:

Հոդվածը պատրաստելու համար Tert.am-ը օգտվել է և մեջբերումներ կատարել հետևյալ աղբյուրներից.

ԼՂՀ ԱԳՆ պաշտոնական կայք

ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայք

ՀՀ վարչապետի պաշտոնական կայք

Սուրեն Զոլյանի՝ «Լեռնային Ղարաբաղ. Խնդիր և հակամարտություն» գիրք

Վլադիմիր Կազիմիրովի՝ «Խաղաղություն Ղարաբաղին. Ռուսաստանի միջնորդական առաքելությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ» գիրք

Report of the Secretary-General on the work of the Organization, September 1992

Report the Secretary-General on the work of the Organization, September 1993

Olivier Paye and Eric Remacle. UN and OSCE Policies in Transcaucasia. Contested Borders in the Caucasus, by Bruno Coppieters (ed.)

Հայաստանյան ԶԼՄ-ներ՝ mediamax.am, tert.am

Մեկնաբանություններ