Հրապարակվեց: Пт, Июн 07, 2019
...

«Փաստ». Անձ­նա­կան ամ­բի­ցի­ա­նե­րը պետք է գրպա­նում դնել ու աշ­խա­տել, ոչ թե ամեն անգամ նե­ղա­ցած երե­խա­յի դեմ­քով այս­տեղ ու այն­տեղ բո­ղո­քել. քաղաքագետը՝ Փաշինյանի մասին

Տարածել
Tags

«Հայաստանի և Արցախի իշխանությունների հարաբերությունները նոր երանգներ են ստանում: Դավադիր ուժերի վերաբերյալ հայտարարությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացել է որոշ փակագծեր՝ սլաքներն ուղղելով Արցախ: Նշել է, թե նախորդ իշխանությունների ժամանակ Արցախի ղեկավարությանը բանակցային գործընթացի մանրամասների վերաբերյալ տեղյակ չի պահվել:

«Եթե ինչ-որ մեկը 2019 թվականին համարում է, որ Արցախի իշխանություններն անտեղյակ են եղել բանակցային գործընթացից, առնվազն կարելի է բնութագրել որպես իրականությանը չհամապատասխանող տեղեկություն: Ստեփանակերտի իշխանությունները միշտ լավատեղյակ են եղել, թե բանակցություններում ինչ էր քննարկվում, ինչպես, երբ, և ով ինչ առաջարկություն է արել այդ բանակցությունների ընթացքում: Ես ավելի վաղ ժամանակահատված գնամ. 1992 թ., երբ կարգավորման գործընթացին մասնակցում էին նաև Իրանի ներկայացուցիչները, անգամ նրանք էին մեկնում Ստեփանակերտ ու սեղանի շուրջ նստում Արցախի իշխանությունների հետ:

Այնպես որ, 2019 թ. ասել, որ առաջինը ես եմ ինչ-որ փաթեթ բերել ու ներկայացրել Արցախի իշխանություններին, առնվազն մանկապարտեզային տրամաբանության մեջ է: Փորձեր Լևոն Տեր Պետրոսյանը որևէ մի բան թաքցնել Ռոբերտ Քոչարյանից, կամ նույն Ռոբերտ Քոչարյանը փորձեր ինչ-որ բան թաքուն պահել Արկադի Ղուկասյանից: Նման իրավիճակներ երբեք չեն եղել: Այս մոտեցումը հետագայում ևս շարունակվել է: Հիմա եթե ինչ-որ մեկն ուզում է արհեստական լարվածություն ստեղծել Երևանի և Ստեփանակերտի միջև, ապա պետք է հասկանա, որ այդ ճանապարհին Արցախում դավադիրներ ման գալն առնվազն մանկամտություն է»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը:

 Նա շեշտեց լարվածության խորացման հետևանքներից խուսափելու անհրաժեշտության մասին. «Արցախում մարդիկ գործի մարդիկ են, իսկ այնտեղի գեներալները կաբինետային գեներալներ չեն՝ ի տարբերություն Հայաստանի շատ գեներալների: Մեծ հաշվով՝ թող մտածի, հետո խոսի և չփորձի ավելի ու ավելի խորացնել, բարդացնել առկա լարվածությունը»:

Նա ընդգծեց, որ տարբեր ոլորտներում շատ ու շատ հարցեր ու խնդիրներ կան: «Եվ այդ խնդիրների պարագայում եթե մարդը մտածում է ու մտածում է հեռանկարային, ապա պետք չէ անձնական ամբիցիաներն ամեն ինչից վեր դասել: Անձնական ամբիցիաները պետք է գրպանում դնել ու աշխատել, ոչ թե ամեն անգամ նեղացած երեխայի դեմքով այստեղ ու այնտեղ բողոքել: Եկեք աչքներս չփակենք ու ընդունենք այն, ինչ հիմա է կատարվում: Խոսքն այն մասին է, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է Արցախում ղեկավարություն փոխել, ինչը նման է հրաման կատարելուն, որը տրվել է ամերիկաներից դեռ մարտ-ապրիլ ամիսներին: Բայց չի նշանակում, որ ամեն մի հրաման պետք է կատարել, որոշակի թելադրանքներին պետք է ո՛չ ասել»,-ասաց նա՝ ընդգծելով նաև Ադրբեջանի հետ կոշտ խոսելու անհրաժեշտության մասին:

«Կոշտացրու խոսելաձևը, համանախագահների հետ՝ ևս: Պահանջ դիր, վերջնագիր ներկայացրու: Այդպիսին է քաղաքականությունը»,-շեշտեց նա»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ