Հրապարակվեց: Чт, Ноя 15, 2018
...

Tert.am:Նախընտրական ցուցակներից մինչև խորհրդարանի ձևավորում. ովքեր և ինչպես են հավակնում կազմել յոթերորդ գումարման Ազգային ժողովը

Տարածել
Tags

 Նոյեմբերի 14-ին հայտնի դարձավ Հայաստանի Ազգային ժողովի՝ դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ ընտրությունների նախընտրական ողջ պատկերը:

Քաղաքական ուժերը օրենքի պահանջով Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրին ընտրություններին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերն ու նախընտրական ցուցակները:

Ըստ այդմ՝ ընտրություններին մասնակցելու է քաղաքական 11 ուժ, որից 2-ը՝ կուսակցությունների դաշինք:

«Իմ քայլը» դաշինքի մաս են կազմում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ու «Առաքելություն» կուսակցությունը:

Դաշինքի հնգյակում են Նիկոլ Փաշինյանը, առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, պատգամավոր Լենա Նազարյանը, փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ու ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը:

«Մենք» դաշինքը, որի մաս են կազմում «Ազատ Դեմոկրատներ» և «Հանրապետություն» կուսակցությունները, ներկայացրել է 144 հոգանոց ցուցակ:

Առաջին համարը «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն է, իսկ հաջորդ 2 համարները «Ազատ Դեմոկրատների» ներկայացուցիչներն են՝ նախագահ Խաչատուր Քոքոբելյանն ու փոխնախագահ Անժելա Խաչատրյանը: 4-րդ համարը արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն է, իսկ 5-րդ տեղում Բորիս Նազարյանն է:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության 175 հոգանոց ցուցակը գլխավորում է կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Նրան հաջորդում է ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը, էներգետիկայի նախկին նախարար Արթուր Գրիգորյանը, պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, 5-րդ տեղում պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն է:

ՀՅԴ նախընտրական ցուցակում ներառված է 152 անձ: Դաշնակցության ցուցակը գլխավորում է Ազգային ժողովում «ՀՅԴ» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

2-րդ համարը ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանն է, 3-րդը՝ Արթուր Խաչատրյանը, 4-րդ համարը ՀՅԴ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանն է, իսկ 5-րդը՝ պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորում է քաղաքական այս ուժի նախագահը՝ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Նրան հաջորդում է սոցիալական ապահովության նախարարի հրաժարական ներկայացրած պաշտոնակատար Մանե Թանդիլյանը, 3-րդ համարում՝ 1in.am կայքի խմբագիր Արման Բաբաջանյանն է, 4-րդ հորիզոնականում՝ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը, իսկ 5-րդ տեղում Տարոն Սիմոնյանն է:

ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորում է պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը:

ՀՀԿ ցուցակը բաղկացած է 125 հոգուց: Ցուցակի 2-րդ համարը արդարադատության նախկին նախարար, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն է, 3-րդը՝ առաջատար վերլուծաբան Դավիթ Շահնազարյանը, 4-րդ և 5-րդ համարներում պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանն ու Արմեն Աշոտյանն են:

«Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության ցուցակը գլխավորում է կուսակցության նախագահ, քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

Ցուցակի 2-րդ համարը Մարիամ Մանուկյանն է, իսկ 3-րդ տեղում է Գևորգ Հովսեփյանը:

«Սասնա ծռեր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում է Վարուժան Ավետիսյանը, 2-րդ տեղում քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն է, 3-րդը՝ Գարեգին Չուքասզյանը:

«Օրինաց երկիր» կուսակցության ցուցակը գլխավորում է կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը: Նրան հաջորդում են նախկին պատգամավորներ Մհեր Շահգելդյանը, Հեղինե Բիշարյանը, Իշխան Խաչատրյանն ու Հայկ Հովհաննիսյանը:

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ցուցակի առաջին համարը Սուրեն Սահակյանն է, 2-րդ համարը՝ Արտակ Կիրակոսյանը, 3-րդը՝ Ռուզաննա Տոռոզյանը, 4-րդը՝ Արեգ Թադևոսյանը:

«Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակը գլխավորում է Լուսինե Հարոյանը:

Ընտրությունների անցկացման կարգը

Նոյեմբերի 26-ից կմեկնարկի նախընտրական քարոզարշավը: 12 օր շարունակ քաղաքական ուժերը հնարավորություն կունենան ներկայացնել իրենց նախընտրական ծրագիրը, պատգամավորի թեկնածուները կհանդիպեն ընտրողների հետ, որպեսզի արժանանան նրանց քվեներին:

Պատգամավորի մանդատներ կստանան այն ուժերը, որոնք հաղթահարել են նվազագույն ձայների շեմը: Կուսակցությունների համար ձայների նվազագույն շեմը 5 տոկոս է, իսկ դաշինքները պետք է հավաքեն ամենաքիչը 7 տոկոս:

Քանի որ խորհրդարանը մերժեց Ընտրական օրենսգրքի բարեփոխումները, արտահերթ այս ընտրությունները կանցկացվեն նախորդ Ընտրական օրենսգրքի կանոններով:

2018թ.-ի յոթերորդ գումարման Ազգային ժողովը կձևավորվի 100 տոկոսանոց համամասնական ընտրական համակարգով՝ բաղկացած երկու աստիճանից՝ համապետական կամ տարածքային:

Ըստ Սահմանադրության՝ Ազգային ժողովն ընտրվում է 5 տարի ժամկետով և պետք է ունենա առնվազն 101 պատգամավոր: Խորհրդարանի կեսը կազմվելու է համապետական ցուցակով, իսկ մյուս կեսը՝ տարածքային, կամ ինչպես ընդունված է ասել, ռեյտինգային ցուցակով: Սահմանադրությունը չի նշում պատգամավորների թվի վերին շեմը, ինչը նշանակում է, որ Ազգային ժողովում կարող է լինել 101-ից ավելի պատգամավոր:

Դա կախված է նրանից, թե խորհրդարանում ինչ եղանակով կձևավորվի այսպես կոչված կայուն մեծամասնությունը: Եթե քաղաքական ուժերից որևէ մեկն ունենա 54 տոկոս ձայն կամ էլ կոալիցիա կազմելու միջոցով մանդատների թիվը լինի 54 տոկոս, ապա կձևավորվի կայուն մեծամասնություն: Իսկ եթե կուսակցություններից մեկը հավաքել է ոչ թե կայուն, այլ պարզ մեծամասնություն՝ 50 տոկոս + մեկ ձայն, նրան բաշխվում են լրացուցիչ պատգամավորական տեղեր կայուն մեծամասնության հասնելու համար:

Եթե ընտրությունների ու հետագա քաղաքական բանակցությունների արդյունքում չի հաջողվում ձևավորել կայուն մեծամասնություն, ապա ընտրություններից հետո՝ 28 օրվա ընթացքում, տեղի է ունենում ընտրությունների երկրորդ փուլը: Այն անցկացվում է երկու կուսակցությունների կամ դաշինքների միջև, որոնք ստացել էին առավելագույն թվով վավեր ձայներ:

Վարչապետի ընտրության կարգը

Խորհրդարանի 54 տոկոս ներկայացվածություն ունեցող քաղաքական ուժը կամ քաղաքական ուժերի կոալիցիան ներկայացնում է վարչապետի իր թեկնածուին: Միաժամանակ, նոր խորհրդարանը 7 տարի ժամկետով կընտրի նախագահ երկրի նախագահ, որն էլ կնշանակի ԱԺ մեծամասնության կողմից ընտրած վարչապետին:

Նորընտիր վարչապետը կձևավորի կառավարություն:

Ընդդիմությունը ԱԺ-ում

Փոփոխված Սահմանադրությամբ խորհրդարանական համակարգում ընդդիմությանը վերապահվել է սահմանադրական ինստիտուտի կարգավիճակ,տրվել են լիազորություններ, որոնք գոյություն չունեին հին Սահմանադրությամբ։

Փոփոխված Սահմանադրությամբ ընդդիմությանը հնարավորություն է տրված մասնակցել հանրային-քաղաքական կարևորագույն որոշումների կայացմանը՝ սահմանադրական օրենքների ընդունում, պետական պաշտոնյաների նշանակում,տրված են նաև նոր վերահսկողական լծակներ հանձնաժողովներում, ունեն հնարավորություն քննիչ հանձնաժողովներ ստեղծելու։

Սահմանադրության 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալներից մեկն ընտրվում է ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների թվից:

Սահմանադրական օրենքի կարգավիճակ ունեցող ՀՀ Ընտրական օրենսգրքով նորմատիվ նախադրյալներ են ստեղծվել խորհրդարանում ընդդիմության նվազագույն ներկայացվածության ապահովման համար՝ Օրենսգրքով նախատեսված որոշակի հիմքերի առկայության պարագայում ամրագրելով քաղաքական փոքրամասնությանը պատկանող պատգամավորների նվազագույն թիվ` ոչ պակաս, քան Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի 1/3-ը: (Ընտրական օրենսգրքի 96-րդ հոդվածի 2-րդ մաս):

Քվեարկության կարգը

Դեկտեմբերի 9-ին ընտրողին տրամադրվելու է մեկ ծրար և 11 քվեաթերթիկ: Ամեն քվեաթերթիկ կպարունակի մեկ կուսակցության և նրա կողմից առաջադրված թեկնածուների մասին տեղեկություն։ Դրա մի երեսին կլինի կուսակցության անվանումը, իսկ մյուսին՝ տվյալ տարածքում այդ կուսակցության կողմից առաջադրված տարածքային կամ ռեյտինգային թեկնածուների անունները:

Արդեն քվեախցիկում ընտրողը կընտրի այն քվեաթերթիկը, որի վրա նշված է իր նախընտրած կուսակցության անվանումը։ Եթե ընտրողն իր ընտրած քվեաթերթիկը առանց նշումներ անելու տեղադրի ծրարում, ապա կհամարվի, որ նա իր ձայնը տվել է միայն քվեաթերթիկում նշված կուսակցությանը և նրա համապետական ցուցակին: Եթե ընտրողը ցանկանում է նաև քվեարկել տվյալ կուսակցության տարածքային ցուցակում առաջադրված իր նախընտրելի թեկնածուի օգտին, ապա քվեաթերթիկի երկրորդ էջում կատարում է համապատասխան նշումը: Արգելված է որևէ նշում անել քվեաթերթիկի առաջին էջում, հակառակ դեպքում քվեաթերթիկը անվավեր կհամարվի:

Քվեաթերթիկն առանց ծալելու ծրարում տեղադրելուց հետո ընտրողը մոտենում է քվեատուփին։ Հանձնաժողովի անդամն առանց քվեարկության ծրարը վերցնելու դրա վրա ամրացնում է ինքնասոսնձվող դրոշմանիշ։ Ընտրողը հանձնաժողովի անդամին է տրամադրում հատուկ կտրոնը, իսկ ծրարը գցում է քվեատուփի մեջ և հեռանում ընտրական տեղամասից։

6-րդ գումարման Ազգային ժողովի կազմը

Վեցերորդ գումարման Ազգային ժողովում, որն արձակվեց իրավունքի ուժով, 2017-ի
ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով խորհրդարանում ներկայացված էր 4 քաղաքական ուժ՝ ՀՀԿ, «Ծառուկյան» դաշինք, «Ելք» դաշինք և ՀՅԴ:

ՀՀԿ-ն ստացել էր 771 հազար 249 ձայն (49.19 %),

«Ծառուկյան» դաշինքը՝ 428 հազար 965 ձայն (27.36 %),

«Ելք» դաշինքը՝ 122 հազար 49 ձայն (7.78%),

ՀՅԴ-ն՝ 103 հազար 173 ձայն (6.58 %):

Հետևաբար ՀՀԿ-ն ստացել էր 55 մանդատ, «Ծառուկյան» դաշինքը՝ 30 մանդատ, «Ելք» դաշինքը՝ 9 մանդատ, իսկ ՀՅԴ-ն՝ 7 մանդատ:

 

Մեկնաբանություններ