...

Տիգրան Աբրահամյան. Ցանկացած անզգույշ հայտարարություն կարող է իրավիճակի կտրուկ փոփոխման բերել

Տարածել
Tags

Ադրբեջանից հնչած հայտարարություններից հետո որոշ քաղաքագետներ կարծիք հայտնեցին, որ Արցախի հարցով բանակցությունները տապալված են։

Բանակցությունների, առաջնագծում տիրող հանգստության, դրա շուրջ ստեղծված լավատեսության վերաբերյալ Panorama.am-ը զրուցել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանի հետ։
Պարոն Աբրահամյան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով ԼՂ հարցով ընթացող գործընթացներին, հայտարարեց, որ «մենք ընդհանրապես չենք կարող նույնիսկ քննարկել «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևը», ավելացնելով, որ այս պահին բանակցություններ չկան: Այս պարագայում, ինչի՞ շուրջ են արտգործնախարարների և երկրի ղեկավարների մակարդակով հանդիպումները, մի տեսակ այս հարցի շուրջ անորոշություն է ստեղծվել:
-Իսկ ի՞նչ կա, որ լինեն բանակցություններ: Երբ կողմերի միջև չկա վստահության դաշտ, ինչպե՞ս կարող են նրանք բանակցել: Ինչի՞ շուրջ պետք է տեղի ունենա այդ բանակցությունները:
Բավականին նուրբ և միաժամանակ բարդ շրջանում ենք, պաշտոնական մակարդակում ցանկացած անզգույշ հայտարարություն, մեկնաբանություն կարող է առաջնագծում իրադրության կտրուկ փոփոխությունների բերել:
Ինչ վերաբերվում է ԱԳ նախարարների մակարդակներով հանդիպումներին, ապա դրանց նպատակը պետք է լինի բանակցություններ սկսելուն ուղղված համապատասխան դաշտի ձևավորումը, ինչի շուրջ էլ, ըստ տրամաբանության, պետք է որ լինեն քննարկումները:
-Իրավիճակի ի՞նչ փոփոխության մասին է խոսքը, արդյո՞ք այդ ուղղությամբ ինչ-որ միտումներ են նկատվում:
-Դե օրինակ՝ Ադրբեջանի արտգործնախարարությունը բավականին օպերատիվ արձագանքում է Արցախի հարցով գործընթացի ցանկացած դետալի: Փորձ է արվում բանակցությունների վերսկսման բացակայությունը «ջարդել» Հայաստանի վրա: Սկզբում ոչ պաշտոնապես՝ արտահոսքերի և հոդվածների, իսկ հետո պաշտոնապես սկսեցին շրջանառել այն թեզը, որ ՀՀ-ն սկսում է հրաժարվել բանակացություններից: Իսկ թե սա ի՞նչ է նշանակում, կարծում եմ՝ յուրաքանչյուրի համար էլ հստակ է:
-Այնուամենայնիվ, կմանրամասնե՞ք:
Ադրբեջան ամուր հիմքեր է նախապատրաստում իրավիճակը կտրուկ սրելու համար, իսկ մինչ այդ դրա դիվանագիտական կողմն է ապահովում: Թե դա ո՞ր փուլում կօգտագործի, կախված է առաջիկայում տեղի ունենալիք տարբեր մակարդակներով հանդիպումներից և դրա ընթացքից:
Բայց ամեն դեպքում այս պահին հրադադարի ռեժիմը պահպանվում են, հակառակորդի կրակից մահվան դեպքերը կտրուկ նվազել են, այդ դեպքում, ի՞նչ է վերջին 4-5 ամսում իրավիճակն այդպիսին: Դա ամեն դեպքում հանրության շրջանում լավատեսություն է առաջացրել:

-Ցավոք, այդ լավատեսությունը կարճաժամկետ բնույթ է կրելու, Ադրբեջանի քայլերն այլ բան են հուշում:

Շաբաթը 1-2 ռազմական օբյեկտ է հանձնվում շահագործման, որին շատ դեպքերում անձամբ Ադրբեջանի պաշտպանության նախարարը կամ նախագահն են մասնակցում, գրեթե չկա շաբաթ, երբ Ադրբեջանը չի հայտարարում ռազմաարդյունաբերության մեջ հերթական ներդրման կամ սպառազինության հերթական չափաքանակի ձեռք բերման մասին:
Որքան էլ դրանք փաթեթավորված են քարոզչական էլեմնետներով, այնուամենայնիվ դրանց մի մասը մեր դիտարկման դաշտում են:
Այսինքն, ստացվում է կա երկու իրականություն՝ դիվանագիտական փափուկ ձեռքսեղմոցիների, կոմպլիմենտների փոխանակման և բուն ռազմադաշտում՝ սպառազինությունների մեծաքանակ գնումների, ռազմաքաղաքական պայմանավորվածությունների և ռազմական օբյեկտների ընդլայնման:
Մեկնաբանություններ