Հրապարակվեց: Ср, Дек 26, 2018
...

Սիրիահայերը, այլ հայրենադարձներ ակցիա են իրականացնում. նրանք դեմ են Սփյուռքի նախարարության փակմանը

Տարածել
Tags

Հայաստանում հաստատված սիրիահայերը, այլ հայրենադարձներ ակցիա են իրականացնում Սփյուռքի նախարարության շենքի դիմաց: Նրանք դեմ են Սփյուռքի նախարարության փակմանը:

Ակցիայի մասնակիցները նշում են, որ Հայաստանը ոչ բոլոր երկրներում ունի դիվանագիտական ներկայացուցիչներ, բայց Սփյուռքի նախարարությունը կապի մեջ է եղել բազմաթիվ երկրների հայ համայնքների հետ, նրանց ձայնը լսելի դարձրել Հայրենիքում: Դրանից բացի, Սփյուռքի նախարարությունը կառավարությունում տարբեր առաջարկություններով է հանդես եկել, որոնց արդյունքում կարգավորվել կամ դյուրացվել են Հայաստանում հաստատված սփյուռքահայերի հետ կապված հարցերը:  Նրանք մտահոգություն են հայտնում այն մասին, որ Սփյուռքի նախարարության մինչև այժմ կատարած զգալի աշխատանքը զրոյացվում է: Դա այն դեպքում, երբ Հայաստանից դուրս մեծ թվով հայեր են ապրում: Ակցիայի մասնակիցները մտադիր են իրենց մտահոգությունները նամակի տեսքով ներկայացնել ՀՀ վարչապետի պաշտոնակատարին:
Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքի վարչության պետ Լևոն Անտոնյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ  բազմաթիվ սփյուռքահայեր միացել են նախարարությունը պահելու կոչին:
«Այս օրերին բազմաթիվ զանգեր ենք ստանում աշխարհի տարբեր երկրների հայ համայնքներից: Ներկայացուցիչները նշում են, որ նախարարությունը պետք է շարունակի իր գործունեությունը: Նախարարությունը պահելը շատ կարևոր խնդիր է: Մենք հանդիպում ունեցանք նախարարի հետ, ով փորձում է այս հարցը քննարկել ՀՀ վարչապետի պաշտոնակատարի հետ: Վաղը նախատեսվում է նման քննարկում: Մենք կարծում ենք, որ առհասարակ ինստիտուտ չունենալը բավական լուրջ հետևանք կունենա: Ի դեպ, «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում կան կետեր, որոնք առնչվում են Սփյուռքին: Սփյուռքի հետ աշխատանքի համար պետք է ունենալ ինստիտուտ, ոչ թե գերատեսչությունների առանձին բաժիններ: Մենք, Սփյուռքի հետ կապված, ունենք հստակ միասնական քաղաքականություն վարելու կարիք»,-ասաց Լևոն Անտոնյանը:
Նախարարության մի խումբ աշխատակիցներ ակցիայի մասնակիցների հետ ուղևորվեցին ՀՀ կառավարություն՝ նամակը փոխանցելու: Կառավարության շենքի մոտ ակցիայի մասնակիցներին մոտեցավ ՀՀ կառավարության քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանն, ով ընդունեց նամակը:
Մեկնաբանություններ