Հրապարակվեց: Пн, Ноя 26, 2018
...

ՌԴ-ին այլևս չեն հետաքրքրում պատժամիջոցները, որոնք կարող են սահմանվել Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպի պատճառով. Լավրով

Տարածել
Tags

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ իրենց այլևս չեն հետաքրքրում այն պատժամիջոցները, որոնք կարող են սահմանվել ՌԴ-ի դեմ Կերչի նեղուցի շրջանում տեղի ունեցած միջադեպի պատճառով, գրում է ТАСС գործակալությունը:

«Դա արդեն վաղուց դադարել է մեզ հուզել: Իհարկե, պատժամիջոցների սահմանումը միշտ էլ վատ է, սակայն մեզ համար բարդ է մեկնաբանել մի քաղաքականություն, ըստ որի՝ պատժամիջոցների թիրախ է դառնում այն երկիրը, որի տարածքային ամբողջականությունն է խախտվում, ինչպես երեկվա միջադեպի ժամանակ: Շատ դժվար է հույս ունենալ, որ մենք կկարողանանք ազդել մարդկանց վրա, որոնք ունեն միայն մեկ ցանկություն. նորանոր առիթներ փնտրել ՌԴ-ի դեմ ճնշումների համար», — ասել է Լավրովը:

Հիշեցնենք, որ այսօր Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն գործողության մեջ է դրել երկրի ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի որոշումը, այն է՝ երկրում ռազմական դրություն սահմանել մինչև 2019 թվականի հունվարի 25-ը: Պորոշենկոն հրամանագիրը ներկայացրել է Գերագույն ռադայի հաստատմանը:

Նոյեմբերի 25-ի առավոտյան ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է Ուկրաինայի ռազմածովային ուժերին պատկանող նավերի կողմից ռուսական ջրային սահմանի խախտման մասին: Նշվում է, որ երեք ուկրաինական նավ ուղղություն է վերցրել դեպի Կերչի նեղուց՝ նախապես նավերի անցման համար համապատասխան դիմում չներկայացնելով: Արդյունքում ռուսական կողմը բեռնանավերով փակել է նեղուցը: Բացի դրանից, ռուսական սահմանապահ նավը վնասել է ուկրաինական քարշակին, որը հետևում էր նավերի խմբին:

Այնուհետև Ռուսաստանն Ուկրաինայի ռազմածովային ուժերի գործողությունների պատճառով Սու-25 օդանավերը հերթապահության է ուղարկել Կերչի նեղուցի շրջանում:

Կիևը Մոսկվային մեղադրել է բացահայտ ագրեսիվ գործողություններ կատարելու համար: Կիևը նաև հայտնել է Ռուսաստանի կողմից իր նավերի ուղղությամբ կրակ բացելու ու նավերը գրավելու մասին:

Մեկնաբանություններ