Հրապարակվեց: Ср, Окт 30, 2019
...

Նիկոլ Փաշինյանի հաջորդ զոհը. ո՞ւմ է խանգարում Վազգեն Մանուկյանը

Տարածել
Tags

ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը դիմել է Նիկոլ Փաշինյանին Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին պաշտոնանկ անելու պահանջով:

 «Հանրային խորհրդի կենսունակությունն ապահովելու, այդ կառույցն իր առաքելությանն ու կոչմանը ծառայեցնելու նպատակով անհրաժեշտ է օր առաջ հասնել Վազգեն Մանուկյանի հրաժարականին՝ նրան փոխարինելով հանրության կողմից իրական վստահություն վայելող այնպիսի անձով, ով կկարողանա դառնալ հանրային խնդիրների ներկայացնողն ու լուծումներ գտնողը»,- մասնավորապես գրել է Բաբաջանյանը՝ միաժամանակ Մանուկյանին պաշտոնանկ անելու իր պահանջը հիմնավորելով այն պնդմամբ, թե «վերջին ամիսներին Վազգեն Մանուկյանը քանիցս հանդես է եկել քաղաքական ընդգծված կողմնակալ հայտարարություններով». Բաբաջանյանին, մասնավորապես, դուր չի եկել անցնող ամսվա 4-ին «Վերնատուն» անունով հասարակական-քաղաքական ակումբ ստեղծելու մասին Վազգեն Մանուկյանի հայտարարությունը:

Ի դեպ, Բաբաջանյանը Factor.am-ի հետ զրույցում Մանուկյանին  մեղադրել է Նաիրի Հունանյանի իրագործած ոճիրի ձևավորմանը մասնակցելու մեջ (պատգամավորն այդ եզրահանգմանն է  եկել Հունանյանի հետ իր վերջին հանդիպումից հետո):

Իր հերթին Վազգեն Մանուկյանը, արձագանքելով իր շուրջ ընթացող պրոցեսներին, այդ ամենն ուղղակի ծիծաղելի է որակել՝ միաժամանակ հայտարարելով. «Եթե հետևում կանգնած է Նիկոլ Փաշինյանը, այդ դեպքում ինձ համար հասկանալի չէ։ Ճիշտ է՝ օրենքով վարչապետը չի կարող առաջին մեկ տարվա ընթացքում հանել Հանրային խորհրդի նախագահին, բայց բնական է, եթե ինքը կանչեր, ասեր, որ իրար հետ միասին աշխատելը չի ստացվում, ես նույն րոպեին դուրս կգայի։ Ի՞նչ իմաստ ունի այդպիսի բարդ ձևերով այդ բանն իրականացնել»:

Պետք է խոստովանել, որ Վազգեն Մանուկյանի շուրջ ընթացող այսօրինակ պրոցեսները շատ իմաստներով չեն կարող համարվել անակնկալ: Մասնավորապես` Կադաստրի կոմիտեի ղեկավար, Վազգեն Մանուկյանի փեսա Սարհատ Պետրոսյանի հրաժարականը նույնպես, ինչպես ասում են, նույն սերիայից պետք է դիտարկել: Ի դեպ, Սարհատ Պետրոսյանի՝ օրերս կատարած ֆեյսբուքյան գրառումից պարզ է դառնում, որ գործընթացներ են խմորվել, ըստ էության, դեռևս երկար ամիսներ առաջ, երբ ոմանց թույլատրվել է Սարհատ Պետրոսյանի ու իր ղեկավարած մարմնի մասին «անպատասխանատու հայտարարություններ անել»: Ըստ շրջանառվող լուրերի՝ Պետրոսյանի հրաժարականի հարցում շահագրգիռ է եղել հատկապես Տիգրան Ավինյանը:

Ինչո՞վ կարող է պայմանավորված լինել իշխանությունների ու նրանց հետ սերտ կապերի մեջ գտնվող ԱԺ պատգամավորի դեմարշը Հանրային խորհրդի նախագահի դեմ:

Իհարկե, պատճառներ կան, բայց դրանք ոչ թե օբյեկտիվ են, այլ միանգամայն սուբյեկտիվ բնույթ կրող՝ ածանցվող այն խայտառակ «նորհայաստանյան» իրականությունից, որում այժմ բոլորս ապրում ենք:

Իսկ իրականությունն այն է, որ Վազգեն Մանուկյանն այսօր իշխանությունների ու նրանց հետ ասոցացվող ուժերի կողմից ընկալվում է, այսպես ասած, առաջընթացը կանխարգելող գործոն. Մանուկյանի հայտարարությունները նույն անցումային արդարադատության, ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի և, մասնավորապես, Հրայր Թովմասյանի շուրջ կատարվողի մասին, ինչպես նաև ներկային տրվող օբյեկտիվ գնահատականներն ակնհայտորեն չէին կարող աննկատ մնալ իշխանությունների սուր աչքից. նրանք, ինչպես հայտնի է, գերզգայուն են ցանկացած քննադատության նկատմամբ և չեն կարող հանդուրժել ցանկացածին, ով կհամարձակվի տարակարծություն դրսևորել Նիկոլ Փաշինյանի հետ:

Կա, իհարկե, նաև Ստամբուլյան կոնվենցիայի ու Ամուլսարի խնդիր, որոնց լուծման ճանապարհին իշխանությունները կարող են բախվել նույն Հանրային խորհրդի դիմադրությանը, եթե դրա ղեկավարի պաշտոնում հարմար մեկը չնշանակվի, իսկ հաշվի առնելով այն, որ առաջիկայում հնարավոր է այս երկու հարցերը կրկին դառնան երկրում օրակարգ ձևավորող առաջնային թեմաներ (անցած շաբաթ ԱԺ պատգամավորները ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանի գլխավորությամբ հանդիպել էին դեպի Ամուլսար տանող ճանապարհները փակած մի շարք համայնքների բնակիչների հետ, իսկ նոյեմբերի 1-ին էլ տեղի է ունենալու ԱԺ պետաիրավական հարցերի, արտաքին հարաբերությունների և մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովների համատեղ նիստը, որին մասնակցելու են նաև Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գրասենյակի ներկայացուցիչները), հրամայական է դառնում Հանրային խորհրդի հարցերն արագորեն լուծելու խնդիրը, ինչին էլ, փաստորեն, ձեռնամուխ են դարձել իշխանություններն Արման Բաբաջանյանի ձեռքերով:

Վարդգես Սարգսյան

Մեկնաբանություններ