Հրապարակվեց: Пт, Апр 12, 2019
...

Նեթանյահուի պաշտոնավարման շարունակությունը դրական կարող է լինել հայ-իսրայելական հարաբերություններում ձեռքբերված պայմանավորվածությունների համար․ Կարեն Վերանյան

Տարածել
Tags

Tert.am-ը տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Վերանյանի հետ զրուցել է ապրիլի 9-ին Իսրայելում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների մասին: Ըստ նրա՝«Լիկուդ» կուսակցության հանրային աջակցությունն առհասարակ ավելի շուտ անձնավորված էր՝ պայմանավորված Նեթանյահուի գործոնով ու հատկապես նրա վարած արտաքին քաղաքականությամբ։

-Պարո՛ն Վերանյան, Իսրայելում խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները ցույց են տալիս, որ իսրայելցիները քվեարկել են իսրայելապաղեստինյան հարաբերությունների ներկա վիճակի օգտին, քանի որ հաղթում է գործող վարչապետ Բենիամին Նեթանյահուի ղեկավարած «Լիկուդ» կուսակցությունը: Դա կլինի Նեթանյահուի պաշտոնավարման 5-րդ ժամկետը, և նա կդառնա ամենաերկար պաշտոնավարող վարչապետը: Ձեր կարծիքով՝ ի՞նչը կարող էր դառնալ հաղթանակի գլխավոր նախապայմանը, ի՞նչն է նպաստում հաղթանակին:

— Իհարկե, Իսրայելի բնակչության համար կարևորագույն նշանակություն ունեն պաղեստինա-իսրայելական հակամարտությունը, անվտանգային հիմնահարցերը։ Դա երևում էր նաև նախընտրական պայքարում, որտեղ առանցքային թեմաներից մեկը, եթե ոչ ամենաառանցքայինը՝ հակամարտությունն ու անվտանգությունն էր։ Մյուս կողմից, սակայն, չեմ կարծում, որ ճիշտ է այն ձևակերպումը, ըստ որի իսրայելցիները իրենց քվեն տալիս են «Լիկուդ» կուսակցությանը՝ միայն ելնելով հակամարտության կարգավորման հարցում այդ կուսակցության ու նրա առաջնորդ Նեթանյահուի քաղաքական դիրքորոշումից։

Այստեղ, թերևս, պետք է հաշվի առնել նաև Նեթանյահուի՝ որպես առաջնորդի ու քաղաքական գործչի գործոնը՝ անկախ կուսակցական պատկանելիությունից։ Կարևոր հանգամանք էր նաև այն, թե ովքեր էին Նեթանյահուի հիմնական մրցակիցները։ Շրջանառվում է հիմնականում Իսրայելի գլխավոր շտաբ նախկին պետ Բենի Գանցի անունը, որը քաղաքական ֆիգուր չէ։ Կարծում եմ, որ վերջինս շատ ավելի լուրջ մրցակից կարող էր լինել Նեթանյահուի համար, եթե ունենար քաղաքական փորձառություն ու գործիչ։ Բացի այդ, պետք է նշել, որ «Լիկուդ» կուսակցության հանրային այս աջակցությունն առհասարակ ավելի շուտ անձնավորված էր՝ պայմանավորված Նեթանյահուի գործոնով ու հատկապես նրա վարած արտաքին քաղաքականությամբ։

Նեթանյահուի ղեկավարման տարիներին Թրամփը որոշում կայացրեց Երուսաղեմը ճանաչել Իսրայելի մայրաքաղաք, որին հետևեց ԱՄՆ դեսպանությունը Թել-Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու Վաշինգտոնի որոշումը։ Իսկ վերջերս Թրամփը որոշում ստորագրեց, որով Գոլանի բարձունքների նկատմամբ ճանաչեց Իսրայել պետության սուվերեն իրավունքը։ Ըստ էության, այդ որոշումները Իսրայելի պետականության և անվտանգության տեսանկյունից ունեն խիստ անկյունաքարային նշանակություն, ինչը էական ազդեցություն ունեցավ Իսրայելի հրեա բնակչության շրջանում Նեթանյահուի նկատմամբ հանրային վստահության բարձրացման հարցում։

— Ըստ նախնական հաշվարկների՝ մրցակիցներից  «Կապույտ-սպիտակ» կուսակցության հավաքած ձայները տոկոսային հարաբերակցությամբ շատ քիչ են տարբերվում վարչապետի գլխավորած ուժից: Կարո՞ղ ենք ասել, որ այնուամենայնիվ,  Նեթանյահուի գլխավորած կառավարությունից դժգոհությունը մեծ էր, և նրա հաղթանակը «մազից է կախված»:

-Առհասարակ, այդ երկրում կարծեք թե ավանդույթ է դարձել, երբ կառավարությունները ձևավորվում են կոալիցիաներով, և որևէ քաղաքական ուժ չի ստանում բացարձակ հանրային աջակցություն։ Այդ առումով, օրինաչափ պետք է համարել նաև այս արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները։  Մյուս կողմից, սակայն, հանրությունը ցանկանում էր երկրի քաղաքական դաշտում տեսնել փոփոխություններ, նոր կերպարներ, նոր առաջնորդներ ու ուժեր։ Նկատենք, որ Նեթանյահուն վարչապետի պաշտոնը զբաղեցնում է 2009թ. սկսած, և այդ համատեքստում հանրային պահանջը հասկանալի է դառնում։

— Իսրայելը Մերձավոր Արևելքում կարևոր խաղացողներից է: Ի՞նչ են ցույց տալիս ընտրությունները, ի՞նչ քաղաքականություն է որդեգրվելու նրա կողմից այսուհետ տարածաշրջանում:

— Չեմ կարծում, որ այս խորհրդարանական ընտրությունների արդյունքները էական փոփոխություններ են բերելու Մերձավոր Արևելքում Իսրայելի քաղաքականությունում։ Իհարկե, կլինեն քաղաքական դիրքորոշումներում շեշտադրումների տեղաշարժեր, բայց ոչ երբեք դիրքորոշման փոփոխություն։ Դժվար չէ նկատել, որ վերջին տարիներին Մերձավոր Արևելքում Իսրայելի արտաքին քաղաքականության մեջ մեծացել է ամերիկյան գործոնի դերը։ Դա են հաստատում Իսրայել-ԱՄՆ երկկողմ համագործակցության բավական բարձր մակարդակը, Թրամփի՝ վերը հիշատակված որոշումները։

Դրանք վերահաստատում են, որ, մասնավորապես Իրանի հարցում թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Իսրայելի դիրքորոշումները և վարած քաղաքականությունը  կոշտացել են, դարձել են ավելի կտրուկ։ Կարծում եմ, որ եթե Նեթանյահուին հաջողվի անընդմեջ պաշտոնավարել վարչապետի պաշտոնում, իսկ նրա շանսերը բավական բարձր են, ապա դա թույլ կտա իսրայելական կողմին, հետևաբար և՝ Վաշինգտոնին շատ ավելի ամուր դիրքերից խոսել Իրանի հետ։

Ավելին, բավական բարձր են նաև Թրամփի շանսերը հաղթելու ԱՄՆ 2020թ. նախատեսվող նախագահական ընտրություններին։ Հավելեմ, որ նախագահ Թրամփը արդեն քանի ամիս է աշխատում է պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման փաթեթ-առաջարկի ուղղությամբ, որը հետաձգվեց Իսրայելում արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ կապված։ Ըստ իս, այդ ընտրություններից հետո իսրայելա-ամերիկյան տանդեմը առաջնակարգ նշանակություն են տալու այդ փաթեթի իրականացման գործընթացին։ Սա կարող է նոր լարվածություն բերել Մերձավոր Արևելք, քանի որ ըստ իս, փաթեթ-առաջարկը մեղմ ասած հավասարապես հաշվի չի նստելու հակամարտող կողմերի շահերի հետ։

-Ի՞նչ եք կարծում, հայ-իսրայելական հարաբերությունների զարգացման հեռանկարը կախված է նաև ընտրությունների արդյունքներից, թե՞ Հայաստանը Իսրայելի ցանկացած իշխանության համար դիտարկվելու է նույն կերպ:

-Չեմ կարծում, որ ընտրությունների արդյունքները որևէ կերպ կարող են պայմանավորել հայ-իսրայելական հարաբերությունները ու դրանց զարգացման հեռանկարները։ Բայց կցանկանայի նշել, որ վերջին ամիսներին հայ-իսրայելական հարաբերություններում նկատվող ակտիվության միտումները, որտեղ խոսվում է նաև ռեզիդենտ դեսպանների փոխանակման հարցերի, ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի՝ Իսրայել հնարավոր այցելության մասին, ընթացել են Նեթանյահուի վարչապետության շրջանում։ Այդ առումով, Իսրայելում վերջինիս պաշտոնավարման շարունակությունը, թերևս, դրական կարող է լինել հայ-իսրայելական երկկողմ հարաբերություններում ձեռքբերված պայմանավորվածությունների ընթացքը բարեհաջող շարունակելու համար։

 — Ի՞նչ սպասել մասնավորապես Նեթանյահուի  իշխանությունից հայ-իսրայելական հարաբերությունների զարգացման համատեքստում:

-Ինչպես արդեն նշեցի վերևում, վերջին շրջանում երկկողմ հարաբերություններում նկատվում է հստակ ակտիվություն, որտեղ ենթադրում են պրագմատիզմի որոշակի տարրեր։ Նախկինում կողմերը նույնպես ձեռք են բերել պայմանավորվածություններ, անգամ ստորագրվել են համագործակցության համաձայնագրեր տարբեր ոլորտներում, սակայն որպես կանոն, դրանց իրականացման արդյունավետությունը բարձր չի եղել։ Այժմ տեսանելի են քայլեր, որոնք կարող են ունենալ հստակ կիրառական նշանակություն և որակապես նոր մակարդակի բերել հայ-իսրայելական հարաբերությունները։

Մեկնաբանություններ