Հրապարակվեց: Пн, Июн 03, 2019
...

Նախագծով փորձում ենք կարգավորել փորք ՀԷԿ-երի ջրօգտագործման ոլորտում թույլտվությունների տրամադրման և մերժման հիմքերը, ժամկետները. Է. Գրիգորյան

Տարածել
Tags

ԱԺ-ն քննարկում է «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» կառավարության կողմից ներկայացված նախագիծը։

Tert.am-ի հաղորդմամբ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը նշեց, որ նախագծով փորձում են կարգավորել փորք ՀԷԿ-երի ջրօգտագործման ոլորտում թույլտվությունների տրամադրման և մերժման հիմքերը, նաև կարգավորում է ջրավազանային կառավարման պլաններ ունեցող և չունեցող տարածքներում ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման ժամկետները։

«Նախաձեռնությամբ առաջարկվում է արգելել որոշակի գետահատվածներում և գետերում ջրօգտագործման թույլտվությունը, մասնավորապես, այն գետերը, որտեղ առկա են ՀՀ  Կարմիր գրքում գրանցված կամ տարածքին բնորոշ՝ էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայրեր, այն գետերը, որոնց ծանրաբեռնվածությունը դերիվացիոն խողովակներով 40 տոկոս և ավելի է, նաև այն գետերը, որոնց վրա կան ջրաչափական դիտակետեր և նախատեսվող ջրառի և ջրահեռացման նիշերը շրջանցում են ջրաչափական դիտակետերը»,-ասաց նա։

Բացի այդ, ըստ նախարարի՝ նաև նախատեսվում է այն գետահատվածները, որտեղ կարգելվի թույլտվության տրամադրումը, մասնավորապես, հատուկ պահպանվող տարածքների պահպանման գոտիներում, բնության հուշարձանների 150 մետր շառավղով հարակից տարածքներում, ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիներում, գետերի հոսքի ձևավորման տարածքներում, գետահատվածներում, որտեղ առկա են սողանքային տարածքներ, ինչպես նաև անտառային հողերում կամ տարածքներում, որտեղ շինարարական տարածքին մոտեցող ճանապարհներ կառուցելու նպատակով առաջանում է ծառեր հատելու անհրաժեշտություն, բացառությամբ ՀՀ անտառային օրենսգրքի 20-րդ հոդվածով նախատեսված պետական անտառային հողերում աշխատանքների իրականացման համաձայնության առկայության դեպքերի:

Էրիկ Գրիգորյանը նշեց, որ ջրավազանային կառավարման պլան չունեցող տարածքներում ջրօգտագործման թույլտվության գործողության ժամկետը չի կարող 5 տարուց ավելի լինել, բացառությամբ հիդրոէլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստանալու նպատակով տրամադրվող ջրօգտագործման թույլտվությունների:

Նախարարը նաև տեղեկացրեց, որ նախագիծը դրական եզրակացություն է ստացել։

Մեկնաբանություններ