Հրապարակվեց: Пт, Ноя 01, 2019
Без рубрики | Հեղինակ Դիտակետ
...

Որոշել եմ դադարեցնել Երևանի կենդանաբանական այգու տնօրենի իմ լիազորությունները․ Ռուբեն Խաչատրյան

Տարածել
Tags

Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը վերջին երկու օրերին շների հարձակման հետևանքով 6 կենդանու անկումից հետո աշխատանքից ազատման դիմում է գրել։

Երևանի կենդանաբանական այգու ֆեյսբուքյան էջում տեղադրվել է Ռուբեն Խաչատրյանի ուղերձը, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Հարգելի՛ գործընկերներ, ընկերներ, բարեկամներ,
Երևանի կենդանաբանական այգու շուրջ վերջին օրերի իրադարձությունները, չհանգստացող կրքերն ու թափառող շների հարձակումները այգում պահվող կենդանիների վրա հաշվի առնելով, չբացառելով դրանում առկա մարդկային գործոնը, սակյան չխախտելով նաև անմեղության կանխավարկածը, որոշում եմ կայացրել դադարեցնել Երևանի կենդանաբանական այգու տնօրենի լիազորությունները:

Պաշտոնավարմանս 8 տարիների ընթացքում Երևանի կենդանաբանական այգին գրանցել է տեսանելի առաջընթաց, վերանորոգվել, բարեկարգվել և կառուցվել են եվրոպական չափանիշներին համապատասխանող ազատավանդակներ, ներմուծվել Երևանում երբևէ չցուցադրված կենդանիներ, բարձրացվել կենդանաբուժական ծառայությունների ստանդարտը, այգին դարձել է Եվրոպական կենդանաբանական այգիների և ակվարիումների միջազգային ասոցիացայի թեկնածու անդամ:
Թեպետ որոշումը կայացրել եմ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի առաջարկով, լիահույս եմ, որ լիազորություններիս դադարեցման արդյունքում այլևս կավարտվի կենդանիների անկումների շարանը (այդ թվում՝ թափառող շների հարձակումները), քանի որ աշխատանքիս թիրախում մշտապես ունեցել եմ կենդանիների բարեկեցությունն ու հանրային անվտանգությունը:

Պաշտոնապես հայտարարում եմ, որ մշտապես եղել եմ, և շարունակելու եմ լինել Երևանի կենդանաբանական այգու կողքին՝ որպես աջակից, ինչպես նաև քաղաքային իշխանությունների թիմակից և ընկեր՝ մշտապես աջակցելով Այգու բարեկարգման որդեգրած ուղին առաջ տանելու հարցում:

Շնորհակալ եմ քաղաքային իշխանություններին՝ ցուցաբերած վստահության համար, և է՛լ ավելի շնորհակալ իմ թիմին՝ իր աշխատանքային պարտականությունները մշտապես գերակատարելու և Կենդանաբանական այգու թռիչքաձև զարգացման ուղին որդեգրելու համար»։

Հիշեցնենք, որ երեկ շների ոհմակի հարձակման հետևանքով գրանցվել էր 3 կենգուրույի անկում, իսկ այսօր շների հարձակման զոհ էր դարձել 3 մուֆլոն։

Մեկնաբանություններ