Հրապարակվեց: Вс, Май 17, 2015
...

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՀԱՅՈՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ։ ՎԵՐԱԻՄԱՍՏԱՎՈՐՄԱՆ ՓՈՐՁ

2015 թ. ապրիլի 24-ին հայ ժողովուրդը խոնարհումով խնկարկեց Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակը: Այդ օրը մեզ հետ էր ողջ առաջադեմ մարդկությունը, որի համար 1915 թվականը և ապրիլի 24-ը դարձել են մարդկության դեմ անմենածանր հանցագործության` ցեղասպանության դատապարտման ու կանխարգելման խորհրդանիշեր: 1915-ից տասնամյակներ առաջ Օսմանյան կայսրության և  դրանից հետո հանրապետական Թուրքիայի կողմից  իրագործած Եղեռնը  հայ  ժողովրդի  մոտ մնում է  որպես վերք, որը  չի  սպիանա, եթե  հանցագործը  չարժանանա համընդհանուր դատապարտման, եթե նա չապաշխարի ու հայերին չվերադարձնի այն, ինչը նրանցից  խլել  է  դավադիր սպանությամբ: Ցեղասպանության շուրջ լռության տասնամյակներից հետո ծանրագույն այդ  հանցագործությունը,  համեմատաբար նոր է դարձել քաղաքական բաց քննարկումների  առարկա: Իրենց բացահայտմանն են սպասում ոճրագործության բազմաթիվ մութ էջեր, իրենց նոր մեկնաբանությանն են սպասում համամարդկային աղետի արդեն իսկ հայտնի փաստեր: Հանրության ուշադրությունն ենք հրավիրում դրանցից  մի  քանիսի վրա`  համառոտ  դիտարկումների  ձևով: Սույն վերլուծության հիմնական եզրակացությունները բխում են այն դրույթից, որ լայնորեն շրջանառվող և  հանրային ընկալումը կաղապարող «Օսմանյան կայսրությունում  հայոց  ցեղասպանությունր 1915-1923 թթբանաձևը չի համապատասխանում մարդկության դեմ գործած այդ հանցագործության  փաստական ու քաղաքական բովանդակությանը:

 

«Օսմանյան կայսրությունում  հայոց  ցեղասպանությունր 1915-1923 թթ.»  բանաձևը չի արտացոլում ոճրագործության աշխարհագրությունը

Քննարկվող ձևակերպումը ոճիրը  աշխարհագրորեն կապում է միայն  և  միայն  Օսմանյան  կայսրության հետ հակառակ  հանրահայտ  ու  անհերքելի այն փաստի, որ թուրքերը թե սուլթանի օրոք, թե նրան իշխանությունից հեռացնելուց հետո հայերի բնաջնջման քաղաքականությունը առաջ են տարել կայսրության սահմաններից դուրս` Իրանի հյուսիս-արևմտյան շրջաններում,   Նախիջևանում և Արևելյան  ԱնդրկովկասումՓաստի շրջանցումը  բացատրություններ ունի:

Տասնամյակներ շարունակ  Արևմուտքը  աշխատում էր իր ռազմավարական դաշնակից Թուրքիային ազատել XX դարի սկզբին  գործած հացանքի մեղքից՝ այն  բաժին թողնելով պատմությունը  լքած  Օսմանյան Կայսրությանը: Փաստն  անտեսում էր  նաև խորհրդային Մոսկվան, որը “կարմիր  հեղափոխությունը” մահմեդական արևելք  արտահանելու իր ծրագրերում  Թուրքիայի ու Խորհրդային Ադրբեջանի  համար  նախատեսել էր Արևելքում հեղափոխության ջահակիրների դերակատարությունը: XX դարի վաթսունական թվականներին, երբ արդեն հանված էր թեմայի արծարծման տաբուն,  Մոսկվան հանդուրժեց «Օսմանյան կայսրությունում հայոց ցեղասպանությունը 1915-1923 թթ  բանաձևի շրջանառումը՝ խստագույնս հետևելով, որ անդրադարձներ չլինեն Նախիջևանում և Արևելյան Անդրկովկասում հայկական կոտորածներին, որոնց հիշատակումները պիտի խանգարեին  հայերի ու  ադրբեջանցիների, «լենինյան բարեկամության» մասին  քաղաքական դիցաբանության ներդրմանը: Այսպես են ոճիրի հանցակազմից դուրս մնացել  1918 թվականին Հարավային Կովկաս խուժած  թուրքական կանոնավոր բանակի և տեղի թուրքերի կողմից երկրատարածքի հայության կոտորածները:  Այդպես է այդ ոճիրն  անտեսող  «Օսմանյան   կայսրությունում հայոց ցեղասպանությունը 1915-1923 թթ  բանաձևն ամրագրվել տեղեկատվական հոսքերում ու գրականության մեջ:

Այսօր, երբ եվրոպական տերությունները հայոց ցեղասպանության ճանաչումը դարձրել են Թուրքիայի հետ իրենց հարաբերությունների կարգավորման պայման, այլևս աններելի  է լռության մատնել, որ հայերի Եղեռնը Արևմտյան Հայաստանում, Նախիջևանում և Արևելյան Անդրկովկասում նույն ցեղասպանության տարբեր փուլերն են Նույնն է ոճրագործը, նույնն է զոհը[i]: Ակնհայտ այդ  փաստն  անտեսվում է,  երբ  այն կարող է լինել ցեղասպանության ճանաչման հարցում Թուրքիայի ժխտողական քաղաքականության քողազերծման գլխավոր փաստարկը: Եվ ահա թե ինչու:

Մինչ  օրս Եղեռնի ուրացման թուրքական  փաթեթի  հիմնական  փաստարկը, որով  Անկարան  հակադարձում  է  ներկայացվող  մեղադրանքին,  այն  է, թե  իբր  թուրքերը  չեն  ունեցել ցեղասպանության  կանխապես  մտածված  ծրագիր, բայց տեղահանել  են հայերին  պատերազմի մեջ  գտնվող  Օսմանյան  Կայսրության  նկատմամբ  նրանց  անհուսալիության  պատճառով: Տարհանված  հայերի  քարավանների  հետ  ճանապարհին «խաժամուժի»  հարձակումների  հետևանքով  պատահած «դժբախտ  դեպքերը»,  ինչպես  պնդում  է  պաշտոնական  Անկարան, ցեղասպանություն  որակել  չի  կարելի:

Հայերի կոտորածները  Նախիջևանում  և  Արևելյան  Անդրկովկասում այդ  կեղծիքը   քողազերծում  են  անառարկելի  ձևով:  1918 թվականին  ոչ  թե  թուրք  ու   քուրդ   խաժամուժը, այլ  թուրքական  կանոնավոր  բանակն է  Բաքու  տանող  ամբողջ  ճանապարհին  հրկիզել  հայկական բնակավայրեր  ու  կոտորել   դրանց  խաղաղ բնակիչներին, և հետո  նույնը արել է Բաքվում: Բազմաթիվ վկայություններով ու  փաստաթղթերով հաստատված այդ փաստը տեղահանությունների  “հիմնավորման” թուրքական  թղթապանակում  տեղ  չի  թողնում հայերի  անհուսալիության  մասին  կեղծ  դրույթի  համար: Նախիջևանում և Արևելյան Անդրկովկասում իրենց պապենական  հողերում  դարեր  ի վեր  ապրող հայերը  Օսմանյան կայսրության քաղաքացիներ  չեն  եղել  որպեսզի անհուսալի որակվեն  և ոչ էլ որևէ  վտանգ են ներկայացրել կայսրության կամ Թուրքիայի  համար: Նրանց  չեն տեղահանել, այլ կոտորել են տեղում միայն այն  բանի  համար, որ նրանք  հայ  են:

Երկրորդ դիտարկում

1923 թվականին Թուրքիայում վերջ չի դրվել ցեղասպանության քաղաքականությանը, ինչպես դա ներկայացված է «Օսմանյան կայսրությունում  հայոց   ցեղասպանությունը 1915-1923 թթ.»  բանաձևում

Մեկ այլ խնդիր է Եղեռնի ժամանակային սահմանների  հստակեցումը: 1915-ի  ապրիլի 24-ը  Եղեռնի զոհերի հիշատակման խորհրդանշական  օր է  և այն հայասպանության   թուրքական քաղաքականության  սկիզբը չէ, ինչպես  դա ներկայացվում  է խնդրո առարկա բանաձևում: Կայսրությունում հայկական ջարդերը սկսվել են 1915-ից  տասնամյակներ առաջ: 1915-ը` ցեղասպանական  ամենադաժան  արարքների  տարին,  ժողովուրդն  առանձնացրել  է որպես  Մեծ  Եղեռնի/Մեծ Ցեղասպանության տարի:

Սակայն թուրքական հանցագործության  քաղաքական  բովանդակությունը  ավելի  շատ  խեղաթյուրում  է  ոչ  այնքան  1915-ը  դիտավորությամբ կամ վրիպումով  ցեղասպանության  սկիզբ  համարելը, որքան  այդ  քաղաքականության  ժամանակային  սահմանափակումը 1923-ով՝ Օսմանյան Կայսրության  պատմության  ավարտով (Մենք դրանով նոր բան չենք ասում: Թեմային նվիրված գրականության մեջ այդ հանգամանքին բազմաթիվ անդրադարձներ են եղել:  Ջոն Կիրակոսյանը փաստը ավելի ընդգծելու համար այն ամրագրել է  իր ` “Երիտթուրքերը պատմության դատաստանի առաջ (1915-ց մինչև մեր օրերը” (Երևան, 1983)   գրքի վերնագրում և նրանում առանձնացրել հատուկ գլուխ`»Օսմանյան կայսրությունը խորտակվեց : Հայասպանությունը շարունակվեց»: Զարմանալի է, որ պաշտոնական մեր փաստաթղթերում տեղ գտած ձևակերպումներն ու բանաձևումները շրջանցում են այդ  իրողությունը):  Կատարված  ոճիրը  համաշխարհային  պատմությունից դուրս   մղելու, հանցագործության   ուրացման  մինչ օրս  շարունակվող  փորձերը, Եղեռնի  զոհերի  ինչքի սեփականումը, Հայաստանի Հանրապետությունը և Արցախը  շրջափակման օղակում խեղդելու գործելակերպը, հայոց  դարավոր  մշակութային  ժառանգության յուրացումը  կամ  ոչնչացումը, ցեղասպանությունից   փրկվածների  բռնի  դավանափոխումն ու  թուրքացումը՝  այս բոլորը Օսմանյան կայսրության քաղաքականության շարունակությունն են, որ իր հիմնադրման առաջին օրից հետևողականորեն տարել ու հիմա էլ առաջ է տանում հանրապետական  Թուրքիան, պետություն, որ հիմնել են Եղեռնին  անմիջականորեն մասնակցած  այդ  երկրի քաղաքական ուժերը:

Երրորդ դիտարկում

Թուրք ժողովուրդը և թուրքական իշխանությունները հավասարապես պատասխանատու են կատարվածի համար, որովհետև հավասարապես մասնակցել են ոճիրին

Մերօրյա թուրքերն ազգամիջյան հարցերում իրենց  քաղաքական վարքը ժառանգվել են իրեց նախնիներից` միջնադարում Առաջավոր Ասիա խուժած օղուզներից ու սելջուկներևից, որոնք երկրատարածքի արգավանդ դաշտերին ու արոտավայրերին տիրելու և տեղում ամրանալու այլ եղանակը չգիտեին քան դրանց տերերին դուրս մղելն ու կոտորելը, նրանց բնակավայրերի ավերերումն ու թալանը, որին  նրանք մասնակցում էին ամբողջ ցեղով`տղամարդկանցով ու կանանցով, մեծով ու փոքրով: Արյունոտ այս կենսակերպը պահպանվեց նաև այն բանից հետո, երբ գրավյալ տարածքներում նրանք հիմնեցին  միջնադարյան պետական կազմավորումներ ու ապա նաև կայսրություն: Բայց նույնիսկ դրանից հետո թուրքերը պահպանեցին  քոչվորական շրջանում ձևավորված կենսակերպի հիմնային բնութագրերը, որոնք ազգային  զարգացումը սահմանափակում են էքստենսիվ զարգացման` քանակական աճի ու տարածական ծավալման կաղապարում: Ծավալապաշտության կայսերական զինանոցում արյունոտ զենքերից բացի հայտնվեց նորը՝ ժողովրդագրական գրոհը: Թուրքական իշխանություններն ու թուրք ամբոխը արշավանքների ժամանակներից եկած ավանդույթով միասնական մնացին կայսրության  այլազգի ու այլադավան բնակչությանը թալանելու, շահագործելու, կոտորելու, ուրիշների  հողերում ամրանալու հարցում: Ամբոխը մնաց  թուրքական ազգային վարքը բնութագրող բանալի երևույթը, որ արտացոլում է իշխանությունների ու թուրքական  զանգվածի միասնությունը  “այլոց” նկատմամբ տարվող քաղաքականության մեջ: Կողոպուտի ու կոտորածի “մշակույթ” որդեգրած ժողովուրդը և իր հիմնած պետությունը պատմական հեռանկար չէին կարող ունենալ, և արդեն XIX դարում ակնհայտ էր, որ Օսմանյան կայսրությունը ոչ միայն դուրս է մնացել քաղաքակրթության ընդհանուր ընթացքից, այլև խոչընդոտում է այդ ընթացքը:

XIX և XX դարերի սահմանագծում վերացման դատապարտված  այդ պետականության ճգնաժամի պայմաններում էր, որ հպատակ ժողովուրդներին անխնա շահագործելու  ու թալանելու ավանդույթով ձևավորված ու պետության օրենքներով արտոնված կենսակերպը վերաճեց ցեղասպանական գիտակցված վարքի: Այդ գիտակցության ու վարքի կրողները պետական պաշտոնյաների փոքրիկ խումբ կամ հասարակության նեղ շերտ չէր: Հայերի, հույների, ասորիների ցեղասպանության իրական հանցագործը թուրքական հասարակության մեջ մեծամասնություն կազմող այն  խավն  էր, որի  ձեռքերում են եղել  պետական  իշխանության  լծակները  թե Օսմանյան  Կայսրությունում,  թե  հանրապետական Թուրքիայում և  որն  այսօր ինքն  իրեն շարունակում  է  վերարտադրել  հասարակության բոլոր  շերտերում՝  պետական վերնախավից ու  ստորադաս  վարչական   օղակներից  սկսած  մինչև “շարքային  թուրքը”: Այսօր էլ այդ զանգվածը, այլ  ոչ թե  դրան  ընդիմադիր սակավաթիվ խավն է որոշում եղեռնագործության ուրացման  հարցում թուրքերի պետական քաղաքականությունը: Այդ հանգամանքն է   միավորում մի կողմից  թուրք  ժողովրդի, մյուս կողմից Օսմանյան կայսրության  և հանրապետական  Թուրքիայի  պատասխանատվությունը  մարդկության դեմ կատարած  հանցագործության համար: Նույն այդ   հանգամանքն  է  միավորում  “ցեղասպան  Թուրքիա”  և  ”ցեղասպան  թուրք”  հասկացությունները, որոնք  տարածաշրջանի  և նրա  սահմաններից դուրս   ապրող  ժողովուրդները  ընկալել  են որպես  հոմանիշներ  ու  ամրագրել  բերնից-բերան  անցնող  “Այստեղով  անցել  է  թուրքը”, “Թուրքը  մնում  է  թուրք” և այդ կարգի  լայնորեն հայտնի  այլ արտահայտություններում: Թուրքական դեպքի համար “Ցեղասպանությունը պետական քաղաքականություն է ” ձևակերպումը ակնհայտորեն թերի է՝ այդ ոճիրին թուրքերի զանգվածային մասնակցության պատճառով: Այս ճշմարտությունը հաճախ չի բարձրաձայնվում բարեպաշտության ու նրբանկատության անհարկի նկատառումներով, այն դեպքում, երբ միայն դրա գիտակցումը կօգնի թուրք ժողովրդին ճանաչել ինքն իրեն և թոթափել մեղքի բեռը: Քանի դեռ հանցանքն ուրացողների զանգվածը թուրք հասարակության մեջ մեծամասնություն կկազմի և կպայմանավորի պետական քաղաքականությունը, ազգասպանությունը կմնա թուրքի ինքնության և նրա պետականության բնութագիրը: Ահա թե ինչու հայոց ցեղասպանության ճանաչման մասին Թուրքիային հասցեագրված ուղերձները նաև թուրք ժողովրդին ուղված ուղերձներ են:

Չորրորդ դիտարկում

Թուրքիան հիմնել ու շարունակում է հիմնել ցեղասպան պետություններ, միջազգայնորեն լեգալացնելով  ցեղասպանական պրակտիկան

Թուրքական  քաղաքակրթության  ցեղասպանածին  բնույթը  XX  դարում  դրսևորվել  է  ոչ միայն Օսմանյան կայսրությունում  և  նրա  սահմաններից  դուրս  հայերի, հույների  ու  ասորիների   բնաջնջման, այլև  ազգասպանության  նույն  մշակույթից  սերված  պետություններ  հիմնելու  ձևով: Նա  արդեն  հիմնել  է  քաղաքակրթական  իր  գենը   կրող  պետություններ` Հյուսիսային  Կիպրոսի  Թուրքական  Հանրապետությունը՝ հույների, իսկ Ադրբեջանական  Հանրապետությունը՝  Նախիջևանի  և  Արևելյան  Անդրկովկասի  հայության  ցեղասպանության  ճանապարհով:  Ակնհայտ է ազգասպանության թուրքական քաղաքական մշակույթի ազդեցությունը  Հարավսլավիայի տրոհման և մեր օրերում Մերձավոր Արևելքում ծավալվող գործընթացներում:

Թուրքական  նախագծով  հիմնված առաջին   պետությունը   այսպես  կոչված Ադրբեջանական  Դեմոկրատական Հանրապետությունն էր, որը 1918-ի սեպտեմբերին հիմնեցին հայերի  կոտորածներով  Բաքու  հասած  թուրքական  զորքերը: Երկրատարածքում  XX  դարում «Ադրբեջան» անունը  կրող  պետությունների  կերպափոխությունները,  նրանցում անփոփոխ են թողել էթնիկ թուրք այն զանգվածի ցեղասպանածին վարքը, որ նա  պատմականորեն ուներ  այդ մշակույթի  կրողը  լինելու  հանգամանքով և որի ձեռքերում հայտնվել էր իշխանությունը Ադրբեջանական  Դեմոկրատական Հանրապետությունում, Խորհրդային Ադրբեջանում և մերօրյա  Ադրբեջանական Հանրապետությունում:

 Խորհրդային տարիներին նոր  ադրբեջանական  ազգ  ձևավորելու   ստալինյան նախագծի   պատանդ   դարձած  բոլշևիկյան կենտրոնը չտեսնելու է տվել ազգային հալածանքներով հանրապետությունից հայերի դուրս մղման Բաքվի քաղաքականությունը, որն արդեն յոթանասունականներին հանգեցրել է Նախիջևանի հայաթափմանը, իսկ 1988-ին  Սումգայիթից սկսած ստացել է ողջ հանրապետությունում հայերի զանգվածային ջարդերի  բնույթ: Ինչպես Օսմանյան կայսրությունում ու Թուրքիայում, այնպես էլ Խորհրդային Ադրբեջանում միայն հայությունը չէր ցեղասպանության քաղաքականության թիրախը:  Միաժամանակ տարվում էր բնիկ իսլամադավան  ժողովուրդների  բռնի  ուծացման  քաղաքականություև: Դրան դիմագրավելու  միակ  ձևը  յուրօրինակ   ազգային  ընդհատակ  անցնելն  էր, որտեղ  այսօր  գտնվում  է  լեզգիների, թալիշների, թաթերի և բնիկ մյուս ժողովուրդների  մեծ  մասը:  ԽՍՀՄ  գոյության  վերջին  տարիներին   երբեմնի  բազմազգ  Խորհրդային  Ադրբեջանի  էթնիակական  քարտեզից  անհետացել  էին երկրամասի`բռնությամբ   “ադրբեջանցի”  դարձած  իսլամադավան   բոլոր  ժողովուրդները:

Այն, ինչ տեղի է ունեցել  թուրքական բանակի ստեղծած  Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետությունում, այն ինչ տեղի է ունեցել ռուսական XI կարմիր բանակի հիմնադրած Խորհրդային Ադրբեջանում և ինչ տեղի է ունենում մերօրյա Ադրբեջանական Հանրապետությունում ոչնչով չի տարբերվում Թուրքիայում տեղի ունեցած և տեղի ունեցող գործընթացներից: Հետխորհրդային  Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի “Մեկ ազգ, երկու պետություն” բանաձևը  եկավ հաստատելու, որ ցեղասպանը ազգությամբ նույն թուքն է թե Անկարայում, թե Բաքվում: Բանաձևը ամրագրում է այն  ընդհանրությունը, որ միավորում է թուրքերին: Եվ դա այն է, որ թուրքը թե  Առաջավոր  Ասիայում  իր  կողմից   գրաված   տարածքներում, թե  հարավային  Կովկասում, որտեղ   նա  քողարկվել  է  մեկ   “մուսուլման”, մեկ ”կովկասյան  թաթար”, մեկ “ադրբեջանցի” դիմակների  տակ, հետևողականորեն տարել  ու տանում է տարածաշրջանի այլ ազգերի սպանության քաղաքականություն: Պատահական չէ, որ Հայաստանի Հանրապետության  և  Լեռնային  Ղարաբաղի  Հանրապետության  շրջափակումը  Թուրքիան  և  Ադրբեջանական   Հանրապետությունը   իրագործում են  համատեղ: Պատահական  չէ, որ   Լեռնային  Ղարաբաղի  Հանրապետության  դեմ  սանձազերծած  պատերազմում  հայկական  բնակավայրերն էին  հրետակոծությունների  ու  ռմբակոծությունների  հիմնական  թիրախը: Պատահական չէ, որ  Բաքվում հայասպան ադրբեջանցիներին` սումգայիթյան ցեղասպանության  հանցագործներին ու Բուդապեշտում իր հայ գործընկերոջը կացնահարած Ռամիլ Սաֆարովին հերոսացնում են այնպես, ինչպես Թուրքիայում հերոսացնում են Եղեռնի  գլխավոր հանցագործներ  Թալյաթին  ու  Էնվերին: Նույն ժողովուրդն է, նույն քաղաքական վարքը:  Արևելյան Անդրկովկասում և Նախիջևանում հայերի ցեղասպանությունը հայոց ցեղասպանության թուրքական նույն քաղաքականության դրսևորումն է` իրագործված  “Ադրբեջան” ցուցանակը կրող պետությունների կողմից, որոնցից վերջինը մերօրյա Ադրբեջանական Հանրապետությունն է:

Հինգերորդ  դիտարկում

Ինչու չեն պատժել ցեղասպան հանցագործին  խոշոր տերությունները

 Դեռևս 1915 թվականի մայիսին  Ռուսաստանը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որով հայ ժողովրդի դեմ Օսմանյան կայսրությունում կատարվող գազանությունները որակել են որպես “մարդկության և քաղաքակրթության դեմ կատարված նոր հանցագործություններ” և համաձայնվել, որ թուրքական կառավարությունը այդ հանցագործության համար պետք է պատժվի:  Թվում էր, թե խոշոր տերությունները առաջին աշխարհամարտից հետո պիտի ի կատար ածեին այդ պատիժը`  կանխելու համար հանցագործության կրկնությունը: Թվում էր, թե մարդկության ու քաղաքակրթության դեմ կատարած այդ հանցագործության վտանգը գիտակցված է:  Պարզվեց, որ դա այդպես չէ:  Քաղաքակրթության համար մահացու ազգասպանության թուրքական բացիլի տարածման սպառնալիքն անտեսվեց: Արևմուտքը համամարդկային շահը ստորադասեց Թուրքիային Խորհրդային Ռուսաստանի դեմ օգտագործելու կասկածելի ծրագրին և 1923 թ. Լոզանում գզրոցը նետեց իր իսկ կողմից ընդունած Սևրի պայմանագիրը, որով նախատեսվում էր հայկական հողերի մի մասում հայերի պետականության վերականգնումը:

Հատուկ ընդգծել է պետք, որ հայերին աջակցելը իրենց պատմական հայրենիքում պետականության վերականգման հարցում, ինչ նախատեսվում էր Սևրի պայմանագրով, չէր նշանակի պատիժ  ոճրագործի համար: Դա պետք է ընդամենը նշանակեր, որ խոշոր տերությունները պաշտպանում են  սեփական հայրենիքում իր պետականության վերականգման հայերի օրինական իրավունքը: Սակայն 1923 թվականին Լոզանում նրանք չարեցին նույնիսկ այդ նվազագույնը: Հայկական հողերը թողնվեցին ցեղասպան Թուրքիային: Հանցագործությունը ոչ միայն չպատճվեց, այլև խրախուսվեց: Ավելին: Արևմուտքը թուրքին ներելու (իրականում` խրախուսելու) քաղաքական ուղեգծում տասնամյակներ շարունակ դարձավ հայոց ցեղասպանությունը լռության փականի տակ պահելու, կատարվածը պատմությունից դուրս մղելու թուրքական ծրագրի մասնակիցը: Միայն Ադոֆ Հիտլերը 1939-ին խախտեց լռությունը “իսկ ով է հիշում այդ մասին” հարցով, բայց ոչ թե թուրքերին դատապարտելու, այլ  թուրքերին ընդօրինակելու համար: Բոլշևիկյան Ռուսաստանը ետ չէր մնում Արևմուտքից: Մեծ Եղեռնից ընդամենը մի քանի տարի հետո, փորձելով իր կողմը քաշել “իմպերիալիզմի դեմ պայքարող” Թուրքիային, Մոսկվան նրան նվիրաբերեց Կարսը, Արդահանը, Սուրմալուն, սուրբ Արարատ լեռը, որ երբևիցե Օսմանյան կայսրությանը չէր պատկանել: Դրան հետևեցին նոր նվիրատվություններ:  Թուրքիայի պահանջով նա հայկական  Նախիջևանն ու Լեռնային Ղարաբաղը բռնությամբ օտարեց Խորհրդային Հայաստանից և մտցրեց Խորհրդային Ադրբեջանի սահմանները:

Թվում էր`նացիստական Գերմանիայի դաշնակից Թուրքիան արժանի պատիժ կկրեր Երկրորդ աշխահամարտից հետո: Բայց համամարդկային շահերն ու արժեքները նորից զոհաբերվեցին` այս անգամ «Խորհրդային Միություն-Արևմուտք” քաղաքական խաղերում: Նացիստական Գերմանիայի դաշնակից Թուրքիան պատերազմից դուրս եկավ առանց կորուստների: Հայկական տարածքները այս անգամ ևս թողնվեցին նրան:

ԽՍՀՄ տրոհումը Արևմուտքին նոր առիթ տրամադրեց հստակ դիրքորոշում դրսևորելու ցեղասպանությունը ազգային հարաբերությունների պրակտիկայից դուրս մղելու, ցեղասպանական ակտերը դատապարտելու, ցեղասպան կառավարություններին ու պետություններին պատժելու հարցում: Թվում էր, հայաթափված Նախիջևանը, “Ադրբեջանի ժողովրդական ճակատում” միավորված թուրք ջարդարարների կողմից մեկը մյուսի հետևից իրագործած “սումգայիթները”  Արևմուտքի համար կասկածի տեղ չպիտի թողնեին կատարվածը ցեղասպանություն որակելու համար: Սակայն արևմտյան մայրաքաղաքները խուսափեցին սկզբունքային գնահատականներից և բավարարվեցին հերթապահ հայտարարություններով:  Ավելին, ցեղասպանի դեմ  ազատագրական պայքարի ելած Արցախ-Ղարաբաղին 1988-ից ի վեր բարոյապես քաջալերող Արևմուտքը, որ  Մոսկվայից պահանջում էր գտնել խնդրի այնպիսի լուծում, որը կհամապատասխանի արցախահայության հայացքներին, 1991-ին, երբ ԽՍՀՄ տրոհումը ընդունել էր անշրջելի բնույթ, երես թեքեց  Ղարաբաղից: Պարզվեց, որ նա միայն ԽՍՀՄ-ը կազմաքանդելու նպատակով է քաջալերել Ղարաբաղյան շարժումը` նրանում տեսնելով խորհրդային գերտերության փլուզման պայթուցիկը: Պարզվեց, որ  ԽՍՀՄ-ը ըստ միութենական հանրապետությունների կազմաքանդելու  ծրագիրը օրակարգում է եղել   1988-ից ի վեր:

Ադրբեջանական Հանրապետությունը, որտեղից հայերը դուրս էին մղվել արյունալի ջարդերով, իսկ ոչ թուրք իսլամադավան ժողովուրդները  ցեղասպանվում էին  բռնի ուծացմամբ, ճանաչվեց նախկին Խորհրդային  Ադրբեջանի սահմաններում`իրեն չպատկանող Նախիջևանով և ազատագրական պայքարի ելած Արցախով: Քաղաքական այդ որոշմամբ Արևմուտքը ոչ միայն դավաճանեց ժողովրդավարության իր կողմից հռչակված իդեալներին, այլև խրախուսեց ցեղասպանին և սադրեց ղարաբաղյան պատերազմը,  արտոնելով Բաքվին “արդարացի” պատերազմ սկսել գործող պայմանգրերով իրեն չպատկանող հողերի “ազատագրության” համար՝ տարածքային ամբողջականության սկզբունքը դարձնելով ցեղասպանության քողարկման միջոց: Բաքուն ներվեց, ունենալով  միջազգային իրավունքի ու համամարդկային բարոյական նորմերի ավելի բացահայտ խախտումների բեռ: Արևմուտքն  ընդհանրապես անտեսեց Ադրբեջանահայության ցեղասպանությունը: Եվ այդ ամնենը այն նավթի համար, որ նա կարող էր ավելի հեշտ ստանալ այն Ադրբեջանից, որը պատժված կլիներ հայերի ցեղասպանության համար, որտեղ ազգային ընդհատակից ազատված կլինեին Արևելյան Անդրկովկասի բնիկ ժողովուրդները և որը դրված կլիներ ժողովրդավարական զարգացման ուղեգծում:

Վեցերորդ դիտարկում

Եղեռնը  հասկացություն է, որն ունի ժողովրդին իր հայրենիքում ցեղասպանելու  իմաստը 

Հատուկ քննության  կարիք ունի թուրքական ոճրագործության որակումը:  Անկասկած, այն համապատասխանում է “ցեղասպանություն”  հասկացության միջազգայնորեն ընդունված սահմանմանը: Բովանդակայնորեն հասկացությունն ընդգրկում է այն  ընդհանրությունները, որոնք բնորոշ են ցեղասպանական տարբեր ակտերին և չի արտացոլում նման ակտերի առանձնահատկությունները: Միայն հրեաներին է հաջողվել հասնել այն բանին, որ  նացիստական Գերմանիայի կողմից իրենց հանդեպ իրագործած ցեղասպանության առանձնահատկությունն արձանագրող “ողջակիզում”   հասկացությունը ստանա միջազգայն տարածում: Ողջակիզումը որպես ցեղասպանության տեսակ ընդգծում է նույն ազգին կամ համայնքին պատկանող մարդկանց բնաջնջման եղանակը՝ գազախցերում վառելը: Հայոց ցեղասպանությունը ևս ունի առանձնահատկություն և դա այն է, որ ողջ մի ժողովուրդ սրի է քաշվել իր հայրենիքում: Թուրքերի կողմից իրագործած ոճրագործության հետևանքով հայը զրկվել է իր հայրենիքից: Հայոց ցեղասպանության այդ առանձնահատկությունը արտացոլված է Եղեռն  հասկացության մեջ, և ժամանակն է, որպեսզի «ժողովրդի ցեղասպանությունն իր հայրենիքում» բովանդակությունն ունեցեղ այդ հասկացությունը շրջանառվի և ամրագրվի միջազգային փաստաթղթերում:

Յոթերորդ դիտարկում 

Պատմության բումերանգը

Ցեղասպանական ակտեր եղել են նաև մինչև XX դարը: Բայց Հայոց Ցեղասպանությունը առանձնանում է նրանով, որ ոճիրը կատարվել էր միջազգային  քաղաքական այնպիսի համակարգում, որն ուներ վայրագությունը կանխելու  կամ ոճրագործին պատժելու ներուժ:  Ի դեմս առաջին աշխարհամարտում հաղթանակած  խոշոր տերությունների այդ ներուժն արդեն կար:  Չկար ցեղասպանության  վարակի տարածման վտանգի  գիտակցումը և դրա դեմ համատեղ պայքարի քաղաքական կամքը: Միջազգային անվտանգության համար պատասխանատու խոշոր տերությունները չգիտակցեցին, թե  ինչպիսի ճակատագրական սխալ թույլ տվեցին 1915-ից հետո չսպանելով ցեղասպանության բացիլը: Դա սովորական սխալ չէր: Դա հանցավոր անտարբերություն էր պատմության կողմից նրանց տրված պատասխանատվության հանդեպ: Նրանք ոչ միայն ներեցին, այլև խրախուսեցին ցեղասպանին՝ լռության մատնելով ոճիրը և ձախողելով իրենց պատմական հայրենիքում հայոց պետականության վերականգման պատրաստի նախագծը:  Դա  չէր կարող  չանդրադառնալ միջազգային ողջ համակարգի ու պատմության հետագա ընթացքի վրա, չէր կարող անհետևանք մնալ ոչ հանցագործի, ոչ նրան պարտակողների համար:

Թուրքը ձեռք բերեց անպատժելիության ու ամենաթողության բարդույթ և վստահություն, որ ցեղասպանությունը, բռնությունը, ամենաթողությունը ազգամիջյան ու միջազգային հարաբերություններում կարելի է դարձնել քաղաքական պրակտիկայի սովորական, ըստ էության լեգալացված գործիք: Մարդկության դեմ կատարած և չպատժված ծանրագույն հանցագործության թուրքական նախադեպը երկրորդ աշխարհամարտից հետո խթանեց ոճիրի   ընդօրինակումը բոլոր այն ուժերի կողմից, որոնք ունեին  իրենց հարցերը նման ձևով լուծելու հակումներ:   Ցեղասպանությունների, ահաբեկչությունների, բռնությունների համավարակը այսօր տարածվում է աշխարհով մեկ, և մտոք կույր պիտի լինել չտեսնելու համար, որ նորագույն պատմության մեջ դրանց  ակունքը թուրքերի կողմից մարդկության դեմ կատարած ու անպատիժ մնացած հանցագործությունն է: Մտոք կույր պիտի լինել, չտեսնելու համար, որ անպատժելության, այլատյացության, անհանդուրժողականության և ամենաթողության իր չափումներում ահաբեկչությունը նույնանում է ցեղասպանության հետ, դառնում նրա կերպափոխված տարատեսակը:   Կիպրոս, Ադրբեջան, Հարավսլավիա, Ռուանդա, Կամբոջա… Նյու-Յորք-Սեպտեմբերի 11- Առևտրի կենտրոն, Փարիզ- 7 հունվարի- Շարլի Էբդո… Սրանք կործանարար այն բումերանգներն են, որ խոշոր տերությունները նետել են պատմությանը անցյալ դարասկզբին և որոնք այսօր վերադառնում ու հարվածում են իրենց ու ողջ մարդկությանը:

Խնդիրն ունի նաև այլ կողմ:  Ակնհայտ է, որ չպատժված ցեղասպանը ձերք է բերում ավելի խորը ձևախողված հոգեկերտվածք ու ավելի ագրեսիվ վարք:  Բայց միայն ցեղասպանը չի փոխվում: Այլ գիտակցություն ու վարք է ձեռք բերում նաև  ոճիրը պարտակողը, առավել ևս խրախուսողը: Արդեն որերորդ տարին է, ԱՄՆ բարձրագույն քաղաքական իշխանությունը խուսափում է թուրքական ոճիրն իր անունով կոչելուց` Հայոց  ցեղասպանության ճանաչումը դարձնելով քաղաքական անվայել գործարքի առարկա այն հիմնավորումով, որ Թուրքիան իր ռազմավարական դաշնակիցն է: Դա չի կարող չձևախեղել այն ազգի հոգեկերտվածքը, որը հավանություն է տալիս կամ ըմբռնումով է ընկալում իր իշխանությունների վարքը  թուրքական ոճիրի դատապարտման կամ Ղարաբաղին նախ բարոյապես սատարելու և այնուհետև նրան ցեղասպան Ադրբեջանին հանձնելու հարցերում և  դառնում անվայել այդ գործարքների կամա կամ ակամա մասնակիցը: Ղարաբաղի մասով դա վերաբերում է նաև Եվրապային, որը ԱՄՆ- հետ միասին   Ադրբեջանական Հանրապետությունը ճանաչեց իրավունքով ու փաստացի  նրան չպատկանող Լեռնային Ղարաբաղով ու Նախիջևանով:

Ցեղասպանությունը պատերազմով շարունակելու արտոնությունը Բաքվին տվել է Արևմուտքը, որն այսօր անհասկանալի պարիտետային ուղերձներ է հղում կողմերին՝ հարցի արդար լուծում գտնելու ապարդյուն հորդորներով, չտեսնելու տալով, որ իրական ագրեսորը իր կողմից խրախուսանք ստացած հանցագործն է:

Ի՞նչն է խանգարում խոշոր տերություններին և առաջին հերթին Արևմուտքին իրերը տեսնել ճշմարտության լույսի տակ: Ինչպես անցյալ դարի սկզբին, այսօր էլ նրանք չունեն այն բանի սթափ գիտակցումը, որ ցեղասպանությունը մարդկության ինքնասպանության  ճանապարհն է:

 Չկա այն բանի գիտակցումը, որ ընթացիկ ու անցողիկ շահ սատանալու համար ցեղասպանին պատժելու հարցը չի կարելի դարձնել քաղաքական գործարքների առարկա և պատժելու փոխարեն խրախուսել նրան: Բայց անկախ այն բանից, թե երբ խելքի կգան այս աշխարհի հզորները, մտոք առողջ ամեն մի մարդ անհատապես ու համախոհների հետ պիտի անի կարելին ցեղասպանությունից զերծ աշխարհ կառուցելու համար:

Ա.Ս. ՄԱՆԱՍՅԱՆ

ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Մեկնաբանություններ

Մեկնաբանություններ