Հրապարակվեց: Чт, Авг 10, 2017
...

Շավարշ Քոչարյան. ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցները բացասաբար կազդեն նաև Հայաստանի վրա

Տարածել
Tags

«Ակնհայտ է, որ երբ Ռուսաստանում տնտեսության մեջ տեղի են ունենում բացասական երևույթներ, դա անդրադառնում է բոլոր հարևանների վրա»,-կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԳ նախարարի տեղեկալ Շավարշ Քոչարյանը՝ խոսելով ՌԴ-ի նկատմամբ իրականացվող պատժամիջոցներից:

Նա նկատեց, որ Ռուսաստանի ճգնաժամն ազդեց ԵԱՏՄ անդամ Հայաստանի, ոչ անդամ Ադրբեջանի, նաև դեպի Եվրամիություն գնացող Վրաստանի վրա:

«Բոլորիս համար ակնհայտ է, որ այն պետությունները, որոնք տարբեր ձևերով կախված են ու կապված Ռուսաստանի հետ՝ լինի աշխատուժ, տնտեսական հարաբերություններ, ապրանքների իրացում, տրանսֆերտներ, բնական է ազդում են: Ոչ մեկի համար գաղտնիք չէ»,-ասաց նա:

Քոչարյանն ավելացրեց, որ Հայաստանի արտաքին տնտեսական քաղաքականությունը հիմնված է եղած կապերը խորացնելու, նոր կապեր ստեղծելու վրա, կան թիրախավորված երկրներ:

«Այդ ուղղությամբ արդեն աշխատանքներ են իրականացվում»,-նշեց նա:

Անդրադառնալով «Ելք»-ի կողմից արվող՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հայտարարություններին, Քոչարյանն ասաց, Հայաստանի համար շատ կարևոր է տնտեսական բաղադրիչը:

«Այն նաև մեր ազգային անվտանգության ու այլ հարցերի հիմքն է: Դրա համար բոլորի, ում հետ ձեռնտու է, պետք է տնտեսական հարաբերություններ ունենանք: Այդ տեսակետից, նպատակն այն է, որ եղածն ամրապնդվի, նորերը ստեղծվեն»,-ասաց Քոչարյանը:

Հարցին, Իրանի հետ տնտեսական կապերը խորացնելը վտանգ չի՞ ստեղծում հայ-ամերիկյան հարաբերությունների համար, փոխնախարարն ասաց. «Ամեն երկիր իր երկրում կարող է խոսել, ներկայացնել իր պատկերացումները: Դա իրենց խնդիրն է: Հայաստանը շահագրգիռ է ամրապնդել Իրանի հետ հարաբերությունները, այդ հարցում մենք երբեք չենք նայել այլ պետությունների դիրքորոշմանը: Իրանի հետ համագործակցությունը չի վնասում հայ-ամերիկյան հարաբերություններին»:

Մեկնաբանություններ