Հրապարակվեց: Пт, Ноя 23, 2018
...

«Մոգերինին մի փոքր չափն անցել է». Չավուշօղլուն՝ ՄԻԵԴ-ի որոշման վերաբերյալ եվրոպական դիվանագիտության ղեկավարի կոչի մասին

Տարածել

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ նախօրեին Անկարա ժամանած Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին «մի փոքր իր չափն անցել է», երբ խոսել է քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության նախկին առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշին բանտից անհապաղ ազատելու վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի մասին:

Ինչպես գրում է թուրքական demokrathaber.org կայքը, Չավուշօղլուն հայտարարել է, որ ՄԻԵԴ-ի որոշումը ոչ թե իրավական, այլ քաղաքական է, և իրենք չեն պատրաստվում ընդունել այն:

«ՄԻԵԴ-ն այն վայրը չէ, որտեղ կարելի է քաղաքականությամբ զբաղվել», — ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը:

Ըստ նրա՝ Թուրքիան իրավունք ունի չընդունելու կայացված վճիռը, և կան օրինակներ, երբ այլ երկրներ նույնպես կյանքի չեն կոչել ՄԻԵԴ-ի վճիռը:

Նշենք, որ Թուրքիա-Եվրամիություն բարձր մակարդակի հանդիպման համար Թուրքիա ժամանած Մոգերինին, մեկնաբանելով Դեմիրթաշի վերաբերյալ ՄԻԵԴ-ի որոշումը, նշել էր, որ իրենք ակնկալում են, որ քրդամետների նախկին առաջնորդը շուտով ազատ կարձակվի և Թուրքիան նույն մոտեցումը ցույց կտա նաև բանտում հայտնված այլ քաղաքական գործիչների նկատմամբ:

Հիշեցնենք, որ ՄԻԵԴ-ի կայացրած որոշման համաձայն՝ Դեմիրթաշի կալանավորման համար ներկայացված հիմքերը բավարար չեն: Նա պետք է ազատ արձակվի, մինչդեռ Թուրքիայի իշխանությունները 10.000 եվրոյի չափով բարոյական և 15.000 եվրոյի չափով դատական ծախսերի փոխհատուցում պետք է վճարեն նրան:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իրենք չեն ընդունելու կայացված որոշումը:

Մեկնաբանություններ