Հրապարակվեց: Ср, Дек 26, 2018
...

Պուտինի և Լուկաշենկոյի բանակցությունները շուրջ 4 ժամ են տևել, նախագահները մինչև Ամանոր ևս մեկ անգամ կհանդիպեն

Տարածել
Tags

Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի բանակցություններն ավարտվել են: Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը, կարճատև ընդմիջումներով և ձևաչափերի փոփոխությամբ Կրեմլում անցկացված հանդիպումը մոտ 4 ժամ է տևել:

Բանակցությունները մեկնարկել են ընդլայնված ձևաչափով՝ երկու երկրի պատվիրակությունների մասնակցությամբ: Ռուսական կողմից ներկա են եղել առաջին փոխվարչապետ և ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխվարչապետ Դմիտրի Կոզակը, տնտեսական զարգացման հարցերով նախարար Մաքսիմ Օրեշկինը, ինչպես նաև Բելառուսում ՌԴ դեսպան Միխայիլ Բաբիչը: Հյուրերի կողմը նախագահից բացի ներկայացրել են փոխվարչապետներ Իգոր Պետրիշենկոն և Իգոր Լյաշչենկոն, ֆիննախարար Մաքսիմ Երմոլովիչը, ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյը և ՌԴ-ում դեսպան Վլադիմիր Սեմաշկոն:

Պատվիրակությունների կազմով բանակցությունների ավարտին Պուտինը կարճատև դադար է վերցրել՝ 15-ամյա Արսլան Կաիպկուլովին զանգահարելու համար, որի երազանքը խոստացել էր կատարել: Դրանից հետո ՌԴ ղեկավարը բելառուս պաշտոնակցի հետ զրույցը շարունակել է աշխատանքային ճաշի ձևաչափով:

Աղբյուրը նշում է, որ դիտորդների կարծիքով՝ բանակցությունների առավել սուր թեմաներից է եղել Մինսկի եկամուտների կորուստի փոխհատուցումը՝ Մոսկվայի կողմից իրականացվող հարկային մանևրի պատճառով: Ռուսական կողմին էլ անհանգստացնում են Բելառուսի կողմից դաշնակից պետության մաքսային ռեժիմի պարբերական խախտումները:

Բելառուսի նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը տեղեկացրել է, որ Ալեքսանդր Լուկաշենկոն և Վլադիմիր Պուտինը պայմանավորվել են ևս մեկ հանդիպում անցկացնել մինչև Ամանոր:

Մեկնաբանություններ