Հրապարակվեց: Сб, Дек 01, 2018
...

«Ոչ ոք չգիտի՝ ինչ կա Պուտինի մտքին, այդ թվում՝ նաև ես». Թրամփ

Տարածել
Tags

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, անդրադառնալով Ռուսաստանի Դաշնության ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման չեղարկմանը, նշել է, որ դա «ճիշտ ժամանակին» է արել:

«Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում Թրամփը մանրամասնել է, որ Ռուսաստանի կողմից ուկրաինական երեք նավի վրա կալանք դնելը դատապարտելի է ու իրենք չեն կարող նման բան հանդուրժել, գրում է tert.am-ը:
Պատասխանելով լրագրողի հարցին առ այն, թե ինչու է Պուտինը նավերը կալանքի տակ առնելու հրաման տվել, Թրամփն ասել է.«Ոչ ոք չի կարող ասել՝ ինչ կա Պուտինի մտքին, այդ թվում՝ նաև ես»:

Թրամփի կարծիքով՝ Պուտինը գիտի՝ ինչ է ցանկանում անել, սակայն ԱՄՆ-ն չի կարող թույլ տալ, որ դա կատարվի:

«Ճիշտն ասած՝ հաշվի առնելով Ուկրաինայի հետ միջադեպը, չեմ կարծում, որ Պուտինի հետ հանդիպումը տեղին կլիներ: Բայց ամեն դեպքում մենք կհանդիպենք: Կարծում եմ՝ մենք շատ լավ հարաբերություններ ունենք ու հավատացած եմ, որ Ռուսաստանի հետ էլ շատ լավ հարաբերություններ ենք ունենալու: Նույն կարծիքին եմ նաև Չինաստանի հարցում: Դա չափազանց կարևոր է: Ուստի՝ մենք կհանդիպենք ճիշտ ժամանակին»,-եզրափակել է նախագահը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ի առավոտյան ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է Ուկրաինայի ռազմածովային ուժերին պատկանող նավերի կողմից ռուսական ջրային սահմանի խախտման մասին: Նշվում է, որ երեք ուկրաինական նավ ուղղություն է վերցրել դեպի Կերչի նեղուց՝ նախապես նավերի անցման համար համապատասխան դիմում չներկայացնելով:

Արդյունքում ռուսական կողմը բեռնանավերով փակել է նեղուցը: Բացի այդ, ռուսական սահմանապահ նավը վնասել է ուկրաինական քարշակին, որը հետևում էր նավերի խմբին:

Այնուհետև Ռուսաստանն Ուկրաինայի ռազմածովային ուժերի գործողությունների պատճառով Սու-25 օդանավերը հերթապահության է ուղարկել Կերչի նեղուցի շրջանում:

Կիևը Մոսկվային մեղադրել է բացահայտ ագրեսիվ գործողություններ կատարելու համար: Կիևը նաև հայտնել է Ռուսաստանի կողմից իր նավերի ուղղությամբ կրակ բացելու ու նավերը գրավելու մասին: Ուկրաինայի ռազմածովային ուժերի փոխանցմամբ՝ ռուս սահմանապահները նավերը կանգնեցրել են զենքի կիրառմամբ: Դրա հետևանքով վիրավորվել է 3 ուկրաինացի զինծառայող:

Մեկնաբանություններ