Հրապարակվեց: Ср, Янв 09, 2019
...

Oպտիմալացման հարցով Կառավարությունը կարծիք է խնդրել նախարարություններից

Տարածել
Tags

Նախագիծը դեռևս քննարկման փուլում է, և չենք կարող ասել, թե Կառավարության  կառուցվածքի փոփոխության և որոշ նախարարությունների օպտիմալացման հետևանքով ընդհանուր առմամբ քանի հաստիք կկրճատվի.  Tert.am-ի հետ զրույցում ասաց Կառավարության աշխատակազմի ղեկավարի օգնական Նարինե Մնացականյանը:

«Քանի որ նախագիծը դեռևս պատրաստ չէ, քննարկման փուլում է, մենք չենք կարող ասել, թե քանի աշխատող կկրճատվի, ովքեր են ղեկավարելու կից վարչությունները, կամ մյուս հարցերին անդրադառնալ»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու կառավարության նախագծի աշխատանքային տարբերակն է միայն հրապարակվել, ըստ որի՝  նախատեսում է կրճատել նախարարությունների թիվը:

Նարինե Մնացականյանը նաև չպատասխանեց այն հարցին, թե մինչև միավորումը, ովքե՞ր են ղեկավարելու օպտիմալացման ներկայացված նախարարությունները: Նշենք, որ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, նաև Մշակույթի, Սփյուռքի նախարարի պաշտոնակատարներ Լիլիթ Մակունցը և Մխիթար Հայրապետյանը մանդատ են ստացել:

Մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ չի կարող ասել, թե նախագծի ընդունման դեպքում քանի՞ հաստիք կկրճատվի: «Իհարկե, մեկ օրում չեն  կայացվում որոշումները, կառավարությունը կարծիք է խնդրել նախարարություններից, տարբեր գերատեսչություններից, կարծիքները հավաքագրելուց հետո կառավարությունն արդեն կհասկանա՝ ճիշտ որոշո՞ւմ է, արդյունավե՞տ է փոփոխություներ անցկացնելը, թե ոչ, որից հետո պետք է անցնի ընթացակարգերով՝ Կառավարությունը, ԱԺ-ն հաստատի»,-ասաց նա:

Սփյուռքի նախարարությունից ևս Tert.am-ին ասացին, որ որևէ բան դեռևս իրենց հայտնի չէ, ուստի այլ մեկնաբանություններ չեն կարող տալ, և միայն հստակ ինֆորմացիա լինելու դեպքում հանդես կգան հայտարարությամբ:

Նշենք, որ ըստ նախագծի՝ 17 նախարարությունների փոխարեն կլինի 12 նախարարություն, չի լինի առաջին փոխվարչապետի պաշտոնը:  Փոփոխությունների արդյունքում՝ գյուղատնտեսության նախարարությունը կմիավորվի տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հետ, որպես առանձին կառույց չի լինի նաև էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը, այն կգործի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կազմում, այս նախարարությունը նաև կհամակարգի տրանսպորտի ոլորտը: Նոր կառավարության կազմում տրանսպորտն ու բարձր տեխնոլոգիաներն առանձին կգործեն, այն կկոչվի բարձր տեխնոլոգիաների և ռազմաարդյունաբերության նախարարություն: Մշակույթի և սպորտի նախարարությունները կգործեն կրթության և գիտության նախարարության կազմում: Սփյուռքի նախարարությունը կդադարի գործել որպես առանձին կառույց, այն կգործի ԱԳՆ կազմում:

 

Մեկնաբանություններ