Հրապարակվեց: Чт, Июл 11, 2019
...

Չինաստանի հետ վիզան կազատականացվի

Տարածել
Tags

ՀՀ Կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագիծը:

Հիմնական զեկուցող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը նշեց. «Չինաստանի հետ մեր միջպետական հարաբերությունները վերջին տարիների ընթացքում ունեցել են կայուն վերընթաց, զարգացման դինամիկա թե´քաղաքական, թե´տնտեսական, թե´մշակութային ոլորտներում, կողմերը փոխադարձ շահագրգռվածություն են հայտնել՝ համագործակցությունն էլ ավելի խորացնելու, հատկապես զբոսաշրջության և անձնական շփումների խթանման ճանապարհով», հայտնում է Tert.am-ը:
Նա վարչապետին ասաց, որ նրա՝ Չինաստան կատարած այցի ընթացքում է համաձայնությունը ձեռք բերվել: Արտակ Ապիտոնյանը նշեց, որ համաձայնագրի ընդունման դեպքում Հայաստանի և Չինաստանի քաղաքացիները 90 օր ժամկետով ազատվում են մուտքի արտոնագրից:
«Կարող ենք արձանագրել, որ այս տարի տուրիզմի ոլորտում շատ պոզիտիվ տեղաշարժեր ունենք: Առաջին վեց ամիսների տվյալներով՝ ՀՀ ժամանած տուրիստները 120 մլն դոլար ավելի են ծախսել, քան նախորդ տարի»,- ասաց վարչապետը և ԱԱԾ տնօրենին ու ոստիկանապետին ասաց, որ այս հարցում նույնպես իրավակարգը շատ կարևոր է երկրում զբոսաշրջիկների ինքնազգացողության համար:
«Ինչպես քաղաքացիները, այնպես էլ զբոսաշրջիկները պետք է անվտանգ զգան իրենց, և սա շատ կարևոր նախապայման է զբոսաշրջության հետագա զարգացման համար»,- ասաց նա:
Փաշինյանը ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին խնդրեց տվյալներ ներկայացնել զբոսաշրջության ոլորտից:
«Գումարի աճը 2018 թ. 2019-ի հետ համեմատած՝ սննդի կետերում 75 տոկոս աճ է գրանցել, հյուրանոցներում 32 տոկոս աճ կա, կանխիկացման գործարքների 22 տոկոս աճ կա, զբոսաշրջության գործակցություններում 32 տոկոս աճ կա և այլն»,- ներկայացրեց Ջավադյանը:
Վարչապետն ասաց. «Այստեղ կարևորն այն է, որ այդ տվյալները, որոնք ներկայացվեցին,  բավականին վստահելի են, որովհետև հիմնված են նաև արտերկրում թողարկված էլեկտրոնային քարտերի գործունեության և համակարգի համեմատությունների վրա»:
Այս ասելով՝ վարչապետը ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվեց. «Ինչո՞ւ եք խորհրդավոր ժպտում, պարոն Ջանջուղազյան»:
Ջանջուղազյանն էլ ասաց, որ միայն դա բավարար չէ, որովհետև այդ քարտերից ինքն էլ օրինակ կարող է ունենալ:
Ջավադյանն էլ նշեց, որ իր ներկայացրած տվյալները միայն այդ գործոնով չեն պայմանավորված: «Պարոն Ջանջուղազյան, ուսումնասիրություններ են արվում, ինչ քանակի զբոսաշրջիկներ են մտել երկիր: 10 գործոն է օգտագործվել, որոնցից մեկն էլ արտերկրում թողարկած քարտերն են»,- ասաց նա:
Վարչապետն էլ կատակեց. «Իսկ թե պարոն Ջանջուղազյանն ինչու արտերկրում թողարկված քարտ ունի, դա էլ առանձին հարց է, որին կանդրադառնանք»:
Ջանջուղազյանն էլ պատասխանեց. «Ես ասացի՝ կարող եմ ունենալ, բայց չունեմ»:
Արտակ Ապիտոնյանը, վերադառնալով նախագծին, ասաց, որ Չինաստանն արդեն իսկ սկսել է վիզաների ազատականացման գործընթացը: Նա նշեց, որ նախատեսվում է  մեկ ամսից ավարտել գործընթացը, իսկ ուժի մեջ է մտնելու կողմերի միջև դրա մասին տեղեկացնելու օրվանից:
Մեկնաբանություններ