Հրապարակվեց: Ср, Ноя 29, 2017
...

Քանի գնա, Հայաստանն իր պարտավորություններով ծանրաբեռնվելու է ԵԱՏՄ-ում. հետո դուրս գալն ավելի դժվար է լինելու. Էդմոն Մարուքյան

Տարածել
Tags

ԱԺ «Ելք» դաշինքն առաջին քաղաքական միավորն է Հայաստանում, որը հրապարակային հայտարարությամբ հանդես է եկել և ասել է, որ մենք աջակցում ենք ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման գործընթացին և բանակցային կողմերին կոչ է արել, որ մինչև վերջ քաղաքական կամք դրսևորեն և ստորագրեն, ինչը տեղի է ունեցել: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում այս մասին ասաց ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը:

«ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը շատ լավ է, Հայաստանի պետական շահերից է բխում, բայց դա կապ չունի Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու մեր նախաձեռնության հետ: Եվ էլի հակադրությունների խնդիր կա, այսինքն՝ բա, որ սա եղել է, էլ ինչո՞ւ դուրս գանք: Մենք նման խնդիր չենք տեսնում, որովհետև մենք հնարավորություն ենք ստացել Եվրամիության հետ ավելի խորը համագործակցություն ունենալու, մեր իրավապայմանագրային հենքը հնացած էր, պետք է թարմացվեր ասոցացման համաձայնագրով, բայց չեղավ: Դա թարմացվել է,  հնարավորություններ են մեզ տրված, բայց դա տնտեսական մեր ազատությունների հետ մեծ հաշվով կապ չունի, խոսքն արտաքին տնտեսական կապերի մասին է»,-ասաց Էդմոն Մարուքյանը:
Նրա ձևակերպմամբ՝ այն, որ Հայաստանը պարտավորություններ է ստանձնել, օրինակ՝ տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրությունը բարեփոխելու, Հայաստանում տնտեսական ազատությունները երաշխավորելու, մարդու իրավունքները պաշտպանելու, դատաիրավական բարեփոխումներ անելու, կոռուպցիայի դեմ պայքարելու, դա, ըստ «Ելք»-ի անդամի, իրենք չեն կապում ԵԱՏՄ-ի անդամակցության հետ:
«Մեկ ուրիշ կարևոր հանգամանք. մենք արդեն 3.5-4 տարի է ԵԱՏՄ-ի անդամ ենք, և արձանագրում ենք պրոբլեմներ, մենք այս պրոբլեմները բարձրաձայնում ենք: Բարձրաձայնում ենք և՛ այստեղ, և՛ մեր ռուս գործընկերների հետ՝ շատ հարգալից, հավասարը հավասարի հարաբերություններում, և ուզում ենք, որ դրանք լուծվեն, բայց չեն լուծվել»,-նշեց Էդմոն Մարուքյանը:
Նա կարծում է՝ քանի դեռ այդ վնասները շատ չեն հարվածել Հայաստանի տնտեսությանը, այդ ժամանակ է պետք դուրս գալ: «Այսինքն՝ ի՞նչ, սպասենք, որ մեր քաղաքացիները, որ մեքենաներ են ներմուծում Հայաստան, այնքան թանկանան, որ մարդիկ չկարողանան ներմուծել, նոր մտածենք դուրս գալու մասի՞ն, կամ սպասում ենք առաջնային սպառման ապրանքներն այնքան թանկանան, որ Հայաստանում աղքատության վիճակն ավելի սրվի, սոցիալական վիճակն ավելի սրվի նո՞ր քննարկեն: Ավելին՝ քանի գնա, Հայաստանն իր պարտավորություններով ծանրաբեռնվելու է ԵԱՏՄ-ում: Հետո դուրս գալն ավելի դժվար է լինելու»:
«Ելք» դաշինքի անդամի խոսքով՝ որ օրը, որ «Ելք» դաշինքն ունենա ժողովրդի մանդատը Հայաստանում իշխանություն լինելու, իրենք կբանակցեն ՌԴ գործընկերների հետ, կապահովեն լավագույն պայմանները Հայաստան համար: Լավագույն և ԵԱՏՄ-ից դուրս: «Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերները գոհ կլինեն և Հայաստանի ռազմավարական հարաբերությունները կզարգանան: Այսօրվա հայ-ռուսական հարաբերություններն  անբավարար են: Մեր հարաբերությունները զարգացման շատ մեծ տեղ ունեն, բայց չեն զարգանում: Դրանք կենացների մակարդակում են»,-ասաց Էդմոն Մարուքյանը:

Աղբյուրը՝ Tert.am

Ditaket.info-ն նույնպես հետևել է  ՀՀ-ԵՄ քաղաքական հարաբերությունների զարգացմանը: Իրոք, ինչպես նկատում է Էդմոն Մարուքյանը, «Ելք» դաշինքն առաջին քաղաքական միավորն է Հայաստանում, որը հրապարակային հայտարարությամբ հանդես է եկել և իր աջակցությունը հայտնել ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման գործընթացին, կոչ է անելով բանակցային կողմերին, որ մինչև վերջ քաղաքական կամք դրսևորեն և ստորագրեն համաձայնագիրը: Սակայն նկատել է պետք, որ  դաշինքը պաշտպանել է հենց ՀՀ քաղաքական ղեկավարության նախաձեռնությունը, որը «գործողության մեջ է եղել», երբ  «Ելք» չկար: 

Բայց մեկնաբանվող տեքստի ինտրիգը դա չէ: Այսօր «Ելք» դաշինքը ակտիվորեն քարոզում է ԵԱՏՄ-ից դուրս գալու գաղափարն այն համոզմամբ, որ ԵՄ-ը ՀՀ համար ավելի հեռանկարային  կառույց, տնտեասկան ու քաղաքական զարգացման համար ավելի նպաստավոր միջավայր է, քան ԵԱՏՄ-ն, որի գլխավոր դերակատարը Ռուսաստանն  է:  Գուցե և այդպես է: Սակայն գաղտնիք չէ, որ ԵՄ-ի հետաքրքրվածությունը Հայաստանով և Արևելյան գործընկերության մյուս երկրներով գլոբալ քաղաքական ենթատեքստ ունի,  և նա չի պատրաստվում այդ երկրների համար միայն ստնտու մոր դեր կատարել: Հայ ժողովուրդը  Եվրոպայի ու Ռուսաստանի հետ քաղաքական հարաբերությունների  վիթխարի պատմական փորձ ունի, որը հաստատում է հնուց եկած հայտնի ճշմարտություն: Բարեկամացած /եղբայրացած/ երկրներից ցանկացածը լքում իր բարեկամին /եղբորը/, եթե այդ բարեկամությունը իրեն վնաս է պատճառում: Թե Եվրոպան, թե Ռուսաստանը  մեր հարցում  բազմիցս հաստատել են նաև իրենց /և ոչ միայն իրենց/ քաղաքական շահից բխող հավերժական այդ ճշմարտությունը:

Պր-ն Էդմոն Մարուքյանը հայտնում է Tert.am-ի այցելուներին, որ «Ելք»-ը գիտի ԵԱՏՄ-ից հաշտուբարիշ դուրս գալու ելքի տեղը: Նա  գտնում է, որ երբ իշխանության գան,  «իրենք կբանակցեն ՌԴ գործընկերների հետ, կապահովեն լավագույն պայմանները Հայաստան համար: Լավագույն և ԵԱՏՄ-ից դուրս: «Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերները ,- ասում է նա,-գոհ կլինեն և Հայաստանի ռազմավարական հարաբերությունները կզարգանան»: Մեծարգո պատգամավորը փաստորեն գտնում է, որ  ռուսները  ցավ չեն զգա, երբ ի շահ Եվրոպայի  /իսկ ավելի լայն համատեքստում՝  ի շահ Արևմուտքի/Հայաստանը կլքի ԵԱՏՄ-ն, որի կառուցման վրա Կրեմլը հսկայական եռանդ է ծախսել և որի հետ նա հատուկ հույսեր է կապում:  Քաղաքագիտական լուրջ  տվյալներ չպիտի ունենալ, կանխատեսելու համար, որ Մոսկվան, որը վճռականորեն չի խոչընդոտել ԵՄ-ՀՀ  մերձեցմանը, դա կընդունի որպես  /եթե մեղմ  ասենք/ իր դեմ ուղղված քայլ և ելքականների ոչ մի բացատրություն նրանց համար համոզիչ չի լինի: Ռուսաստանը հսկայական հնարավորություններ ունի մեր դեմ համապատասխան «համարժեք քայլեր» ձեռնարկելու համար: Եվ  դժվար չէ կռահել այդպիսի զարգացումների  ելքը:

Դիվանագիտությունը քաղաքական բարդ խաղերի դաշտ է, և այսօր ՀՀ համար ԵԱՏՄ-ի ու ԵՄ-ի հետ  շահավետ հարաբերությունների  կառուցման շրջան է: Բնութագրական է, որ նույնիսկ նրանք, որքեր պաշտոնապես  մասնակցել են  ՀՀ համար կոմպլեմենտարության /փոխլրացչության/ ուղեգծի  մշակմանը,  Ռուսաստանի և Եվրոպայի հետ հարաբերությունների կարգավորումը տեղավորում են «և-և»  քաղաքական  բանաձևում: ԴԻՏԱԿԵՏ-ը  գտնում է, որ այդ հարցում ՀՀ դիրքորոշումը նման ձևակերպմամբ ներկայացնելը  մեզ հեռու է պահում մեր քաղաքական ուղեգծի գլխավոր իմաստից: Կայքը իր  հիմնադրման առաջին իսկ օրից ունի «Հայաստանը քաղաքակրթությունների խաչմերուկ» բաժին, ընդգծելու և առաջ տանելու այն գաղափարը, որ փոխլրացչության հիմնական քաղաքական իմաստը երկու համակարգերում միաժամանակ գտնվելու մեջ չէ: Պատմությունը մեզ  բացառիկ շանս  է տրամադրել ստանձնելու գլոբալ դաշտի երկու խոշոր կառույցների միջև կամուրջի, կապող օղակի, խաչմերուկի դերակատարությունը: Դա իր մեջ որոշակի քաղաքակրթական առաքելություն պարունակող դերակատարություն է՝ իր բովանդակությամբ ավելի կարևոր ու հարուստ, ավելի հեռանկարային:  Կամուրջի և «և-և»-ի  քաղաքակրթական ու քաղաքական իմաստները տարբեր են: Երկիրը, որը իրեն ներկայացնում է «և-և»-ի ձևաչափում, իրոք կարող է  դուրս գալ դրանցից մեկից: Կամուրջի դերն ստանձնած երկիրը համակարգերից որևէ մեկից դուրս գալու խնդիր իր առջև չի դնում: Հակառակը նա աշխատում է դառնալ այդ համակարգերի հնարավոր կոնֆլիկտների հաղթահարման հարթակ, քաղաքական ստեղծագործության ներուժով առաջադրել այդ համակարգերի շահերի ներդաշնակման տեխնոլոգիաներ: 

Նման  կամուրջի, կապող օղակի ու խաչմերուկի դերը պահանջարկված է, և նույնիսկ արևմտյան քաղաքական գործիչներն են բաց տեքստով այդ մասին խոսում: Մեզ մնում է տեսնել ակնհայտը՝ այդիսի երկրի լավագույն թեկնածուն Հայաստանի Հանրապետությունն է:

Դիտակետի քաղաքական վերլուծաբան  Ալեքսանդր Մանասյան     

Մեկնաբանություններ