Վենեսուելայում ստորագրահավաք է սկսվել` ընդդեմ ԱՄՆ հնարավոր ռազմական միջամտության
Կարակասում մեկնարկել է ստորագրահավաք` ընդդեմ Վենեսուելայում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական միջամտության: Այդ մասին հաղորդել է РИА Новости-ի թղթակիցը` դեպքի վայրից:
Երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն առաջին անգամ այդ մասին հայտարարել էր երկուշաբթի` ելույթ ունենալով Արագուա նահանգում տեղի ունեցած զորահանդեսի ժամանակ: Նա նշել էր, որ ստորագրահավաքը պետք է անցկացվի «յուրաքանչյուր հրապարակում, դպրոցում, գործարանում…»: Այնուհետև, ըստ նրա, այդ ստորագրությունները կփոխանցվեն Սպիտակ տուն` մերժելու Միացյալ Նահանգների` Վենեսուելա զորք ուղարկելու սպառնալիքները:
Առավոտից գործող իշխանության կողմնակիցները հավաքվել են Կարակասի Սիմոն Բոլիվար հրապարակում, որտեղ տեղակայված են Արտաքին գործերի նախարարության և Ազգային ժողովի շենքերը:
«Մենք պատրաստվում ենք ստորագրություններ հավաքել, որպեսզի հզոր ուղերձ հղենք կայսրությանը (ԱՄՆ-ին)»,- լրագրողներին ասել է Կարակասի քաղաքապետ Էրիկ Ֆարիասը` ընդգծելով, որ իր երկիրը «զինված հակամարտություն չի ուզում»: