Հրապարակվեց: Пт, Ноя 09, 2018
...

300.000 եվրո՝ աշխատանքի դիմաց. Ավստրիայում ձերբակալվել է 20 տարուց ավելի հօգուտ ՌԴ-ի լրտեսած նախկին գնդապետը

Տարածել
Tags

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ Ռուսաստանի օգտին լրտեսության համար կասկածվող ավստրիացի նախկին բարձրաստիճան զինվորականը ձերբակալված է, նրա դեմ գործ է հարուցվել: Կանցլերն այս մասին գրել է Twitter-ի իր պաշտոնական էջում:

Կուրցը նշել է, որ առկա տվյալների համաձայն՝ ԶՈւ-ի նախկին գնդապետը հօգուտ Ռուսաստանի լրտեսական գործունեություն է ծավալել 1990-ականներից սկսած ընդհուպ մինչև 2018 թվական:

«Ներկայում դա միայն կասկած է, որը պետք է հետաքննել ու պարզել՝ այն կհաստատվի՞, թե՞ ոչ», — նշել է Կուրցը՝ հավելելով, որ իր կարծիքով՝ կասկածը, այնուամենայնիվ, կհաստատվի:

Հայտնի է նաև, որ Ավստրիան մանրակրկիտ տեղեկություններ է պահանջել Ռուսաստանից ձերբակալված կասկածյալի մասին:

Ինչպես հայտնում է ria.ru-ն, գնդապետին հանձնարարված էր տեղեկություններ հավաքել ավստրիական ռազմաօդային ուժերի, հրետանային համակարգերի, միգրացիոն ճգնաժամի, ինչպես նաև մի շարք բարձրաստիճան զինվորականների վերաբերյալ:

Հայտնի է, որ գնդապետն ամեն երկու շաբաթը մեկ կապ էր հաստատում ռուսական կողմի, մասնավորապես՝ Յուրի անունով մեկի հետ:

Մինչդեռ Kronen Zeitung պարբերականը գրում է, որ արդեն թոշակի անցած գնդապետը Մոսկվայի համար աշխատելու դիմաց 300.000 եվրո  է ստացել: Սակայն աղբյուրը չի մանրամասնում՝ գումարն ամսեկան է վճարվել, թե՝ տարեկան:

Ավստրիայում ՌԴ դեսպանատունն ու արտաքին հետախուզության ծառայությունը հրաժարվել են մեկնաբանել տեղեկությունը:

Հիշեցնենք, որ Ավստրիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Կարին Քնայսլն այս առիթով չեղարկել է իր ռուսաստանյան այցը:

Բացի այդ, այսօր արտգործնախարարություն է կանչվել երկրում ՌԴ դիվանագիտական ներկայացուցիչը: 

Մեկնաբանություններ