Հրապարակվեց: Пн, Апр 08, 2019
...

Սասուն Միքայելյանն ընտրվեց ԵԿՄ նախագահ

Տարածել
Tags

Երեկ Երկրապահ կամավորականների միության 12-րդ արտահերթ համագումարի ընթացքում ընտրվել է վարչության կազմը և ԵԿՄ նախագահը:

ԵԿՄ համագումարին մասնակցում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը և մի շարք այլ պատգամավորներ:

Tert.am-ի հաղորդմամբ որ համագումարին մասնակցում են ժամանակին ԵԿՄ-ից հեռացած բազմաթիվ ազատամարտիկներ:

Արտահերթ համագումարին ելույթ ունեվավ ԵԿՄ նախագահի թեկնածու, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը:

Ելույթի սկզբում Սասուն Միքայելյանը ներկաներին առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել ԵԿՄ հավերժ նախագահ, սպարապետ Վազգեն Սարգսյանի և նահատակված մարտական ընկերների հիշատակը:

Նրա խոսքով՝ ԵԿՄ ստեղծումն իր հիմքում ունեցել է մեկ հիմնական նպատակ՝ ապահովել միասնականությունը ռազմի դաշտում, միավորել բոլոր կամավորական ջոկատներին մեկ միասնական գաղափարի շուրջ: Սակայն, 1999 թ.-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը հաջորդած 19 տարիների ընթացքում, ըստ նրա՝ օրվա իշխանություններին հաջողվել է քայլ առ քայլ պառակտել ԵԿՄ-ն, ստեղծել բազմաթիվ միավորումներ, դրանք հանել միմյանց դեմ, ներքաշել կեղտոտ քաղաքական խարդավանքների մեջ:

«Երկրապահը կարող է և պարտավոր է վերադառնալ իր ակունքներին և վերականգնել իր տեղն ու դերը հայոց բանակի հզորացման, մեր պետականության ամրապնդման, Արցախի անվտանգության ապահովման և մեր համազգային նպատակների իրականացման գործում: Դա է այսօրվա մեր հրամայականը, դա է մեր սուրբ պարտականությունը մեր նահատակված ընկերների առաջ, դա է ԵԿՄ հավերժ նախագահ Վազգեն Սարգսյանի պատգամը մեզ»,- ասաց Սասուն Միքայելյանը:

Վիեննայի քննարկումներում ՀՀ և Արցախի Հանրապետության անվտանգության խորհուրդների համատեղ նիստում բարձրացված բանաձևը եղել է քննարկման հիմնական առանցքը: Այս մասին այսօր Երկրապահ կամավորականների միության 12-րդ արտահերթ համագումարին իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Տարածաշրջանում կայունություն և խաղաղություն հաստատելը չի կարող արցախյան հակամարտության երեք կողմերից միայն երկուսի կամ մեկի պարտականությունը լինել: Դա պատասխանատվություն է, որ հավասարապես կիսում են հակամարտության բոլոր 3 կողմերը: Դա ընդհանուր պատասխանատվություն է, համատեղ աշխատանք, և հենց այս գաղափարն է, որ քննարկումների սեղանին եմ դրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ տարածաշրջանում համապարփակ խաղաղություն և կայունություն հաստատելը կարևորագույն ու մեծագույն խնդիրն է, որին հասնելու համար պետք է հետևողական աշխատել՝ դրա հիմքում դնելով ճշգրիտ բանաձևեր. «Խաղաղության մեր բանաձևը բարձրացրել եմ մարտի 12-ին Ստեփանակերտում տեղի ունեցած ՀՀ և ԱՀ անվտանգության խորհուրդների համատեղ նիստում»,- ասաց նա:

«Հաջորդ խնդիրը, որ մենք առաջադրել ենք, վերաբերում է մադրիդյան սկզբունքներին: Ինչպես Ստեփանակերտում ասել եմ, նույնկերպ ասել եմ նաև Վիեննայում, որ ինձ համար, որպես բանակցային գործընթացին նոր ներգրավված մարդ, անհրաժեշտ է հստակ պարզաբանում ստանալ՝ ինչ կարող են նշանակել մադրիդյան սկզբունքները գործնականում, ինչ հնարավոր ելքերի կարող են հանգեցնել այս սկզբունքների շրջանակներում ընթացող բանակցությունները: Վիեննայում այդ հարցի հստակ պատասխանը չեմ ստացել և միայն այն բանից հետո, երբ կստանամ այդ հարցի շատ հստակ պատասխանը, մենք հստակ կհայտարարենք՝ որքանով են ընդունելի, և որքանով են անընդունելի այդ սկզբունքները մեզ համար և, ընդհանրապես, ընդունելի են, թե ոչ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նաև հայտարարեց, որ սպառնալիքներով ժողովուրդների հետ չեն խոսում՝ նկատի ունենալով Ադրբեջանի նախագահի և պաշտպանության նախարարների հայտարարությունները: «Դիմացի ժողովրդի հասցեին սպառնալիքներով հանդես եկող ցանկացած ոք սպառնալիքներով անուղղակի հանդես է գալիս նաև սեփական ժողովրդի նկատմամբ: Պատերազմի սպառնալիքին մենք պատասխանելու ենք խաղաղության օրակարգով, անհրաժեշտության դեպքում խաղաղությունը պարտադրելու օրակարգով»,- նշեց նա:

Անդրադառնալով ԵԿՄ համագումարին՝ Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ այն իսկապես կդառնա բոլոր ազատամարտիկների համախմբման համագումար, և արդյունքում կազմակերպությունը նոր շունչ և տրամադրություն կստանա: «Արցախյան պատերազմը ցույց տվեց, որ մենք ի վիճակի ենք «թղթե շերեփով աղերսողի» մեր ճակատագիրը փոխարինել «երկաթե» ձեռքով, խաղաղասեր մտքով և անպարտելի ոգով խաղաղություն պարտադրել և ոչ թե աղերսել: Խաղաղություն պարտադրել ենք մեզ պարտադրված պատերազմում, բայց պատմական այս վստահությունը մեզ ամենևին էլ ագրեսիվ և ռազմատենչ չի դարձրել»,- ասաց վարչապետը:

Սասուն Միքայելյանը միաձայն ընտրվեց Երկրապահ կամավորականների միության նախագահ:

 

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին տեղի էր ունեցել ԵԿՄ վարչության փակ նիստը, և որոշվել էր ԵԿՄ նախագահի պաշտոնում առաջադրել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանի թեկնածությունը:

Մեկնաբանություններ