Հրապարակվեց: Пн, Июн 24, 2019
...

Օր 4-րդ. Թբիլիսիում ընդդիմության բողոքի ակցիաները շարունակվել են

Տարածել
Tags

Թբիլիսիի կենտրոնում արդեն 4-րդ օրն է՝ շարունակվում են բողոքի ակցիաները, որոնք սկսվել էին հունիսի 20-ին ՌԴ պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի ելույթի պատճառով, որը ներկա էր եղել Վրաստանում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստին:

 Նիստի մեկնարկից հետո նա նստել էր խորհրդարանի խոսնակի աթոռին և հավաքվածներին ռուսերենով ուղերձ հղել:

Բողոքի ակցիայի մասնակիցները գրոհել էին խորհրդարանի շենքը, մի քանի անգամ փորձել են ներս մտնել: Քաղաքացիները միացել են ընդդիմությանը և պահանջում են կառավարության անդամների՝ խորհրդարանի խոսնակ Իրաքլի Կոբախիձեի և ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականը:

Երկրի արտգործնախարարությունը Թբիլիսիում ցույցերը պետական հեղաշրջման փորձ է անվանել:

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրաքլի Կոբախիձեն Թբիլիսիում ծավալված բողոքի զանգվածային ցույցերի ֆոնին հրաժարական է տվել:

Ընդդիմադիրներն այժմ պահանջում են ՆԳ նախարարի հրաժարականը, ինչպես նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների նշանակում:

Երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երկրում կազմակերպված ցույցերի համար մեղադրել էր Ռուսաստանին, ինչին ի պատասխան ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը վրաց նախագահի հայտարարությունը ոչ պրոֆեսիոնալ էր անվանել՝ նշելով, որ Ռուսաստանի վրա մեղք բարդելու փորձերը խեղաթյուրում են իրավիճակը:

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն իր հերթին հրամանագիր է ստորագրել, որը ռուսական ավիաընկերություններին արգելում է հուլիսի 8-ից սկսած ՌԴ քաղաքացիներին փոխադրել Վրաստանի տարածք:

Նշվում է, որ հրամանագիրն ստորագրվել է Ռուսաստանի և նրա քաղաքացիների ազգային անվտանգության պահպանման նկատառումներից ելնելով և գործելու է ժամանակավոր:

Սույն հրամանագրով տուրօպերատորներին խորհուրդ է տրվում արգելքի գործողության ժամանակահատվածում ուղեգրեր չվաճառել դեպի Վրաստան:

Թբիլիսիում գրանցված բախումներից հետո ձերբակալվածների թվում է նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացի 1995 թ. ծնված Մինաս Մինասյանը, ով սովորում է Թբիլիսիում։ Նախնական տեղեկատվությամբ Մինաս Մինասյանը ծնունդով ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքից է։ Դատարանի որոշմամբ Մինաս Մինասյանը 13 օր կմնա կալանքի տակ։

Մեկնաբանություններ