Հրապարակվեց: Вт, Окт 30, 2018
...

Որևէ համաձայնություն ԼՂ տարածքների վերադարձի մասով երբևէ ձեռք չի բերվել. Ա. Աշոտյանը՝ Ալեքսանդր Դուգինի հայտարարության մասին

Տարածել
Tags

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի նրա բնակչության կողմից՝ միջազգային իրավական ուժ ունեցող կամարտահայտության միջոցով. սա է մեր իշխանության օրոք Մինսկի խմբի համանախագահների վերջին տարիների բոլոր փաստաթղթերում տեղ գտած հիմնարար մոտեցումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով ռուս քաղաքագետ Ալեքսանդր Դուգինի՝ ԼՂ հակամարտության կարգավորման մասին մեկնաբանություններին:

Հիշեցնենք, որ Ռուս հասարակական գործիչ, Եվրասիական շարժման ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Դուգինը, մեկնաբանելով Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակը, նշել է, որ ՀՀ նոր իշխանությունները կարգավորման գործընթացը կշարունակեն նախկին նախագահ Սերժ Սարգսյանի կառավարության օրոք ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ համաձայնեցված պայմանների հիման վրա, գրում է caucasus.artinews.ru-ն:

«Ռուս քաղաքագետ, հակահայկական դիրքորոշումներով հայտնի տխրահռչակ Ալեքսանդր Դուգինի հերթական զեղումներին չէի անդրադառնա, եթե նրանք տեղ չգտնեին նաև հայկական մամուլում:

Սերժ Սարգսյանի օրոք Հայաստանը, հավատարիմ լինելով ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահների ձևաչափին, բանակցային գործընթացում մշտապես առաջ է մղել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության խնդիրները:

Որևէ համաձայնություն տարածքների վերադարձի մասով երբևէ ձեռք չի բերվել, իսկ խնդրի հանգուցալուծումը դիտվել է բացառապես ամբողջական կարգավորման և երկարաժամկետ խաղաղություն ապահովելու գերակայություններից:

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի նրա բնակչության կողմից՝ միջազգային իրավական ուժ ունեցող կամարտահայտության միջոցով. սա է մեր իշխանության օրոք Մինսկի խմբի համանախագահների վերջին տարիների բոլոր փաստաթղթերում տեղ գտած հիմնարար մոտեցումը:

Նույն հոդվածում Դուգինը Հայաստանին և Արցախին մեղադրում է «էթնիկ զտումներ» իրականացնելու մեջ, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ամբողջ հոդվածի հիմնական նպատակն է, արդարացնելով ադրբեջանական ֆինանսավորումը, հերթական տեղեկատվական սադրանքը նախաձեռնելն է»,-գրել է Արմեն Աշոտյանը:

Մեկնաբանություններ