Հրապարակվեց: Пн, Ноя 26, 2018
...

Քաղաքական հեղափոխությանը պետք է հաջորդի տնտեսականը, պետք է երկնիշ աճ ունենանք. ԲՀԿ-ն ներկայացրեց 36 քայլ ներառող նախընտրական ծրագիրը

Տարածել
Tags

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ԱԺ արտահերթ ընտրություններին քարոզարշավի առաջին օրը ներկայացրեց 36 քայլից բաղկացած նախընտրական ծրագիրը:

Ծրագիրը ասուլիսի ժամանակ ներկայացրեց ԲՀԿ պատգամավորի թեկնածու, ԱԺ փոխնախագահ  Միքայել Մելքումյանը՝ շեշտելով, որ ծրագրի աշխատանքները տեղի են ունեցել իրենց կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի առաջնորդությամբ, և ինքը հիմա կոլեկտիվ աշխատանքն է ներկայացնում:

Ըստ նրա՝ ծրագրի հիմքում երկու հիմնական սկզբունք է դրվել. «Առաջինը՝ նախորդ մեր բոլոր ծրագրերի նկատմամբ  հետևողական ենք լինելու՝ սկսած 2012-2017թթ. այն հիմնադրույթները, որ որդեգրել է ԲՀԿ-ն, և որոնք չեն կատարվել»,-ասաց նա և նշեց, որ 2-րդ սկզբունքն այն է, որ հետհեղափոխական շրջանում, երբ հանրապետությունում նոր իրավիճակ է ստեղծվել, պետք  է համարժեք արձագանք:

«Իսկ դա այնպիսի քայլերի իրականացումն է, որը երկիրը կտանի ցանկալի իրականության դաշտ, որ մեր քաղաքացիները երազում են, որ ՀՀ-ն կարճ ժամանակում հասնի տարբեր խնդիրների լուծմանը, ոչ միայն սոցիալական, այլ նաև մարդու ազատությունների, իրավունքների, արտաքին մարտահրավերների և առաջին հերթին Արցախի հիմնախնդրի մոտեցմանը, դիմակայությանը և լուծմանը»,-ասաց նա:

Միքայել Մելքումյանը կոնկրետ գերակայությունները նշեց. «Նախ և առաջ երբևիցե երկրի տնտեսական զարգացման հիմնախնդիրները չպետք է հակադրել մարդկանց արդիական սոցիալական խնդիրների լուծմանը, երբ ասում ենք՝ թոշակ, աշխատավարձ բարձրանա, երբեք չպետք է հակադրենք այն մոտեցմանը, թե դե ցույց տվեք՝ որտեղից այդ գումարները, դրանք պետք է հայթայթվեն, և հասցեները, գիտենք, որտեղից:

Մենք գիտենք, թե երկիրը ինչպես պետք է այս ծանր սոցիալ-տնտեսական վիճակից դուրս բերել»,-ասաց նա:

Հաջորդ կետն այն է, որ քաղաքական հեղափոխությանը պետք է հաջորդի տնտեսական հեղափոխություն, և պետք է կտրուկ բեկում մտցնել: «Ոչ թե պետք է խոսել 3-4 տոկոս աճի մասին,  այլ պետք է  երկնիշ տնտեսական աճ ունենաք: Տարեկան ՀՀ պետք է մտնի 2-3 մլրդ դոլար,  որպեսզի ասենք իրար՝ վիճակի մեջ բեկում եղավ»,-ասաց նա:

Հաջորդ սկզբունքը տեխնոլոգիական հեղափոխության ապահովումն է. «Համոզված ենք, որ տնտեսական բեկում չի լինի, եթե տնտեսությունը նոր տեխնոլոգիական մակարդակի չբերենք»,-ասաց նա: Մելքումյանը շարունակեց, որ պետք է ապահովեն ճյուղային կառուցվածքի կտրուկ փոփոխություն տնտեսությունում: «Այսինքն՝ ավանդական արդյունաբերության ճյուղերը մնան իրենց տեղում, բայց կարողանանք տեխնոլոգիական կառուցվածքը փոխել»,-ասաց նա:

Պետք է բարձրանան թոշակ և աշխատավարձ, թեև Մելքումյանը նշեց, որ չափ չեն գրել: «Նվազագույն թոշակի և աշխատավարձի չափ չենք գրել, միայն նշել ենք, որ արժանապատիվ կենսապահովման չափ պետք է ապահովվի»,-ասաց  նա:

Հաջորդ կետը ՓՄՁ-ների զարգացման հիմնախնդիրն է. «Այն ձեռնարկությունները, որոնք տարեկան ունեն մինչև 30 մլն դրամի շրջանառություն, պետք է հարկերից ազատվեն»,-ասաց նա և շարունակեց, որ գյուղական փոքրիկ խանութների տեղը պետությունը պետք է մոռանա, ՀԴՄ-ից բացի այլ հարկեր չդրվեն նրանց վրա:

Նա կարևոր համարեց նաև սոցիալական բնակարանաշինության ծրագիրը: « 60 քառակուսի մետր բնակարանները պետք է առանց կանխավճարների, հիփոթեքային վարկով տրամադրվի, ցածր տոկոսադրույքներով 20-22 հազար դոլարի կարգի լինի, 10 տարիների ընթացքում քառ մետրը 180 000 դրամի սահմաններում լինի, վերանորոգված, այն, ինչ Գագիկ Ծառուկյանն իրականացնում է Աբովյան քաղաքում, հիմքերը դրված են, և այս փորձը դրվելու է ամբողջ հանրապետությունում»,-հայտարարեց պատգամավորը:

Նա շարունակեց, որ կարևորագույն ուղղություն է, որ բոլոր ձեռնարկությունները, որոնք օտարվել են և ներդրում չունեն, պետությունը պետք է պահանջ դնի. «Ասի, որ եղբայր,15-20 տարի է՝ չես կառավարում, նոր ձեռնարկատեր պետք է գտնել, ներդրում անի ու կառավարի»,-ասաց նա:

Միքայել Մելքումյանը նաև նշեց, որ ծրագրում գազի և էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման դրույթ կա, և 3-3,5 դրամ կտրուկ ռեզերվներ կան:

 

Մեկնաբանություններ