Հրապարակվեց: Пт, Окт 11, 2019
...

Սիրիայում Թուրքիայի գործողությունները մարդասիրական աղետի նոր վտանգ են ստեղծում. ՀՅԴ Բյուրո

Տարածել
Tags

Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոն հայտարարություն է տարածել, որում դատապարտում է Սիրիայի հյուսիսարևելյան շրջանում Թուրքիայի մարտական գործողությունները։ Հայտարարությունում ասվում է.

«Հերթական անգամ ոտնահարելով պետությունների և ժողովուրդների միջազգայնորեն ամրագրված իրավունքները, Թուրքիան բացահայտ ռազմական ագրեսիա է ձեռնարկել Սիրիայի հյուսիս-արևելքում: Ենթադրյալ անվտանգության գոտի ստեղծելու թուրքական նպատակադրումը սպառնալիքի տակ է դնում ոչ միայն Սիրիայի հողային ամբողջականությունը, այլև այդ տարածքներում ապրող քուրդ մեծամասնության, ինչպես նաև ազգային և կրոնական տարբեր փոքրամասնությունների, այդ թվում` հայերի անվտանգությունը և միտված է ժողովրդագրական նոր իրավիճակ ստեղծելուն:

Երկար ժամանակ հովանավորելով Սիրիայում գործող ծայրահեղականներին, Թուրքիան, ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով, այսօր ստեղծում է ռազմական գործողությունների նոր սրացման, ջարդերի և տեղահանության, ահաբեկչական կազմակերպությունների վերաշխուժացման և մարդասիրական աղետի նոր վտանգ:

Մտահոգիչ է, որ այս ամենը տեղի է ունենում Սիրիայում հաշտության և խաղաղության մթնոլորտի ձևավորման, ներքին թնջուկների հաղթահարման ուղղությամբ միջազգային ջանքերի գործադրման շրջանում: Առավել մտահոգիչ է միջնորդական գործընթացների մեջ ներգրավված ուժերի և կազմակերպությունների անհամարժեք արձագանքը ցեղասպանի ձեռագիր ունեցող պետության նոր հանցավոր գործողություններին:

Արդ` Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոն`

  •   դատապարտում է թուրքական ոճրագործ ռեժիմի ձեռնարկած պատերազմական գործողությունները ինքնիշխան պետության դեմ և ցեղասպան միտումները քրդական մեծամասնության և ազգային փոքրամասնությունների դեմ.
  •   պատրաստակամություն է հայտնում օժանդակելու ռազմական գործողությունների անմիջական գոտում հայտնված մեր հայրենակիցների անվտանգության ապահովման և նրանց ցուցաբերելիք օժանդակությունների հարցերում.
  •   զորակցություն է հայտնում Սիրիայի եղբայրական ժողովրդին և անհրաժեշտ է համարում տարածաշրջանային գործընթացում ներգրավված տերությունների և միջազգային հանրության գործուն քայլերի ձեռնարկումը թուրքական ռեժիմին սաստելու, տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու ուղղությամբ»:
Մեկնաբանություններ