Հրապարակվեց: Вт, Апр 16, 2019
...

Տպավորություն է, որ դարձյալ ԱԺ-ի հանձնաժողովներում մեխանիկորեն դակում են կառավարության որոշումները. Գևորգ Պետրոսյան

Տարածել
Tags

Ազգային ժողովն այսօր դեմ քվեարկեց ԲՀԿ խմբակցության կողմից ներկայացրած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» հարցը ԱԺ օրակարգ մտնելուն:

Նախագիծը ԱԺ պետաիրավական հանձնաժողովում բացասական եզրակացություն էր ստացել:

Ինչպես գրում է tert.am-ը հիմնական զեկուցող Գևորգ Պետրոսյանը նշեց, որ արդեն զարմանալի չէ, որ իրենց ներկայացրած նախագծերը բացասական եզրակացությամբ կառավարությունից գալիս են ԱԺ առանց որևէ հիմնավորման, բայց զարմանալին այն է, որ ԱԺ-ն շարունակում է «հին ու բարի» ավանդույթները՝ հետ չմնալ Կառավարությունից ու առնվազն կատարել կառավարության պահանջը:

«Մենք ներկայացրել ենք նախագիծ, որ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում լրացում կատարվի, համաձայն որի՝ պատգամավորի օրինական գործունեությանը խոչընդոտելու համար սահմանվի պատասխանատվություն տուգանքի ձևով, որ վարչական դատավարության համաձայն պատգամավորն իրավունք ունենա դիմել վարչական դատարան և բռնագանձել տուգանքը: Պատգամավորների գործունեությունը երաշախավորելու մասին օրենք կա, ըստ որի՝ պատգամավորն իրավունք ունի դիմել ՏԻ մարմիններին և ստանալ կահավորված սենյակ քաղաքացիների ընդունելության համար, բայց եղել են դեպքեր, երբ պատգամավորը դիմել է ու անպատասխան է մնացել, մինչդեռ երկշաբաթյա ժամկետ է սահմանաած»,- ասաց նա:

Նա ընդգծեց, որ սա զարմանք է հարուցում, մի՞թե պատգամավորները չեն մտածում իրենց լիազորությունները պատշաճ իրականացնելու համար: «Սա՞ է խորհրդարանական պետության իմաստը: Բա մենք ասում ենք՝ խորհրդարանական վերահսկողություն ենք իրականացնում Կառավարության նկատմամբ: Եթե պատգամավորները դեմ են արտահայտվում իրենց լիազորությունների պաշտպանության իրականացմանը ապահովելու նախագծի օգտին, ինչի՞ մասին է խոսքը: Այստեղ տպավորություն է, որ դարձյալ կառավարության որոշումները մեխանիկորեն դակում են ԱԺ-ի հանձնաժողովներում, ինչը շատ վատ է»,- ասաց նա:

Պետաիրավական հանձնաժողովի անդամ Վլադիմիր Վարդանյանն էլ նշեց, որ Պետրոսյանի բարձրացրած հարցը կարևոր հարցերից մեկն է: «Մենք իրոք պետք է հնարավորություն ընձեռենք, որ պատգամավորը անխոչընդոտ կերպով իրականացնի իր գործունեությունը: Հարցն այն է, թե արդյո՞ք մենք այսօր պատգամավորի գործունեությունը խոչընդոտելու այնպիսի դեպքերի ենք հանդիպում, որ անհրաժեշտություն է առաջանում վարչական պատասխանատվության  ենթարկել սուբյեկտներին, որոնք որոշակիորեն խախտել են պատգամավորների գործունեությունը: Մենք պարոն Պետրոսյանի հետ աշխատում ենք այս հարցը կարգավորող մեկ այլ նախագծի վրա: Խնդիրն այն է, որ նախատեսենք նոր զանցակազմ, որի միջոցով կարողանանք պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր խոչընդոտում են պատգամավորի գործունեությունը: Այս պահի դրությամբ նման իրավակարգ հաստատելու կարիք չկա»,- նշեց նա:

Վարման կարգով ելույթ ունենալով՝ Գևորգ Պետրոսյանը նշեց, որ հանձնաժողովում քննարկման ժամանակ խնդիրը տարվեց միայն տեղեկատվություն տրամադրելու համար:

«Որպես պատգամավոր գնում ես ՔԿ, որ դատապարտյալի տեսնես, իսկ պատգամավորն այն անձն է, որ իրավունք ունի, ասում են՝ նախարարին հարցրու, նոր թողնեմ: Նախարարն ո՞վ է, որ պատգամավորը գնա իրենից հարցնի, որ նոր մտնի կալանավորված անձին տեսնի: Սա՞ է խորհրդարանական վերահսկողությունը: Բազմաթիվ քայլեր կան, որոնք պատգամավորի համար երաշխավորված են, բայց ապահովված չեն, խոսքը սրա մասին է: Նկատի ունեցեք խնդրի լրջությունը»,- ասաց նա և հավելեց. «Խնդրում եմ՝ կողմ քվեարկեք, նախագիծը քննարկելու համար, եթե անգամ որոշել եք վերջում դեմ քվեարկեք՝ կառավարությանը չնեղացնելու համար»:

Ի վերջո, նախագիծը չմտավ Ազգային ժողով քննարկման: Դրա օգտին քվեարկեց 39 պատգամավոր, դեմ 51, ձեռնպահ 12:

Մեկնաբանություններ