Հրապարակվեց: Ср, Май 08, 2019
...

Սուպերվարչապետական համակարգը ՀՀ-ում այլևս վերացված է․ Նիկոլ Փաշինյան

Տարածել
Tags

Սուպերվարչապետական համակարգը ՀՀ-ում այլևս վերացված է, որովհետև ժողովրդավարական երկրում չի կարող լինել սուպերվարչապետ։ Այսօր լրագրողների հետ  հանդիպմանը նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա կարծիքով՝ սուպերվարչապետական համակարգն այն է, որ խումբը կամ մարդը պահում է իշխանությունը՝ ասելով, որ ոչ մեկին չի տա։

 «Ես  ասում եմ, որ ՀՀ-ում իշխանություն չունեմ, իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Մի երկրում, որտեղ իշխանությունը պատկանում է ժողովրդին, չի կարող լինել սուպերվարչապետություն։ Մեկ տարվա իմ գործունեության ամենակարևոր արդյունքն այն է, որ ՀՀ-ում չկա սուպերվարչապետ ու չկա այդ համակարգը։ Դուք՝ լրագրողներդ եք նաև դրա ապացուցը, որ կարող ենք ցանկացած հարց ինձ տալ, քանի որ չկա ՀՀ-ում այնպիսի հարց, որ ասեմ՝ կարա՞ք այդ հարցը նենց անեք ինձ չտան»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը չի հերքում, որ մինչ իշխանության գալը բազմիցս քննադատել է սուպերվարչապետական համակարգը, սակայն կարևորում է հասկանալը, թե ինչ է նշանակում սուպերվարչապետական համակարգ։

 «Սուպերվարչապետական համակարգի հակառակը նշանակո՞ւմ է երկիր, որտեղ  չկա իշխանության ուղղահայաց։ Կարող եք բացատրել ինչո՞ւ է սուպերվարչապետը լուսացույցի կարմիր լույսի տակ կանգնում, սուպերվարչապետն ինչո՞ւ է 5 ասուլիս տալիս։ Ձեզ որևէ մեկն ինստրուկտրաժ արե՞լ է, թե ինչ հարց պետք է տաք։  Թեկուզ այս մեր շփման ընթացքում է երևում, թե ինչ է փոխվել ՀՀ-ում այս մեկ տարվա ընթացքում, որովհետև վերջին 30 տարվա ընթացքում կարո՞ղ եք ասել՝ քանի անգամ է տեղի ունեցել նման բան»,- նշեց Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ սուպերվարչապետական համակարգը միայն օրենքն ու օրինական լծակները չեն․ «Սուպերվարչապետը նա է, որ ասում է՝ դու շաքարավազ կներկրես, դու չներկրես, բանանի գործը քեզ, բենզինի գործը քեզ, «սալյարկի» գործն էլ քեզ։ Ստեղ ես եմ 50  տոկոս փայ, ստեղ էն մյուսն է 50 տոկոս փայ, այս մեկն իմն է լրիվ, այստեղ պետք է գյուղապետ ընտրվիր այսինչը, այնտեղ պետք է գյուղապետ ընտրվի այնինչը, էս մեկի նկատմամբ գործ հարուցեք, մյուսի նկատմամբ կարճեք։ Դատավարները թող իրենց որոշումները քննարկեն ինձ հետ նոր կայացնեն։ Բաղրամյան 26-ն ինչի՞ ենք վերադարձրել  նախագահականին, ինչո՞ւ է Բաղրամյան 26-ի ու ԱԺ-ի դռները բաց, ինչի՞ են քվոտաներ առաջարկվում ՀԾԿՀ-ում և ՏՄՊՊՀ-ում։ Սուպերվարչապետական համակարգը, որը ես քննադատել եմ, առաջին հերթին սա եմ նկատի ունեցել»,- շարունակեց վարչապետը։

Գործադիր մարմնի ղեկավարը նկատեց, որ շատ անգամ իր գործողությունները ոմանք շոու են որակում, սակայն իրականում սա քաղաքական կամքի դրսևորում է։

«Դուք տեսնում եք սուպերվարչապետ, որը գնում է դատարանում վկայի կարգավիճակով հանդես է գալիս։ Ոմանք ասում են՝ դա շոու է: Դա շոու չէ, այլ քաղաքական կամքի ցուցադրում է։ Կարող եմ ասուլիս էլ չանել չէ՞, բայց սա բացարձակ թափանցիկության ցուցադրում է։ Եթե խոսքը վերաբերում է 1-2 գերատեսչության կարգավիճակին, ապա այստեղ էլ կան փաստեր ու փաստարկներ։ Օրինակ՝ ԱԱԾ-ն նախարարություն  դարձնելու համար հարցադրում անեմ՝ երկրում նոր Սերժ Սարգսյա՞ն եք ուզում։ Սերժ Սարգսյանի քաղաքական կարիերան ո՞նց է ձևավորվել, չէ՞ որ ԱԱԾ-ի ժամանակներից կամաց-կամաց եկել, հասել է իշխանության։ Պարզապես հիմա մարդիկ կան, որ ասելիք չունեն, չեն էլ ունեցել, իրանց գործունեություն ընդամենը մեզանից ցիտատներ անելն է։ Շատ լավ է, թող մեր ասածներն ուշադիր գրառեն, որովհետև հետագա քաղաքական կարիերայում իրենց պետք կգա»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։

Մեկնաբանություններ