Հրապարակվեց: Чт, Окт 03, 2019
...

«Սանիթեքը» գնում է արբիտրաժ

Տարածել
Tags

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել է, որ Երևանի քաղաքապետարանը միակողմանիորեն, ամբողջությամբ լուծում է «Սանիթեքի» հետ կնքած պայմանագրերը՝ միաժամանակ փորձելով թվարկել այն խախտումները, որոնք հիմք են հանդիսացել՝ նման որոշում  կայացնելու համար:

Միևնույն ժամանակ ուշագրավ է, որ քաղաքապետի հայտարարությանը գրեթե զուգահեռ արբիտրաժային դատարան դիմելու մտայնության մասին հայտարարություն է կատարել «Սանիթեք» ընկերության խոսնակ Քնարիկ Առաքելյանը:

Քաղաքապետի հայտարարությունը, իհարկե, առաջին հայացքից բավական խոստումնալից է թվում, և կարող է տպավորություն ստեղծվել, թե վերջապես Երևանին պատուհասած գերխնդիրներից մեկը, որ իր կուլմինացիոն կետին հասավ Հայկ Մարությանի պաշտոնավարման շրջանում, ուր որ է կստանա իր հիմնավոր ու վերջնական լուծումը, և քաղաքը վերջապես կազատվի աղբի ճիրաններից, փողոցներում տարածված գարշահոտությունից: Սակայն սա՝ միայն առաջին հայացքից:

Հայկ Մարությանի՝ այս փուլում «Սանիթեքից» ինչ-որ կերպ ձերբազատվելու ձգտումը, իհարկե, զերծ չէ նաև քաղաքական դրդապատճառներից: Ակնհայտ է, որ մեծ քանակությամբ աղբի առկայությունը փողոցներում բացասաբար է անդրադառնում ոչ միայն Երևանի սանիտարահիգիենիկ վիճակի, այլև գործող իշխանությունների վարկանիշի վրա: Գնալով պայմանագրի միակողմանի խզման՝ Մարությանն ակնհայտորեն հույս ունի ձերբազատվելու քաղաքը երբևիցե ղեկավարած ամենաանարդյունավետ չինովնիկի պիտակից, որը նա հաջողությամբ կարողացել է վաստակել իր՝ գրեթե մեկ տարվա գործունեության արդյունքում:

Խնդիրը, սակայն, այն է, որ ինչպես այլ դեպքերում, այս պարագայում նույնպես այսօրինակ որոշումը կարող է միայն կարճաժամկետ էֆեկտ ունենալ՝ հաշվի առնելով «Սանիթեքի»՝ արբիտրաժային դատարան դիմելու վճռականությունը, որը, պետք է խոստովանել, բավական վախեցնող է հենց Մարությանի համար:  Ընկերության ինքնավստահությունը մի տեսակ չարագույժ տպավորություն է թողնում՝ հաշվի առնելով նաև այն, որ «Սանիթեքից» ոչ մեկ անգամ է, որ հնչել են հայտարարություններ այն մասին, որ քաղաքապետարանն ըստ պատշաճի չէ, որ իրականացնում է իր պարտավորություններն ընկերության առաջ:

Մարությանի պաշտոնավարման գրեթե առաջին օրվանից ի վեր քաղաքապետարան-«Սանիթեք» հարաբերությունները ձեռք բերեցին բավական սպեցիֆիկ բնույթ՝ տեղիք տալով հաճախ միմյանց հակասող մեկնաբանությունների: Այդ հարաբերությունների շուրջ առաջացած մշուշն է՛լ ավելի սկսեց թանձրանալ այն բանից հետո, երբ ականատես դարձանք «Սանիթեքի» բավական հանդուգն պահվածքին, երբ ընկերությունն ուղղակի բոյկոտ հայտարարեց քաղաքապետարանին՝ իսպառ հրաժարվելով իրականացնել քաղաքի աղբահանությունը, մեղադրելով քաղաքապետարանին ունեցած պարտավորությունների չկատարման մեջ:  Ըստ այդմ՝ քաղաքապետարանը, փաստացի չկատարելով իր ֆինանսական պարտավորություններն ընկերության նկատմամբ (խոսքը մոտ 1 մլն եվրոյի հասնող գումարի մասին է), վերջերս ընկերությանը չվճարված միջոցներով ձեռք էր բերել աղբահանող մեքենաներ, աղբամաններ: Նկատենք, որ քաղաքապետարանի կողմից իրականացված այս քայլը հասարակությանը մատուցվեց որպես իրական ձեռքբերում, ինչը, մեղմ ասած, իրականության խեղաթյուրում է հենց միայն այն պատճառով, որ մեծ հարց է, թե այդ ձեռք բերված բարիքներն ինչ արդյունավետությամբ են ծառայեցվելու իրենց նպատակին՝ հաշվի առնելով խնդրով զբաղվողների ով լինելը:

«Սանիթեքը» հայտարարում է արբիտրաժ դիմելու մասին: Հնարավո՞ր է, արդյոք, որ երևանցիները մի օր արթնանան ու իրենց համար հանկարծ պարզեն, որ քաղաքապետարանի պատճառով ստիպված են լինելու միլիոնավոր դոլարների հասնող տուգանք մուծել սեփական կիսադատարկ գրպանից: Ո՞վ կարող է երաշխավորել, որ «Սանիթեքի»՝ արբիտրաժային դատարան դիմելու արդյունքում ի հայտ չեն գա այնպիսի սկանդալային նյուանսներ, որոնք ոչ միայն կարող են «պատռել որոշ դիմակներ», այլև պատճառ դառնալ նյութական լուրջ կորստի: Դեռ հարց է, թե որքանո՞վ կհաջողվի վերջնականապես ազատվել «Սանիթեքից», և կամ ազատվելու դեպքում քաղաքային իշխանություններին որքանո՞վ կհաջողվի իսկապես վերջակետ դնել աղբահանության խնդրին: Ի՞նչ երաշխիք, որ աղբահանության խնդիրն իր ուսերին առած քաղաքապետարանն արդյունավետորեն կիրականացնի իր այդ գործառույթն ու երևանցիներին հուսախաբ չի անի: Երաշխիքներ իսկապես չկան, քանի որ այսօր ունենք մի քաղաքապետարան, ուր որոշումներ ընդունող գլխավոր անձը փաստացի դիլետանտ է, պետական կառավարման հետ ոչ մի կապ չունեցող «հեղափոխական»:

Մեկնաբանություններ