Հրապարակվեց: Вт, Авг 06, 2019
...

Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում հանդես եկավ համակարգային ելույթով

Տարածել
Tags

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում այսօր՝ օգոստոսի 5-ին, եռամիասնությանը նվիրված տեղի է ունեցել հավաք:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառմանը օրհնանքի խոսքով հանդես է եկել Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

Իր խոսքում Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նշել է, որ համազգային այս հավաքը տեղի է ունենում պատմական իրադարձության նախաշեմին. վաղը Ստեփանակերտում՝ Ստեփան Շահումյանի անվան մարզադաշտում, հանդիսավոր պայմաններում կազդարարվի 7-րդ Համահայկական ամառային խաղերի մեկնարկը:

«Երբ Համահայկական խաղերի համաշխարհային գործադիր կոմիտեն կազմակերպել էր իր անդրանիկ նիստը Արցախում, ես մասնակցել եմ այդ համաժողովին: Օգտվելով Արցախի Հանրապետության Նախագահի բարոյական իրավունքից՝ ես նրանց ուղղել եմ առաջադրանք-խնդրանք՝ այս խաղերը պետք է լինեն լավագույնը: Այդպիսի առաջադրանք-խնդրանք ուղղելով՝ ես նպատակ չեմ հետապնդել կասկածի տակ առնելու նախորդ ժամանակաշրջանում կայացած համահայկական խաղերը, դա ապերախտության դրսևորում չի եղել, ես այդ խնդրանքն ուղղել եմ՝ ժամանակի հրամայականից ելնելով: Պետք է նշեմ, որ համահայկական խաղերի գործադիր մարմինը՝ գործադիր նախագահի և կազմկոմիտեի մասնակցությամբ, ջանացել են՝ մեզ պարգևելու հաճելի, հետաքրքիր, գրավիչ, տպավորիչ պահեր: Այդ ներկայացումը, որին մենք մասնակից ենք լինելու, ունենալու է նաև բեմականացված հատվածներ, որտեղ նկարագրվում է՝ ովքեր են հայերը, ինչի համար են եկել այս աշխարհ, ինչ նպատակներ իրագործելու և ինչ առաքելությամբ: Ես այսօր ուզում եմ խոսել այդ առաքելության՝ Արցախին ընկած բաժնի մասին: Այս տարիների ընթացքում մենք երբևէ չենք թաքցրել, որ մեր մեջ կրում ենք հարգանք, պաշտամունք մեր նախնիների նկատմամբ: Նրանք այս դարերի ընթացքում մաքառել են, պայքարել են, շրջանցել են բազում փորձություններ, ունեցել են անկումներ ու վերելքներ և վերջապես մեզ փոխանցել են սուրբ երկիր: Նրանք նաև պատգամել են մեզ, որ այս սուրբ երկրի գերագույն արժեքը մարդն է և մարդասիրությունը»,- մասնավորապես նշել է ԱՀ Նախագահը:

Իր հերթին ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Համահայկական խաղերին ընդառաջ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հավաք կազմակերպելու նպատակն է ուղերձ հղել հայությանը, անդրադարձ կատարել մի քանի կարևոր հարցերի:

«Խոսվում է այն մասին, թե 2018-ին տեղի ունեցած հեղափոխությունը նոր իրողություններ է հաստատել ՀՀ-ում: Խոսվում է այն մասին, որ այս նոր իրողություններն իրենց ուղղակի ազդեցությունը պետք է ունենան Սփյուռքի և Արցախի կյանքի վրա: Այսօր քննարկվում է, թե ինչպիսին պետք է լինի այդ ազդեցությունը: Դրա համար նախ պետք է գնահատել հեղափոխության էությունը: 2018 թվականի իրադարձությունները կոչվում էին ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխություն: Անվանումը խոսում է այն մասին, որ ինչպես պլանավորվել էր, այնպես էլ հեղափոխությունն իրականացվեց ոչ բռնությամբ: Հեղափոխությունը ցնցումներ չբերեց որևէ ոլորտում՝ սկսած բանկային համակարգից, վերջացրած տնտեսությամբ ու քաղաքականությունով»,- ասել է Ն. Փաշինյանը:

ՀՀ վարչապետի խոսքով՝ ժողովրդական բառն ընդգծում է ժողովրդին, որը հանդես եկավ որպես հեղափոխության շահառու:

«Որ ժողովրդի մասին է խոսքը, արդյո՞ք խոսքը միայն Հայաստանի ժողովրդի մասին է: Այս հարցի պատասխանը տալիս է ՀՀ սահմանադրության նախաբանը»,-ասաց ՀՀ վարչապետը: Նա մեջ բերեց այդ հատվածը Սահմանադրությունից. «Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները, համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված Հայրենիքի հզորացմանն ու բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունն ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը՝ հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է ՀՀ սահմանադրությունը: Սահմանադրության նախաբանով արձանագրվում է, թե ով է ՀՀ-ի հիմնադիրը, ավելի արտահայտիչ՝ սեփականատերը: Արձանագրումը միանշանակ է՝ հայ ժողովուրդն է իրավատերը, իր ճակատագրի որոշողն ու պատասխանատուն: Սա մի գիտակցություն է, որը նստած է յուրաքանչյուր հայի մեջ»,- նշել է Ն. Փաշինյանը:

ՀՀ վարչապետն ընդգծել է, որ 2018 թվականի հեղափոխությունը նաև դրա ապացույցն է: Զարգացումները չսահամանափակվեցին միայն Հայաստանով: Հեռավոր քաղաքներում ապրող հայերը հրապարակային միջոցառումներով, սոցիալական ցանցերում ակցիաներով ունեցած իրեն ներդրումը:

«Շատերը եկան Հայաստան և իրենց համայնքների ներկայությունն ապահովեցին Երևանում: Իսկ ինչպիսի՞ դեր է ունեցել Արցախը: Հազարավոր արցախցիներ, ուսանողներ, քաղաքական գործիչներ ակտիվորեն ներգրավված են եղել հեղափոխության գործընթացներին: Բավական է ասել, որ ամենաակատիվ դեմքերից մեկը Ազգային անվտանգության խորհրդի ներկայիս քարտուղարը, ով հաշվառված էր Արցախում, մասնակցել է որպես Արցախի հպարտ քաղաքացի»,-ավելացրել է Ն. Փաշինյանը:

Հավաքին հաջորդել է տոնական համերգը, որն ուղեկցվել է շքեղ ծրագրով:

Մեկնաբանություններ