Հրապարակվեց: Пт, Ноя 15, 2019
...

Վարչապետը բոլոր եղանակներով ուղերձ է հասցնում, որ չի ցանկանում Արցախի խնդրի կարգավորման համար պատասխանատվություն կրել. Կարեն Բեքարյան

Տարածել
Tags

Կեղծ օրակարգ սարքելն ու մանիպուլյացիա իրականացնելն արդեն լիարժեք կերպով դարձել է ձեռագիր: Դրա մյուս տարրը սրբագրված տեքստերը հանրությանը մատուցելն է նախարարությունների և վարչապետի աշխատակազմի կողմից: Այս մասին «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի այսօրվա համաժողովին ասաց hասարակական, քաղաքական գործիչ Կարեն Բեքարյանը՝ անդրադառնալով Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում առկա վայրիվերումներին:

«Առաջին խնդիրը պատասխանատվության հարցն է: Իշխանությունը, որը եկել է իշխանության բավականին բարձր քվեով, և վարչապետը բոլոր եղանակներով փորձում է ուղերձ հասցնել, որ որևէ կերպ չի ցանկանում Արցախի հիմնախնդրի կարգավորման մասով պատասխանատվություն կրել»,- ասաց նա:

Կարեն Բեքարյանի խոսքով՝ վարչապետը մի քանի տարբերակներ էր ասում հիմնախնդիրը լուծելու համար, սակայն ասած տարբերակներից դեռ ոչ մեկը չի իրականացրել: Ըստ նրա՝ Փաշինյանի ներկայացրած շարքերը գնալով դուրս են եկել տրամաբանական բոլոր շրջանակներից:

«Մի քանի անգամ հայտարարություն եղավ, որ ՌԴ-ն ունի այն ներուժը, որը կարող է մեր տարածաշրջանում պատերազմը կանխել: Սա ևս պատասխանատվությունից հրաժարվել է: Բայց մենք հասել ենք, այն գագաթնակետին, երբ վարչապետը փարիզյան ելույթում ասաց՝ Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշեն Մինսկի խմբի համանախագահները»,- ներկայացրեց նա:

«Երկրորդ խնդիրը ռազմավարության բացակայությունն է: Ռազմավարություն-քաոս. ո՞ր տարբերակով պետք է դիտարկենք այն, ինչն այսօր ունենք»,- ասաց Բեքարյանը և կրկին հիշեցրեց վարչապետի հայտարարություններն այս թեմայի մասին, որոնք, ըստ նրա, կրկին հակասական են:

Կարեն Բեքարյանը նշեց, որ իրականում իշխանությունների կողմից հասարակությանը մոլորեցնելու մոլուցք կա: Ըստ նրա՝ ընտրվում են մի քանի անհասկանալի թեզեր և հանրությանը դա այնպիսի պատկերով են մատուցում, որ նրանք իբր ցանկացած հարցի պատասխան տալիս են:

«Ուղերձդ բոլոր կոպիտ սխալներով արտաքին աշխարհին ասել ես. հիմա ամենակարևորը՝ սրբագրես, մոլորության մեջ գցես սեփական հանրությանը: Մենք փակ աչքերի ու փակ ականջների քաղաքականության հետ գործ ունենք, որն այսօրվա իշխանությունն իր հանրության նկատմամբ է իրականացնում»- նշեց Բեքարյանը:

Մեկնաբանություններ