Հրապարակվեց: Вт, Фев 05, 2019
...

«Մեր պաշտոնական բանակցությունները դեռևս չեն մեկնարկել, մենք պարզապես հանդիպում ենք ու կարծիքներ փոխանակում». ՀՀ վարչապետը «Դոյչե Վելե»-ին պատմել է Ալիևի հետ հանդիպումներից (տեսանյութ)

Տարածել
Tags

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել գերմանական հանրային հեռարձակող «Դոյչե Վելե»-ին՝ խոսելով մի շարք հարցերի՝ այդ թվում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին:

Լրագրողը հետաքրքրվել է՝ ինչ են տվել Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումներն ու արդյոք այդ հարցում որևէ տեղաշարժ կա, հայտնում է Tert.am-ը:

«Գիտեք՝ սա միայն նախնական գործընթաց է, նախնական խոսակցություններ: ԼՂ հարցով մեր պաշտոնական բանակցությունները դեռևս չեն մեկնարկել: Մենք պարզապես հանդիպում ենք ու զրուցում, կարծիքներ փոխանակում բանակցային գործընթացի, դրա պատմության վերաբերյալ: Մենք և, առհասարակ, ոչ ոք անգամ հույս չենք ունեցել, որ մեր այդ շփումների ընթացքում կլինեն ինչ-որ հստակ տեղաշարժեր: Այժմ արտգործնախարարները (Հայաստանի, Ադրբեջանի) աշխատում են մեր հավանական հանդիպման նախապատրաստման ուղղությամբ, որպեսզի այն ավելի հասկանալի լինի կողմերի համար՝ ինչ և ինչպես ենք քննարկելու: Սակայն այս հակամարտությունը հնարավոր չէ լուծել առանց որոշ շատ հստակ հարցերին լուծում տալու»,-ասել է վարչապետը՝  մանրամասնելով, որ խոսքը նրա մասին է, որ ինքը բանակցային գործընթացում չի կարող ներկայացնել Արցախը:

Ընդհատելով Փաշինյանի խոսքը՝ լրագրողը նկատել է, որ նրա դիրքորոշումը նման է Կրեմլի այն տեսակետին, որ Ուկրաինան պետք է բանակցի Դոնբասի անջատողականների հետ և որ ՌԴ-ն այդ ամենի հետ կապ չունի ու չի կարող ազդել այդ մարդկանց վրա:

Սակայն վարչապետը հակադարձել է՝ նշելով, որ երկու իրավիճակները համեմատելի չեն:

«Չեմ կարծում, որ Դոնբասում ու ԼՂ-ում իրավիճակների միջև կարող են ինչ-որ զուգահեռներ լինել: Դա իրականություն է՝ ԼՂ-ն ունի իշխանություն, այնտեղ անցկացվում են ընտրություններ, այնտեղի բնակիչներն ինձ չեն ընտրել ու ինձ իրենց ներկայացնելու մանդատ չեն տվել:

Նրանք ունեն իրենց ներկայացուցիչները, որոնք էլ պետք է սեփական ժողովրդին ներկայացնեն բանակցային գործընթացում»,-ասել է Փաշինյանը:
Մեկնաբանություններ