Հրապարակվեց: Пт, Июн 07, 2019
...

Տխուր է, որ ՀՀ-ն ներդրումների առումով այն երկրների շարքերում է, ինչպիսիք են Սիրիան, Աֆղանստանը, Պակիստանը, Իրանը և աֆրիկյան մի շարք երկրներ․ Ն․ Զոհրաբյան

Տարածել
Tags

2018-ի բյուջեի կատարողականի քննարկմանը ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանից հետաքրքրվեց, թե ինչպես է գնահատում բրիտանական «Օքսֆորդ անալիտիքս» վերլուծական կենտրոնի՝ ամբողջ 2018թ-ի համար ՀՀ-ին վերաբերող տնտեսական ռիսկերի վերլուծությանը, ըստ որի՝ ՀՀ-ն ներդրումային առումով խիստ ռիսկային երկիր է։

Նա մեջբերեց կենտրոնի եզրակացությունն այն մասին, որ մեծ է հավանականությունը, որ ներդրողները կունենան զգալի կորուստներ, որոնց չափը կախված կլինի տաբեր քաղաքական գործոններից։

Բացի այդ պատգամավորը նկատեց, որ նախարարը բազմիցս ասել է, որ 2,7 մլրդ դոլար ներդրումների փաթեթ կա, բայց որևէ անգամ չի բացել՝ որ ոլորտում և խնդրեց հստակեցնել։

Տիգրան Խաչատրյանը մեկնաբանեց, թե ոչ միայն ՀՀ-ն սուվերեն ռիսկ ունի ներդրումների համար, այլ ցանկացած երկիր. մեծ խորհրդատվական ընկերությունները տարբեր երկրներում ներդրումների համար ռիսկի ճշտում են անում և հաշվարկում կոնկրետ մշակված բանաձևով։

Նախարարը շեշտեց, որ թե՛ գործադիրի, և թե՛ օրենսդիրի, և թե՛ ամբողջ կառավարման համակարգի նպատակն է աշխատել բոլոր ուղղություններով. «Սա միայն տնտեսական գործոն չէ, որ ռիսկերը կրճատվեն»։

Ներդրումային ծրագրի փաթեթի մասին խոսելով, նախարարը նշեց, որ օրինակ կառավարության նախորդ նիստերից մեկում հավանության արժանացավ 130 մլն դոլար արժեքով կառուցապատման մի ծրագիր, որը գտնվում է Ծիծեռնակաբերդի խճուղու հարևանությամբ և խոստանում է գերժամանակակից միջավայր այն կազմակերպությունների համար, որոնք ՏՏ ոլորտում ծառայություն են իրականացնում։ «Դա ոչ միայն քաղաքաշինական ոլորտում ծրագիր էր, իր 2600 աշխատատեղերով, այլևս այնպիսի, որ նոր աշխատատեղի հնարավորություն է ստեղծվում  ՏՏ ոլորտում»,tert.am-ի հաղորդմամբ ասաց նա։

Ըստ Խաչատրյանի՝ տարբեր բնագավառների վերաբերող տարբեր ծրագրեր ունեն՝ օրինակ կառուցապատման ոլորտին վերաբերող. նաև կան փաթեթներ էներգետիկայի, արդյունաբերական նշանակության գործարանների, ջրերի գործարանների և այլ ոլորտներում։

Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց․ «Տխուր է, որ ՀՀ-ն ներդրումների առումով այն երկրների շարքերում է, ինչպես Սիրիան, Աֆղանստանը, Պակիստանը, Իրանը և աֆրիկյան մի շարք երկրներ»։

 

Մեկնաբանություններ