Հրապարակվեց: Пн, Ноя 04, 2019
...

Պետությունն իրավունք չուներ խրախուսելու փողոցային, անհայտ ծագման ակցիա. ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավորը՝ «ՀուԶանք ու Զանգ» ներկայացման մասին

Տարածել
Tags

Այսօր սահմանամերձ համայնքներում երեխաները երազում են գոնե մեկ տիկնիկային ներկայացում տեսնել: Պետությունն իրավունք չուներ փողոցային, անհայտ ծագման ակցիա խրախուսել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում քննարկվող՝ ծանրորդ Մել (Մելինե) Դալուզյանի մասին պատմող ֆիլմի և մետրոյի «Հանրապետության Հրապարակ»  կայարանի տարածքում իրականացված «ՀուԶանք ու Զանգ» միջոցառման՝ հասարակության կողմից չընդունվելուն:

 «Կարծում եմ միջոցառման առաջնահերթությունը տվել է Կառավարությունը՝ համապատասխան նախարարությունը: Ես չեմ կարող ասել, թե ինչու է առաջնահերթություն տրվել և ինչով է պայմանավորված սա: Նոր եմ վերադարձել Հայաստան, դեռ չեմ հասցրել հանդիպել և քննարկել հարցը»,- ասաց նա:

«Իմ գնահատմամբ՝ չարժեր ոչ մի կոպեկ ծախսել միջոցառման վրա: Եթե դա ակցիա էր, ապա պետք է անեին իրենց միջոցներով, կամ՝ չանեին: Իսկ եթե գնահատեմ 2.7 մլն դրամ հատկացնելը նրանց, պետք է ասեմ, որ կրթության և մշակույթի ոլորտում մեծ ներդրումների կարիք կա»,- նշեց պատգամավորը:

Անդրադառնալով Մել Դալուզյանի մասին պատմող ֆիլմի ֆինանսավորմանն ու նպատակին՝ Հովսեփյանն ասաց, որ նպատակն իր համար անհայտ է և առաջնային ուզում է հասկանալ, թե որպես մարզիկի՝ կենսագրական ֆիլմ է, թե  որպես սեռական փոքրամասնության:

Հովսեփյանը նշեց, որ պետք է հասկանալ, թե ո՞ւր ենք մենք գնում այդ ամենի լուսաբանմամբ, պետք է հասկանալ, թե ինչո՞ւ է պետության ամենաֆինանսատար հատվածից նման ֆիլմեր և միջոցառումներ ֆինանսավորվում:

«Իշխանության ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանը  և՛ գործով, և՛ խոսքով նշում է ազգային արժեքների և ավանդական ընտանիքների մասին: Ես դեռ չեմ հանդիպել ԿԳՄՍ նախարարի հետ, որպեսզի հասկանամ այս ծրագրերի նպատակը: Փաստացի այս տարվա հիմնական ֆինանսավորվող ծրագրերը եղել են հանրության մեծամասնության կողմից անընդունելի: Ի՞նչն է պատճառը, որ այդ թեմաներն են վերհանվում: Կպարզաբանեմ, կհասկանամ, թե ինչ դիրքորոշում կա նախարարության կողմից»,- ամփոփեց Հովսեփյանը:

Հիշեցնենք, որ շաբաթ օրը` նոյեմբերի 2-ին, մետրոյի «Հանրապետության Հրապարակ» կայարանի հարակից տարածքում տեղի էր ունեցել «ՀուԶանք ու Զանգ» ներկայացումը՝ ուղեկցվելով բախումներով: Ոստիկանությունը միջամտել էր`փորձելով կանխել բախումը: Կար նաև բերման ենթարկված:

Մեկնաբանություններ