Հրապարակվեց: Сб, Мар 23, 2019
...

«Վստահ եմ, որ Աստծո մատն այստեղ խառն է». ԱՄՆ պետքարտուղարը չի բացառել, որ Թրամփին Աստված է ուղարկել «հրեա ժողովրդին Իրանից փրկելու» համար

Տարածել
Tags

Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն իր հարցազրույցներից մեկում չի բացառել, որ նախագահ Դոնալդ Թրամփն ուղարկվել է Աստծո կողմից՝ հրեա ժողովրդին Իրանից փրկելու համար:

Ինչպես նշում է Daily Mail-ը, Պետդեպի ղեկավարն այս մասին ասել է Երուսաղեմում Christian Broadcast Network-ին տված հարցազրույցում:

«Աշխարհի և Երուսաղեմի հրեաները տոնում են այն փաստը, որ Եսթեր թագուհին 2500 տարի առաջ Աստծո օգնությամբ Համանից փրկեց հրեա ժողովրդին: Եվ հիմա՝ 2500 տարի անց, Մերձավոր Արևելքում ի դեմս Իրանի նոր Համան է հայտնվել, որը ցանկանում է բնաջնջել հրեա ժողովրդին: Կարո՞ղ է արդյոք պատահել, որ նախագահ Թրամփը Եսթեր թագուհու պես իշխանության է եկել այնպիսի ժամանակահատվածում, որ օգնի փրկել հրեա ժողովրդին իրանական սպառնալիքից»,-հետաքրքրվել է լրագրողը:

Դրան ի պատասխան Միացյալ Նահանգների գլխավոր դիվանագետն ասել է. «Որպես քրիստոնյա՝ ես միանշանակ հավատում եմ, որ դա հնարավոր է: Ես վստահ եմ, որ Աստծո մատն այստեղ խառն է»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր tert.am-ը, Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը նշել էր, որ Դոնալդ Թրամփն ավելի շատ է Իսրայելի շահերով առաջնորդվում, քան Միացյալ Նահանգների պատմության մեջ որևէ այլ նախագահ՝ նրան ամենաիսրայելամետ նախագահ անվանելով:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն պետք է ճանաչի Գոլանի բարձունքի նկատմամբ Իսրայելի ամբողջական ինքնիշխանությունը, ինչը խիստ կարևոր է Իսրայել պետության անվտանգության և տարածաշրջանային կայունության համար:

Իսկ դրանից առաջ ԱՄՆ նախագահը Երուսաղեմը ճանաչել էր Իսրայելի մայրաքաղաք:

Մեկնաբանություններ