Հրապարակվեց: Чт, Окт 31, 2019
...

«Շանտաժի փորձ». Թուրքիայի խորհրդարանի արձագանքն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ընդունած որոշումներին

Տարածել

Թուրքիայի խորհրդարանն արձագանքել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ընդունած որոշումներին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանն ու Սիրիայի հյուսիսում ռազմական գործողության համար Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը: Այս մասին տեղեկացնում է NTV թուրքական հեռուստաընկերության կայքը:

Քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցությունից բացի՝ խորհրդարանի մյուս 4 կուսակցությունների տարածած հայտարարության մեջ ասվում է. «Մենք դատապարտում ենք որոշ շրջանակների կողմից առաջ բերված և Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված թեզիսը Հայոց ցեղասպանության վերաբերյալ»:

Անդրադառնալով Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների կիրառման որոշմանը՝ խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփը որոշմանը տվել է «Շանտաժի փորձ» որակումը:

«էժանագին հաշիվներ մաքրելու փորձերը թշնամական տրամադրություններ կարող են ստեղծել»,- ասել է Շենթոփը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ է քվեարկել 405-ը, դեմ՝ 10-ը, ձեռնպահ՝ 3-ը, իսկ 14 կոնգրեսական չի քվեարկել։

Ներկայացուցիչների պալատը նույն օրը հավանություն է տվել Թուրքիայի և նրա ֆինանսական հատվածի նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը՝ կապված Անկարայի կողմից Սիրիայի հյուսիս- արևելքում իրականացված ռազմական գործողության, ինչպես նաև Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համակարգերի գնման հետ:

Մեկնաբանություններ