Հրապարակվեց: Вт, Мар 12, 2019
...

Փաշինյանը կարևորագույն նպատակ է համարում Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջ քաշվող սկզբունքների ու տարրերի պարզաբանումը

Տարածել
Tags

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առաջիկա բանակցային գործընթացի կարևորագույն նպատակը պետք է լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջ քաշվող 3 սկզբունքների և 6 տարրերի պարզաբանումը:

ՀՀ վարչապետն այս մասին ասել է Ստեփանակերտում Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստի ընթացքում ունեցած ելույթում:
«Կարևորագույն հարցը, որին անհրաժեշտ է պատասխանել, հետևյալն է՝ իսկ Հայաստանի կառավարություն ընդունո՞ւմ է արդյոք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջ քաշվող 3 սկզբունքները և 6 տարրերը՝ որպես բանակցային գործընթացի հիմք: Սա իսկապես կարևորագույն հարց է, բայց այս հարցին ի պատասխան մենք կարիք ունենք կարևոր պարզաբանումների: Իսկ ի՞նչ կարող են նշանակել այդ սկզբունքները գործնականում, և ո՞ւմն է դրանք մեկնաբանելու իրավունքը: Սա կարևոր է, որովհետև այն, ինչպես այդ սկզբունքները մեկնաբանում է Ադրբեջանը, մեզ համար անընդունելի  է: Մենք, իհարկե, կարող ենք հանդես գալ այդ սկզբունքների սեփական մեկնաբանությամբ, բայց դա անիմաստ է, որովհետև մեր նպատակը ոչ թե լեզվակռիվն է, այլ արդյունավետ բանակցային գործընթացը: Եվ հետևաբար, բանակցային գործընթացի հիմք պետք է դառնան տարընթերցումների տեղիք չտվող արձանագրումները: Բայց համանախագահների կողմից առաջարկված սկզբունքները, տարրերը, ինչպես արդեն նշեցի, վերջին 10 տարիներին ամենատարբեր և ամենատարածական մեկնաբանությունների տեղիք են տվել, և հետևաբար, առաջիկա բանակցային գործընթացի կարևորագույն նպատակը պետք է լինի այսպես ասած հիմնական հասկացությունների՝ 3 սկզբունքների և 6 տարրերի պարզաբանումը, և մենք պատրաստ ենք նաև այսպիսի խոսակցության»,- ասել է Փաշինյանը:
Նրա խոսքով՝ կարևորագույն խնդիր է նաև ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելը: ՀՀ վարչապետը հարկ է համարել  ընդգծել, որ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելը չի կարող լինել բանակցություններում ներգրավված կառավարություններից որևէ մեկի առանձին խնդիրը, և դա համատեղ աշխատանք է: «Նկատի ունեմ, օրինակ, ադրբեջանական հանրությանը խաղաղության նախապատրաստելը ոչ միայն Ադրբեջանի, այլև Հայաստանի իշխանությունների մասնակցությամբ պետք է տեղի ունենա: Հենց այս գիտակցումն էր, որ ինձ ստիպեց 2018թ. աշնանը Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հանդես գալ մեր իրականության համար, ըստ էության, աննախադեպ մի հայտարարությամբ՝ ասելով, որ Ղարաբաղի հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար: Սա իմ ներդրումն էր ոչ միայն Հայաստանի ու Արցախի, այլև Ադրբեջանի ժողովրդին խաղաղության նախապատրաստելու գործում: Ցավոք, Ադրբեջանի նախագահի կողմից մենք համարժեք հայտարարություններ, քայլեր չենք տեսնում: Չնայած սրան՝ պատրաստ եմ շարունակել երկխոսությունը ոչ միայն Ադրբեջանի նախագահի, այլև Ադրբեջանի ժողովրդի հետ, որովհետև համոզված եմ՝ Ադրբեջանի ժողովուրդը խաղաղասեր է նույնքան, որքան Հայաստանի ժողովուրդը, որքան Արցախի ժողովուրդը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Մեկնաբանություններ