ՌԴ նախագահը Նիկոլ Փաշինյանին առաջարկել է հետաձգել դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում առաջարկել է հետաձգել դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովը։
Այս մասին դեկտեմբերի 2-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Նիկոլ Փաշինյանը։
«ՌԴ նախագահը մեր վերջին հեռախոսազրույցի ընթացքում առաջարկեց, ասեց, որ քանի որ այսպիսի իրավիճակ է, դեկտեմբերի 6-ի ՀԱՊԿ գագաթաժողովը չանենք, որպեսզի աշխատանքային կարգով քննարկենք լուծումները, հետո նոր պատրաստի լուծումներով գնանք, և ես համաձայնեցի, որովհետեւ կարծում եմ՝ աշխատանքային ընթացակարգերով այդ հարցը լուծելը ավելի ճիշտ է»,- ասաց Փաշինյանը:
Նա նշեց, որ համաձայնություն էր եղել , որպեսզի ՀԱՊԿ-ի քարտուղարի հարցը դեկտեմբերի 6-ին քննարկվի և լուծվի:
«Բայց, քանի որ քննարկումների արդյունքում պարզվում է, որ էլի կոնսենսուս չկա՝ Աստանան նորից կրկնելը իմաստ չունի և կառուցողական չէ, պայմանավորվածությունը հետևյալն է, որ մենք կշարունակենք աշխատանքային քննարկումները, մինչեւ որևէ կոնսենսուսային լուծում գտնենք»,– ընդգծեց Փաշինյանը:
Մեկնաբանություններ