Հրապարակվեց: Ср, Май 29, 2019
...

Սերբիան Կոսովոյի հետ սահմանին զրահատեխնիկա և կործանիչներ է տեղակայել. լրատվամիջոցներ

Տարածել
Tags

Սերբիայի իշխանությունները մասամբ ճանաչված Կոսովոյի Հանրապետության հետ սահմանին զրահատեխնիկա են տեղակայել, հայտնում է iz.ru-ն:

Զինվորները լքել են սերբական Կրալևո քաղաքի զորանոցներն ու ուղևորվել դեպի երկրի հարավ: Բացի այդ, սահման են ուղարկվել Սերբիայի ռազմաօդային ուժերի ՄիԳ-29 կործանիչները:

Ստեղծված իրավիճակի ֆոնին Եվրոպական միությունը կողմերին կոչ է արել առավելագույն զսպվածություն դրսևորել:

Նախօրեին Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վույչիչը կարգադրել էր երկրի զինված ուժերն ու ներքին գործերի նախարարության հատուկ նշանակության զորքերը լիարժեք մարտական պատրաստվածության բերել:

Դա պայմանավորված էր Կոսովոյում տեղի ունեցած միջադեպով. մայիսի 28-ի առավոտյան Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության հյուսիսում, ըստ նախնական տվյալների, ձերբակալվել էր 13 սերբ: Կոսովոյի ներքին գործերի նախարարության հատուկջոկատայինների ստորաբաժանումները ներխուժել էին հյուսիսում գտնվող սերբական չորս համայնքների տարածք: Դրա հետևանքով  ձերբակալվել էին Կոսովոյի ոստիկանության՝ ազգությամբ սերբ ծառայողներ, քաղաքացիական անձինք:

Օրերս Վույչիչը խորհրդարանի առջև ելույթի ժամանակ կոչ էր արել չխաբել հանրությանն ու ընդունել Կոսովոյի կորուստը:

2008թ. Կոսովոն հայտարարել է Սերբիայից անկախանալու մասին: 2010թ. ՄԱԿ-ի Միջազգային դատարանը ճանաչել է ինքնահռչակ պետությունը: Այնուհանդերձ՝ աշխարհի մոտ 60 երկիր, այդ թվում՝ ՌԴ-ն, Չինաստանը, Հունաստանը, Իսպանիան, Իսրայելը չեն ճանաչել այն:

Մեկնաբանություններ