Հրապարակվեց: Пт, Ноя 01, 2019
Լրահոս | Հեղինակ Դիտակետ
...

«Փաստ». Շքեղությունների սիրահար վարչապետը. պետբյուջեից կառավարական ամառանոցի վերանորոգման համար հատկացվել է 2 մլն դոլար, նոր մեքենայի համար՝ 540 հազ. դոլար, ինքնաթիռի համար էլ՝ 55 մլն դոլար

Տարածել
Tags

«Երբ Փաշինյանը իշխանափոխություն իրականացնելու հայտ ներկայացրեց, ներկայանում էր նոր իմիջով՝ ցույց տալով, թե ինքը մյուսներից տարբերվում է իր գործունեության թափանցիկությամբ:

Վերջինիս համարյա թե բոլոր գործողությունները լուսաբանվում էին ուղիղ եթերների միջոցով:

Որպեսզի ցույց տա, թե ժողովրդից թաքցնելու որևէ բան չունի, Փաշինյանը նույնիսկ իր ֆեյսբուքյան էջում հրապարակեց ծախսերի ցուցակ, թե ինչ գնումներ են կատարվել շարժման օրերին:

Իսկ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո Փաշինյանը սկսեց ուղիղ եթերներ կազմակերպել նաև ուղղաթիռից, Բաղրամյան 26-ից և կառավարական առանձնատնից, և մարդիկ զարմացած էին, թե վարչապետն ինչպիսի անմիջականությամբ է շփվում ժողովրդի հետ և թաքցնելու ոչինչ չունի:

Մարդկանց հետաքրքրության կենտրոնում մնալու համար Փաշինյանը նաև սկսեց աջ ու ձախ սելֆիներ անել և նկարները տարածել ֆեյսբուքում:

Բայց ինչքան ժամանակն անցնում է, ժողովրդի համար տեսանելի է դառնում, որ Փաշինյանի կառավարությունը այնքան էլ թափանցիկ չի աշխատում հանրության հետ:

Ավելին՝ կառավարությունը հանրությանը ներկայացնում է միայն այն դրվագները, որոնք իրենց ձեռնտու են, իսկ այն որոշումները, որոնք կարող են դժգոհությունների պատճառ դառնալ, գաղտնի են պահվում հասարակությունից:

Թերևս դա է պատճառը, որ միայն մամուլի հետազոտության շնորհիվ են մարդիկ իմանում, որ վարչապետը գաղտնի որոշմամբ բարձրացրել է նախարարների և մյուս բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը, իսկ հանրությանը դրա մասին տեղյակ չի պահվել, քանի որ հասարակ աշխատողները կարող էին հարցադրումներ անել, թե ինչու աշխատավարձի մեծ չափով բարձրացումն իրենց չի հասնում:

Սակայն ամեն ինչ միայն այս դեպքով չսահմանափակվեց: Մամուլում տեղեկություններ շրջանառվեցին, թե պետբյուջեից կառավարական առանձնատան վերանորոգման համար հատկացվել է 2 մլն դոլար, և այդ ամենը կրկին գաղտնի է պահվել հանրությունից:

Որոշ ժամանակ անց էլ պարզվեց, որ Նիկոլ Փաշինյանը 540 հազար դոլարով նոր մեքենա է ձեռք բերել, քանի որ շքեղությունների սիրահար վարչապետ Փաշինյանի համար նախկին իշխանություններից ժառանգություն մնացած զրահապատ Mercedes S 600 W221 մոդելի մեքենան հնացած է:

Իշխանություններին թվաց, թե այս շռայլությունները կարողացան մարսել, հանրության շրջանում դժգոհություն չկա, հիմա էլ աշխատակազմի ղեկավարի խոսքերից պարզ է դառնում, որ իշխանությունները մտադիր են Փաշինյանին սպասարկող նոր ինքնաթիռ ձեռք բերել, որը գնելու համար պետական միջոցներից ծախսվելու է ահռելի գումար՝ 55 մլն դոլար:

Ու ամենահետաքրքիրն այն է, որ իրեն թափանցիկ համարող կառավարությունն այս բոլոր ծախսերը կատարում է գաղտնիության քողի ներքո, որի համար որպես հիմնավորում կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը նշում է, թե դա օրենքի պահանջ է:

Ամենայն հավանականությամբ, կառավարությունը օրենքի վրա հղում է կատարում, որպեսզի խուսափեն հանրությանը ներկայացնել այն փաստերը, թե ինչով են հիմնավորված այդպիսի շռայլ ծախսերը:

Եվ կարելի է պատկերացնել, թե ինչպիսի ելույթներ կունենար ԱԺ-ում ընդդիմադիր Փաշինյանը, երբ բյուջեից այդպիսի ծախսեր արվեին նախկինում:

Պարզապես քարը քարի վրա չէր թողնի:

Կառավարության որդեգրած այս քաղաքականության արդյունքում կասկածներ են առաջանում կապված նաև այն գումարների հետ, որոնք, ըստ Փաշինյանի, տարբեր անձինք վերադարձրել են բյուջե:

Եվ գլխավոր հարցն այն է, թե այդ գումարները ծառայո՞ւմ են ըստ նպատակի, թե՞ դրանք առկա են միայն հայտարարություններում կամ ինչ-որ սառեցված վիճակում են:

Համենայն դեպս, չկա գումարների վերադարձի հետ կապված հանրային վերահսկողության մեխանիզմ, իսկ կառավարությունը շարունակում է շռայլություններ թույլ տալ իրեն այն դեպքում, երբ այդ գումարներով հնարավոր է լուրջ սոցիալական խնդիրներ լուծել:

Իշխանությունը փաստացի դադարել է հաշվետու լինել հասարակությանը, իսկ ժողովրդին սելֆիներ ու նկարած ցուցանիշներ ներկայացնելով՝ ի վիճակի չի լինելու առաջիկայում պահպանել իր վարկանիշը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ