Հրապարակվեց: Пн, Апр 08, 2019
...

Տնօրենի կալանավորումը վտանգել է ընկերության ապագան. «Սպայկայի» աշխատակիցների բողոքի ակցիա են իրականացնում դատարանի մոտ

Տարածել
Tags

11:15

«Սպայկա» ընկերության աշխատակիցները շարունակում են բողոքի ակցիան Կենտրոնի վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի առջև: Նրանք պնդում են՝ մինչև չհանդիպեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, այդտեղից չեն հեռանա:

Նշենք, որ դատարանը որոշում է կայացրել «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի խափանման միջոց ընտրել կալանավորումը:

«Ակնհայտ անարդարությունը ցույց է տալիս, թե ժողովրդական հեղափոխության արդյունքում ինչպիսի պատեհապաշտ, պետական մտածողությունից զուրկ մարդիկ են սողոսկել պետական կառավարման համակարգ»,- ասաց ընկերության աշխատակիցներից մեկը:

Աշխատակիցները նշում են, որ իրենց ակցիան քաղաքական չէ:

«Սպայկա» ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանը նշեց, որ այս ամենի կազմակերպիչները չեն հասկանում, թե ինչ վնաս են հասցնում տնտեսությանը:

«Մենք ամեն կերպ սատարելու ենք Դավիթ Ղազարյանին, նրա իրավունքների պաշտպանությանը: 2011-2019-ին Դավիթ Ղազարյանն ու այս ընկերությունը շատ դժվար ճանապարհ են անցել»,-ասաց Կարեն Բաղդասարյանը:

Նա նշեց, որ Ղազարյանն իր շուրջը համախմբել է հազարավոր աշխատակիցների, որոնց նույնպես ոչ ոք չի կարող վախեցնել: «Մենք հաղթելու ենք, դրանում բոլորդ համոզված եղեք: Այն, ինչի միջով մենք ժամանակին անցել ենք, ավելի բարդ է եղել: Ուղղակի խորն է  հիասթափությունը, որ հնարավորություն չեն տալիս արարել այս նոր Հայաստանում»,- ասաց նա՝ հավելելով, որ ընկերության ապագան վտանգված է տնօրենի կալանավորմամբ:

«Նույնիսկ եթե մեկ օր հետո նրան բաց թողնեն, մեր ընկերության, Դավիթ Ղազարյանի հեղինակությանը հասցվեց անդառնալի վնաս: Այդ վնասը ոչ ոք չի փոխհատուցելու, բայց մենք պահանջելու ենք այդ վնասի փոխհատուցումը, որովհետև վնաս է հասցվել և մեր ընկերությանը, և մեր երկրին: Կառավարության կողմից հաստատված ծրագիրը խաթարվեց»,-ասաց նա:

10:30

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Պետական եկամուտների կոմիտեի միջնորդությունը՝ «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելով կալանավորումը:

Այս պահին Կենտրոնի դատարանի առջև բողոքի ակցիա է ընթանում: Քաղաքացիները պահանջում են հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ: Նրանք գտնում են, որ դատարանն անարդար որոշում է կայացրել և արդարություն են պահանջում:

Հիշեցնենք, որ նրան մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ավելի քան 7 մլրդ դրամի մաքսատուրք և հարկ վճարելուց խուսափելու հատկանիշներով:

ՊԵԿ քննչական վարչության քննիչի կողմից ապրիլի 4-ին միջնորդություն էր ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Դավիթ Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Դավիթ Ղազարյանը հանդես էր եկել մամուլի ասուլիսով՝ նշելով, որ ՊԵԿ-ը 7 մլրդ դրամի պահանջն ուռճացրել է, որպեսզի «ժողովրդի համար սիրուն լինի և ժողովուրդը ՊԵԿ-ի կողքին լինի»:

Նա նշել էր, որ ներկայացրած 7 մլրդ դրամի պահանջը շինծու է և դա գնահատում է որպես  ՊԵԿ-ի կողմից հետապնդում է «Սպայկա»–ի նկատմամբ:

Մեկնաբանություններ