Հրապարակվեց: Ср, Апр 10, 2019
...

Քոչարյանի կալանքի գործով բողոքի քննությունն ավարտվեց. երկրորդ նախագահը երկար ելույթ է ունեցել

Տարածել
Tags

Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ վերաքննիչ բողոքի քննությունն այսօր ավարտվեց. Խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի ապրիլի 11–ին՝ ժամը 12։30–ին։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ երկորրդ նախագահի փաստաբանական թիմի անդամ Հայկ Ալումյանը։

Փաստաբանը հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանը երկար և մանրամասն ելույթ է ունեցել և նկարագրել 2008թ. նախագահական ընտրություններից հետո երկրում ստեղծված իրավիճակի մասին, որոնք պատճառ են հանդիսացել երկրում արտակարգ դրություն հայտարարելու համար։

«Ելույթների բովանդակությունը տարբեր առիթներով հատված առ հատված ներկայացրել ենք։ Դատարանում չհնչեց մի բան, որի մասին նախկինում չենք խոսել, պարզապես այս դատավորը երբեք չէր լսել այդ փաստարկները»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ մարտի 15-ին առաջին ատյանի դատարանը բավարարել էր Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման ժամանակը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ:

Միաժամանակ դատարանը մերժել էր պաշտպանական խմբի կողմից գրավը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ միջնորդությունը:

Դատարանը հիշյալ որոշմամբ արձանագրել էր նաև, որ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված կաշառքի դրվագով հիմնավոր կասկածը բացակայում է:

Առաջին ատյանի դատարանի այս որոշումը Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը բողոքարկել է Վերաքննիչ դատարան:

Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար:

Մեկնաբանություններ