Հրապարակվեց: Чт, Апр 25, 2019
...

Վլադիմիր Պուտինը ժամանել է Չինաստան

Տարածել
Tags

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Չինաստան, որտեղ մասնակցելու է «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» միջազգային երկրորդ համաժողովին:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն, երկրի ղեկավարի օդանավը վայրէջք է կատարել Պեկինի օդանավակայանում, ուր Պուտինը մեկնել է Վլադիվոստոկից, որտեղ այսօր հանդիպում է անցկացրել ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընի հետ:

«Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» համաժողովը Պեկինում կանցկացվի ապրիլի 25-27-ն ընկած ժամանակահատվածում: Համաժողովին կմասնակցեն 37 պետության և կառավարության ղեկավարներ, ինչպես նաև Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն Քրիստին Լագարդը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը:

Ըստ համաժողովի օրակարգի՝ ապրիլի 25-ին 12 թեմատիկ քննարկում կանցկացվի, ապրիլի 26-ին կկայանա բացման հանդիսավոր արարողությունը և բարձր մակարդակով հանդիպումներ, իսկ 27-ին առաջնորդները ընդհանուր նիստ կանցկացնեն:

«Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» առաջին համաժողովը կայացել էր Պեկինում 2017-ի մայիսին, որին մասնակցել էին 29 երկրի և կառավարության ղեկավարներ:

«Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» հայեցակարգը Չինաստանի միջազգային նախաձեռնությունն է, որն ուղղված է ավելի քան 60 երկիր միացնող առևտրա-տրանսպորտային միջանցքների կատարելագործմանը և նորերի ստեղծմանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Կրեմլը տեղեկացրել էր, որ ՌԴ ղեկավարը Չինաստան կատարելիք այցի շրջանակում հանդիպում կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Մեկնաբանություններ