Հրապարակվեց: Чт, Июн 20, 2019
...

National Interest թերթը պարզաբանել է, թե ինչու ՆԱՏՕ-ն պետք է զգուշանա ռուսական С-400-ներից

Տարածել
Tags

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ի իր դաշնակիցները պետք է զգուշանան ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրներից, քանի որ դրանք կարող են օգտագործվել որպես տնտեսական պատերազմում պայքարի միջոց, գրում է ամերիկյան National Interest ռազմաքաղաքական թեմաներով թերթը:

Թերթն ընդգծում է, որ համալիրը մի շարք ռազմավարական առավելություններ ունի: Առաջին հերթին՝ թերթը նշում է զենիթահրթիռային համակարգերի վաճառքից ստացված շահույթը. դրանց հավանական և արդեն գոյություն ունեցող գնորդների շարքում են Չինաստանը, Հնդկաստանը, Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Քաթարը: Դա նպաստում է տնտեսության դիվերսիֆիկացմանը և հիմք է ստեղծում զինամթերքի արդիականացման համար:

Երկրորդ պատճառը, ըստ թերթի, Ռուսաստանի՝ որպես սպառազինության առաջնակարգ համակարգերի ստեղծողի համաշխարհային կարգավիճակն ու հեղինակությունն են:

ՆԱՏՕ-ի՝ ռուսական համակարգերից զգուշանալու ևս մի պատճառ է С-400-ների գնորդ երկրների հետ հարաբերությունների հաստատումն ու զարգացումը, քանի որ վաճառելուց բացի գնորդներին պետք է սովորեցնել աշխատել համալիրների հետ և տեխնիկական ծառայություն մատուցել:

Ամփոփելով՝ նշվում է, որ զենիթահրթիռային համալիրը «վտանգ է ներկայացնում» հատկապես «հիբրիդային պատերազմում» օգտագործելու հնարավորության առումով: Որպես հիմնավորում՝ թերթը նշում է, որ դրանց գնումն արդեն ՆԱՏՕ-ում պառակտումներ է առաջացրել, և եթե գործարքն ամբողջությամբ իրականացվի, Մոսկվան համալիրները կտեղակայի դաշինքի տարածքում:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի միջև С-400 համակարգերի մատակարարման շուրջ բանակցությունների մասին առաջին անգամ հայտնի էր դարձել 2016թ.-ի նոյեմբերին, իսկ վաճառքի մասին պայմանագիրը կնքվել էր 2017թ.-ի սեպտեմբերին, ընդ որում՝ ձեռք բերված զենիթահրթիռային 4 միավոր համակարգերի արժեքը 2,5 մլրդ դոլար է կազմել:

Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ առաջին երկիրն է, որը Ռուսաստանից այդ կարգի զենիթահրթիռային համակարգեր ձեռք կբերի:

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ ռուսական համալիրները ՆԱՏՕ-ի համար վտանգ չեն ներկայացնում, և Թուրքիան այդ մասին բազմիցս հայտնել Հյուսիսատլանտյան դաշինքի երկրներին: Նախարարն ընդգծել էր, որ С-400-ների ձեռքբերումը կապված է երկրի օդային տարածությունը պաշտպանելու խիստ անհրաժեշտության հետ:

Մեկնաբանություններ