Հրապարակվեց: Чт, Мар 07, 2019
...

17-ի փոխարեն` 12 նախարարություն. գործադիրն ընդունեց կառավարության կառուցվածքի փոփոխության մասին նախագիծը

Տարածել
Tags

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր կառավարության նիստին ներկայացրեց կառավարության կառուցվածքային փոփոխությունների մասին նախագիծը:

Ըստ նախագծի՝ նախատեսվում է 17 նախարարությունից ունենալ 12 նախարարություն և ունենալ երկու փոխվարչապետ, չունենալ առաջին փոխվարչապետ:

Այսպիսով, ըստ փոփոխությունների՝ նախարարությունները կլինեն այսպիսին՝

1) Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն,

2) Առողջապահության նախարարություն,

3) Արդարադատության նախարարություն,

4) Արտակարգ իրավիճակների նախարարություն,

5) Արտաքին գործերի նախարարություն,

6) Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն,

7) Շրջակա միջավայրի նախարարություն,

8) Պաշտպանության նախարարություն,

9) Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն,

10) Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն,

11) Էկոնոմիկայի նախարարություն,

12) Ֆինանսների նախարարություն:

Նախատեսվող փոփոխությունների համաձայն, նաև վարչապետի որոշմամբ՝ կառավարության նիստերը կլինեն ոչ միայն մասամբ, այլև ամբողջությամբ դռնբաց:

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն առաջարկեց, որ նախարարությունը կոչվի ոչ թե Բարձր տեխնոլոգիաների, այլ Բարձր տեխնոլոգիական նախարարություն, ինչը ընդունվեց:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն առաջարկեց՝ լինի Բարձր տեխնոլոգիաների զարգացման նախարարություն, և կոչ արեց՝ կառավարության անդամները քննարկեն, բայց վարչապետը նշեց, որ քանի ամիս կար, կարող էին քննարկել:

Վարչապետը կարևորեց այնպիսի նախարարություն ունենալը, որ արդյունաբերություն բառը լինի: «Մեր քաղաքական ուղերձը դա է, որ ունենք բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն»,-ասաց նա:

Այսպիսով, նախագիծը ընդունվեց և կուղարկվի Ազգային ժողով:

Ըստ նախագծի՝ Կառավարության կառուցվածքային փոփոխությունների նախագծի նախնական տարբերակի համեմատ, որը հրապարակվել է 2018 թ.-ի դեկտեմբերի 24-ին, նախարարությունների մասով հետևյալ փոփոխություններն են տեղի ունեցել. Բարձր տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության նախարարությունը նոր նախագծում դարձել է Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն, իսկ Բնապահպանության նախարարությունը՝ Շրջակա միջավայրի նախարարություն:

Նոր նախագծով նաև Տնտեսական զարգացման և Գյուղատնտեսության նախարարությունը կրկին վերանվանվում է և կոչվելու է Էկոնոմիկայի նախարարություն:

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունն ու Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը միաձուլման ձևով վերակազմակերպվում են՝ ստեղծելով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն:

Օրենքի նախագծի ընդունումից հետո նախատեսվում է կառավարության որոշմամբ այս նախարարության ենթակայությանը հանձնել ոչ միայն միավորման արդյունքում համատեղ ենթակայությանը փոխանցված Ջրային կոմիտեն և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, այլև Պետական գույքի կառավարման կոմիտեն:

Մշակույթի նախարարությունը, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն ու Կրթության և գիտության նախարարությունը միավորվում են՝ ստեղծելով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն: Իսկ Գյուղատնտեսության նախարարության ու Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության միացման արդյունքում ստեղծվում է Էկոնոմիկայի նախարարություն:

Սփյուռքի նախարարությունը միանում է վարչապետի աշխատակազմին: Վարչապետի աշխատակազմում ստեղծվելու է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ:

Վարչապետ Փաշինյանն ընդգծեց, որ այս նախագիծը շատ վաղուց քննարկվում է, և կարող են  արձանագրել, որ հիմնականում ընկալված է հանրության շրջանում:

«Մեր հիմնական խնդիրը պետական կառավարման և Սփյուռքի հետ հարաբերությունների արդյունավետությունը բարձրացնելն է, քանի որ այսօր երկու ուղղությամբ խոցեր և պրոբլեմներ ենք տեսնում: Բայց այս ուղղությամբ գնալու ենք հավասարակշռված, հանդարտ գործընթացով, կադրային ջարդ չենք իրականացնելու, կոնսոլիդացվելու են նախարարության աշխատակիցները: Այո, կրճատումներ լինելու են, բայց էվոլյուցիոն տրամաբանությամբ են լինելու, և յուրաքանչյուր աշխատակից իր շանսն է ստանալու, և մաքսիմալ օբյեկտիվ պետք է տեղի ունենա մարդկանց աշխատանքի գնահատումը՝ առանց հարակից պրոցեսների»,-ասաց նա և նշեց, որ ուշադիր պետք է լինեն պետական կառավարման արդյունավետության բարձրացմանը նպատակին հասնելու համար:

Վարչապետը նշեց, որ կրճատումների խնդիրը չեն կարող լուծել փակ աչքերով: «Պետք է վերանայել ընդհանրապես սեփական աշխատանքի որակը, սեփական վարչության բաժնի աշխատանքի որակը, և մենք առաջիկայում նաև ոչ պոպուլյար խնդիր պետք է լուծենք, որ պետական կառավարման համակարգում աշխատեն բարձր որակավորված կադրեր սրանից բխող հետևանքներով: Այսօր ունենք իրավիճակ, որ պետական կառավարման համակարգը մեծ հաշվով գրավիչ չէ բարձր որակավորումների համար, և բարձր պարգևավճարների սկանդալը ծագում է հենց այստեղից, որևէ այլ տեղ պրոբլեմ չկա»,-ասաց նա:

Ըստ վարչապետի՝ նախկինում այլընտրանքային վճարների տարբերակներ են եղել, բայց իրենք չեն կարող գնալ այդ ճանապարհով, հետևաբար քանի որ հեղափոխությունից հետո այդ այլընտրանքային վճարման մեխանիզմները դադարել են,  խնդիր է առաջացել համարժեք օրինական վճարումներ իրականացնել.

«Լավ է, որ այդ պարգևավճարների սկանդալը ծագել է, որովհետև դա շատ կարևոր առիթ է շատ կարևոր խոսակցություն ունենալու համար, թե ովքեր են պետական ծառայողները, ինչ որակավորումներ ունեն: Ես կոչ եմ անում բոլորին այս բոլոր թեմանեը մաքսիմալ բաց և թափանցիկ քննարկել, բայց նաև համբերատար քննարկել»: Նա հավելեց, որ այս գործընթացը չի կարող առաջ գնալ առանց հանրային համաձայնության:

«Կառավարման համակարգն այնպիսին պետք է լինի, որ խնդիրներ լուծի, հետևաբար պետք է աշխատեն առաջատար մասնագետներ և հարիր աշխատավարձ ստանան, բայց դա չի կարող լինել միանգամից, այլ փուլային»,-ասաց նա և նշեց, որ այս պրոցեսի արդյունքում պետք է մնան լավագույնները:

Մեկնաբանություններ