Հրապարակվեց: Пт, Апр 05, 2019
...

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն ընդունել է Գերմանիայի ՍԴ նախագահ Անդրեաս Ֆոսկուլեին

Տարածել
Tags

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն այսօր ՍԴ շենքում ընդունել է Գերմանիայի ՍԴ նախագահ Անդրեաս Ֆոսկուլեին ու նրա պատվիրակությանը:

Հրայր Թովմասյանը ողջունել է գործընկերոջն ու նշել, որ գերմանական կողմի աջակցությամբ ընդունվել են մի շարք օրինագծեր:

«Դրանց ամբողջական ամփոփումը 2015թ. ընդունված Սահմանադրությունն էր, որի հիմքում դրված է գերմանական պետական կառավարման համակարգի մոդելը: Հաշվի են առնված հայկական առանձնահատկությունները, սա գերմանական մոդելի մեխանիկական վերարտադրությունը չէ»,- ասել է Հ. Թովմասյանը:

Ըստ նրա՝ տարբեր առիթներ են եղել գերմանական փորձագետներին հարցնելու, թե ո՞րն է գերմանական պետության զարգացման գրավականը, և նրանք առաջին կամ երկրորդ տեղում մատնանշել են դատական համակարգը:

«Ցանկացած որոշում կայացնելիս՝ բացի ներպետական օրենսդրությունը նայելուց, եվրոպական դատարանի որոշումները ուսումնասիրելուց, հաջորդ երկիրը, որի փորձն ուսումնասիրվում է, Գերմանիան է»,- ասաց Թովմասյանը:

Իր հերթին ՍԴ նախագահ Անդրեաս Ֆոսկուլեին նշեց, որ խորհրդարանական համակարգի ու Սահմանադրության կապը հարազատ են, և սա անհրաժեշտ նախապայման է, որ երկրում լինի կայունություն, բարեկեցիկ կյանք:

«Նման գործընթացները շարժման մեջ են, անընդհատ առաջ են գնում: Մեզ համար Հայաստանն օրինակելի է տարածաշրջանում, թե ինչպես կարելի է զգուշավոր քաղաքականություն վարել տարբեր հարևանների հետ»,- ասաց Ֆոսկուլեին:

Հրայր Թովմասյանն էլ կատակեց, թե խորհրդարանական կառավարման ձևին անցնելուց հետո Հայաստանում եղանակն էլ նմանվել է գերմանական եղանակին, պարբերաբար անձրևում է: «Սա առաջին քայլն է, մեզ պետք են այն ազատությունները, ժողովրդավարությունը, տնտեսական զարգացումները, որոնք կան Գերմանիայում: Հուսով եմ, որ համագործակցությունը բերելու է նման փոփոխությունների», հայտնում է Tert.am-ը:

Մեկնաբանություններ