Հրապարակվեց: Пт, Авг 02, 2019
...

«Ռուսաստանն օգտվում է Թրամփի անգործությունից և զենք է վաճառում Վաշինգտոնի դաշնակիցներին ու գործընկերներին». Foreign Policy

Տարածել
Tags

Ռուսաստանն օգտվում է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի անգործությունից և զենք է վաճառում Վաշինգտոնի դաշնակիցներին ու գործընկերներին՝ սեպ խրելով այդ երկրների հետ ԱՄՆ-ի հարաբերություններում, գրում է Foreign Policy-ն:

Հաղորդվում է, որ ԱՄՆ վարչակազմի ոչ միանշանակ քայլերի պատճառով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է հանգիստ ձեռք բերել ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերը՝ առանց լուրջ պատժամիջոցների վտանգի և երկկողմ հարաբերությունների խաթարման:

Պարբերականն ընդգծում է, որ Անկարայի և Մոսկվայի միջև գործարքից հետո արդյոք Սպիտակ տունը կկարողանա Վաշինգտոնի դաշնակիցներին հետ պահել այն գործողություններից, որոնք հակասում են ԱՄՆ շահերին:

Պարբերականը հավելում է, որ Սաուդյան Արաբիան, Քաթարը և Հնդկաստանը, որոնք նույնպես հետաքրքրված են ռուսական ՀՕՊ համալիրների ձեռքբերմամբ, աչալուրջ հետևում են՝ ինչպես է Թրամփի վարչակազմը պատժամիջոցներ սահմանում CAATSA («Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին») օրենքի համաձայն և գնահատում են ռուսական զենքի գնման ռիսկերն ու առավելությունները:

Հոդվածի հեղինակի խոսքով՝ ԱՄՆ-ն, ակնհայտորեն, պարտվողի կարգավիճակում է հայտնվել: Պարբերականը մանրամասնում է, որ եթե Թրամփի վարչակազմը հրաժարվի Անկարայի դեմ պատժամիջոցային ճնշումից, ապա նա կթուլացնի CAATSA օրենքը և ցույց կտա, որ Վաշինգտոնի կողմից հնչող սպառնալիքները համոզիչ չեն: Սակայն եթե ԱՄՆ-ն, այնուամենայնիվ, սահմանափակող միջոցներ ձեռնարկի, ապա դա կխաթարի հարաբերությունները Միացյալ Նահանգների և Թուրքիայի միջև, ինչը կրկին ձեռնտու կլինի Ռուսաստանին, նշում է պարբերականը:

Ավելի վաղ՝ Թուրքիային ռուսական С-400 համակարգերի մատակարարումներից հետո, ԱՄՆ-ն հայտարարել էր F-35 ծրագրից Անկարային հեռացնելու որոշման մասին: Սակայն Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարության ղեկավար Իսմայիլ Դեմիրը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն իրավական հիմքեր չունի նման միջոցի դիմելու համար:

Մեկնաբանություններ