Հրապարակվեց: Сб, Ноя 03, 2018
...

Ռ. Քոչարյանը դատարանին միջնորդել է 1in.am-ին արգելել իր վերաբերյալ հոդվածներ հրապարակել, քանի դեռ իր հայցի վերաբերյալ դատական ակտ չի կայացվել. միջնորդությունը մերժվել է

Տարածել
Tags

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Սկիզբ մեդիա» ՍՊԸ-ի՝  1in.am կայքի դեմ իր կողմից ներկայացված հայցի շրջանակներում դատարանին միջնորդել է լրատվականին արգելել մինչև դատական գործով վերջնական դատական ակտի կայացումը հրապարակել որևէ հոդված, որը կվերաբերի իրեն:

Tert.am-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչը միջնորդել է արգելել լրատվամիջոցին իր անվան հետ կապված հոդվածներ հրապարակել:

Հայցվորը հայտնել է, որ 2018 թվականի հունիս ամսին ընկերությունը հրապարակել է տարբեր հոդվածներ, որոնցում արատավորել է հայցվորի պատիվը և արժանապատվությունը, քանի որ հրապարակայնորեն ներկայացված փաստերը ամբողջությամբ չեն համապատասխանում իրականությանը:

Դատարանն արձանագրել է, որ հայցի ապահովման ինստիտուտը նպատակ է հետապնդում երաշխավորելու հետագայում ընդունվող դատական ակտի կատարումը, ուստիև հայցի ապահովման միջոցի կիրառման անհրաժեշտությունն առաջանում է այն դեպքում, երբ նման միջոց չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը:

Դատարանը նշել է, որ հայցի ապահովում կիրառելու նպատակով հայցվորը բավարար հիմնավորումներ չի ներկայացրել միջնորդություն ներկայացնող անձին էական վնաս հասցնելու հանգամանքների վերաբերյալ: Ավելին՝ հայցի ապահովման կիրառումը կարող է իրավաբանական անձի գործունեության իրականացման համար ստեղծել էական խոչընդոտներ: Հետևաբար, դատարանը գտնում է, որ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը նշված իրավակարգավորման հիմքով ենթակա է մերժման:

Դատարանի որոշման մեջ ասվում է. «Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի՝ ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊ ընկերության` զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու և զրպարտության դիմաց փոխհատուցում ստանալու պահանջների մասին, քաղաքացիական գործով հայցվորի ներկայացուցչի միջնորդությունը` հայցի ապահովում կիրառելու վերաբերյալ, մերժել: Որոշումը կարող է  բողոքարկվել»:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ նշված լրատվամիջոցի, զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու և զրպարտության դիմաց փոխհատուցում ստանալու պահանջների մասին և այդ հիմքով էլ դատարանից պահանջել է արգելել հոդվածների հրապարակումը:

Մեկնաբանություններ