Հրապարակվեց: Пт, Май 31, 2019
...

Նարինե Թուխիկյանին ԱԺ-ում կփոխարինի Արթուր Հովհաննիսյանը

Տարածել
Tags

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսօր հայտարարել էր, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Խաչատուրյանը (Թուխիկյան) պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։

ԱԺ խոսնակը հիշեցրեց, որ ըստ «ԱԺ կանոնակարգ» օրենքի, եթե մանդատից հրաժարված պատգամավորը մեկ շաբաթվա ընթացքում գրավոր դիմումով հետ չի վերցնում իր դիմումը, ապա ԱԺ նախագահը հանդես է գալիս հայտարարությամբ, ինչի վերաբերյալ խորհրդարանի կայքում կազմվում է համապատասխան արձանագրություն։

Նարինե Թուխիկյանին, ըստ «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակի, փոխարինելու է Արթուր Հովհաննիսյանը:

2018 թ. դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ Նարինե Թուխիկյանը ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել էր Երևանի թիվ 4 ընտրատարածքում, որն ընդգրկում է Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն համայնքները և հավաքել էր 759 ձայն: Սակայն, Նարինե Թուխիկյանը պատգամավոր էր ընտրվել համամասնական ընտրակարգով, քանի որ ցուցակի 20-րդ համարն էր:

Համամասնական ցուցակում Նարինե Թուխիկյանին հաջորդող Արթուր Հովհաննիսյանը 82-րդն է: «Իմ քայլի» համամասնական ցուցակի 21-81-րդ տեղերում գտնվող պատգամավորի թեկնածուներն այժմ կա´մ գործադիրում, կա´մ օրենսդիրում տարբեր պաշտոնների են:

ՀՀ կառավարության տեղեկատվական ՊՈԱԿ-ի անդամ Արթուր Հովհաննիսյանը, պատասխանելով Tert.am-ի հարցին՝ վերցնելու եք պատգամավորական մանդատը, թե ոչ, ասել էր. «Այս պահին միայն կարող եմ ասել, որ ցուցակով հաջորդը ես եմ»:

Մեկնաբանություններ