Հրապարակվեց: Вт, Июн 25, 2019
...

Ուկրաինան պաշտոնապես դադարեցրել է ԵԽԽՎ-ում իր աշխատանքը. Զելենսկին ՌԴ պատվիրակության վերադարձը «հիասթափեցնող» է որակել

Տարածել
Tags

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ուկրաինայի պաշտոնական պատվիրակությունը հայտարարել է վեհաժողովում իր աշխատանքը դադարեցնելու մասին: Այս մասին հայտնել է պատվիրակության ղեկավար Վլադիմիր Արևը՝ նշելով, որ դա արվում է ի պատասխան ՌԴ պատվիրակության վերադարձի:

Ինչպես նշում է korrespondent.net-ը, բացի այդ, պատվիրակությունը դիմել է Գերագույն ռադային՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է շտապ ուսումնասիրել հետագայում ԵԽԽՎ-ին Ուկրաինայի մասնակցության հարցը:

Պատվիրակությունը դիմել է նաև նախագահին և արտգործնախարարությանը՝ կոչ անելով անհապաղ հստակ դիրքորոշում մշակել Եվրոպայի խորհրդի մարմիններում Ուկրաինայի հետագա մասնակցության վերաբերյալ:

Մինչդեռ նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին, մեկնաբանելով պատժամիջոցների մեխանիզմը չեղարկելու և ՌԴ-ն ԵԽԽՎ վերադարձնելու վերաբերյալ բանաձևի ընդունումը, ասել է, որ հիասթափված է այդ որոշումից:

«Հիասթափված եմ ԵԽԽՎ-ի՝ ՌԴ պատվիրակության լիազորություններն առանց սահմանափակումների վերականգնման վերաբերյալ որոշումից: Փորձում էի պարոն Մակրոնին (Ֆրանսիայի նախագահ) և տիկին Մերկելին (Գերմանիայի կանցլեր) համոզել, որ ռուսական պատվիրակության վերադարձը ԵԽԽՎ հնարավոր կլինի միայն այն բանից հետո, երբ Ռուսաստանը կատարի վեհաժողովի սկզբունքային պահանջները: Ցավում եմ, որ մեր եվրոպացի գործընկերները մեզ չլսեցին և այլ կերպ վարվեցին»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է նախագահը:

Նա նաև շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի պատվիրակությանը և այն պետություններին, որոնք աջակցել են ՌԴ վերադարձը թույլ չտալու վերաբերյալ Ուկրաինայի նախաձեռնությանը:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր tert.am-ը, Ռուսաստանի Դաշնության պատվիրակությունը գիշերն ընդունված բանաձևի շնորհիվ հնգամյա դադարից հետո կարող է հունիսի 25-ին լիարժեք աշխատանքի վերադառնալ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում:

Երեկ ուշ երեկոյան ԵԽԽՎ-ում քվեարկության արդյունքում ընդունվել է բանաձև, որը վերաբերում է պատժամիջոցների մեխանիզմին և ենթադրում է առանց ձայնի իրավունքի սահմանափակման ՌԴ պատվիրակության վերադարձը ԵԽԽՎ: Բանաձևն ընդունվել է ձայների 118 կողմ, 62 դեմ հարաբերակցությամբ:

ՌԴ պատվիրակության ամբողջական կազմով վերադարձին Հայաստանը մասամբ է կողմ քվեարկել: Ադրբեջանն ու Թուրքիան կողմ են քվեարկել ամբողջ բանաձևին: Դեմ քվեարկածների շարքում են Վրաստանն ու Ուկրաինան:

Հիշեցնենք, որ 2014թ. ապրիլին Դոնբասում տեղի ունեցած դեպքերի, ինչպես նաև Ղրիմ թերակղզու՝ ՌԴ կազմում ներառվելու պատճառով ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակությունը զրկվել էր քվեարկելու, դիտորդական առաքելություններին մասնակցելու, ինչպես նաև կառույցի ղեկավար մարմինների կազմում ներառվելու իրավունքներից: Դրան ի պատասխան՝ ՌԴ պատվիրակությունը հայտարարել էր, որ հրաժարվում է աշխատել նման պայմաններում:

Մեկնաբանություններ