Հրապարակվեց: Пн, Ноя 05, 2018
...

Պոմպեոն հայտնել է, թե երկուշաբթի ԱՄՆ-ն Իրանի դեմ ինչ պատժամիջոցներ կսահմանի

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կիրակի Fox News-ի հետ հարցազրույցում նշել է, որ երկուշաբթի ուժի մեջ մտնող Իրանի դեմ պատժամիջոցները կներառեն ավելի քան 600 ընկերությունների եւ ֆիզիկական անձանց:

«Ֆինանսների նախարարության դեպարտամենտը պատժամիջոցների ցուցակի մեջ կընդգրկի Իրանում ավելի քան 600 առանձին անձանց եւ ընկերությունների. դրանք պետք է ազդեն իրանական ռեժիմի պահվածքի վրա: Մենք այդ հույսն ունենք: Սա է նախագահ Թրամփի վարած քաղաքականության պատճառը»,- ասել է Պոմպեոն, հայտնում է News.am-ը:
Պոմպեոն հավելել է, որ պատժամիջոցներն արդեն Իրանի տնտեսության վրա ահռելի ազդեցություն են ունեցել, քանի որ եվրոպացի գործընկերները սկսել են իրենց բիզնեսը երկրից նախօրոք դուրս բերել: «Իրանից հեռացել են հարյուրավոր ընկերություններ»,- հայտարարել է նա:
«Մենք արդեն Իրանից նավթահումքի արտահանումը կրճատել ենք օրական ավելի քան 1 մլն բարելով: Այս թիվը (իրանական նավթի մատակարարումների) կկրճատվի նաեւ հետագայում: Մի քանի երկրներ արդեն կտրուկ կրճատել են նավթի արտահանումը, մի փոքր ավելի շատ ժամանակ է պետք՝ զրոյի հասնելու համար»,- ասել է նա:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսին հայտարարել էր, որ Վաշինգթոնը դուրս է գալիս Իրանի հետ միջուկային ծրագրից: Նա նաեւ հայտնել էր Իրանի դեմ բոլոր պատժամիջոցների վերականգնման մասին, այդ թվում՝ երկրորդական, այսինքն՝ Իրանի հետ բիզնես վարող այլ երկրների դեմ: ԱՄՆ-ն օգոստոսի 7-ից կրկին գործողության մեջ է դրել Իրանի դեմ պատժամիջոցների մի մասը: Առավել էական պատժամիջոցները, որոնք ներառելու էին նավթի արտահանումը, սպասվում էին նոյեմբերի 5-ին: Վաշինգթոնը հայտարարել էր իրանական նավթի արտահանումը մինչեւ զրոյի հասցնելու նպատակի մասին եւ գնորդներին կոչ էր արել հրաժարվել այդպիսի գնումներից:
Մեկնաբանություններ